Բաքու գնալը չի բացառվում
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | November 16, 2010 2:52Ալմա Աթիում այս ամսվա սկզբին կայացած Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) և Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության համաժողովների նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, քանի որ ընտրվելու էին այդ կազմակերպությունների ղեկավարները: Համաժողովներին մասնակցած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին խնդրեցինք վերադարձից հետո տեղեկացնել, թե ինչ է կատարվել Ղազախստանում:
– Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ 196 երկրներից մասնակցում էին միայն 105-ի պատվիրակները: Բանն այն է, որ համաժողովից առաջ ԱԻԲԱ-ի գործկոմը որոշում էր կայացրել զրկել մասնակցության իրավունքից այն երկրների բռնցքամարտի ֆեդերացիաներին, որոնք չեն մուծել անդամավճարը: Դա մեծ իրարանցում էր առաջացրել: Սակայն տեղում նոր վճիռ կայացվեց, որ թույլատրվի համաժողովին մասնակցել շուրջ երեք տասնյակ երկրների ներկայացուցիչների: Այդպիսի բացառություն արվեց այն երկրների ֆեդերացիաների համար, որոնք վերջին մի քանի օրերին մուծել էին անդամավճարը: Սակայն այդ երկրների ֆեդերացիաները համաժողովին մասնակցեցին առանց քվեարկելու իրավունքի: Ի դեպ, քվեարկությունն էլ միայն համակարգիչների միջոցով էր կատարվում, և չէր հրապարակվում, թե ով ինչպես է ձայն տվել: ԱԻԲԱ-ի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն մնացել էր այդ կազմակերպության նախագահ, Թայ Պեյի ներկայացուցիչ Կու Վուն: Սկզբում այդ պաշտոնը զբաղեցնելուն հավակնում էր նաև Անգլիայի ներկայացուցիչ Պոլ Քինգը, սակայն համաժողովը համարել էր, որ ինչ-որ բան չի համապատասխանում, և նրան չէին թույլատրել, որ մնա որպես այդ պաշտոնում ընտրվելու երկրորդ թեկնածու:
Այսպես, առանց այլընտրանքի կրկին նախագահ դարձավ Վուն: Ամեն մայրցամաքից ընտրվեց մեկական տեղեկալ:Նախկինում ամեն մայրցամաքից երկու տեղեկալ էր լինում: Եվրոպայից այդ պատվին արժանացավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Հոմբերտ Ֆուրղոնին: Նա մեխանիկորեն դարձավ նաև Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության նախագահ: Ֆուրղոնին մեր լավ բարեկամն է, և սերտ է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կապը թե՛ Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության, թե՛ Ֆրանսիայի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Այս տարի Ֆրանսիայի հավաքականի բռնցքամարտիկները Հայաստան էին եկել մեր երկրի ներկայացուցիչների հետ մարզվելու և մրցամարտ անցկացնելու համար, այժմ էլ մերոնք են նույն նպատակով ուղևորվելու Ֆրանսիա: Իմ թեկնածությունը առաջադրվեց ԱԻԲԱ-ի գործկոմի կազմում ընդգրկվելու համար, սակայն ընդամենը մեկ ձայն չբավականացրեց: Անկեղծորեն, մեծ աշխատանք չէի կատարել, որպեսզի այդ պաշտոնում ընտրվեմ: Թերևս դա իմ բացթողումն էր:
– Այդպես էլ ոչ մի մարմնում չընտրվեցի՞ք:
– Իմ թեկնածությունն առաջադրվել էր Եվրոպայի համադաշնության նախագահի տեղակալ ընտրվելու համար, սակայն ես ինքնաբացարկ հայտարարեցի: Պատճառն այն էր, որ եթե նախկինում նախագահի 9 տեղակալ էր, որոնց թվում նաև ինքս եմ եղել, ապա այժմ պետք է ընտրվեր միայն երկու մարդ: Ես հրաժարվեցի` հայտարարելով, որ առաջարկում եմ սատարել Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Մուրովին: Այդ երկրի ներկայացուցիչների հետ լավ հարաբերությունների մեջ ենք, և սխալ կլիներ, որ բռնցքամարտի համարում ունեցող Ռուսատանի ներկայացուցիչը պատասխանատու որևէ պաշտոն չզբաղեցներ եվրոպական կազմակերպությունում: Թերևս դա ճիշտ քայլ էր, քանի որ պետք էր ավելի հեռուն մտածել:Դրանից հետո ընտրվեցի այդ կազմակերպության գործկոմի կազմում: Ի դեպ, ինձ շնորհվեց Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության ամենաբարձր պարգևը` ոսկե շքանշան: Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության գործկոմի առաջին նիստը կայանալու է հունվարին՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:
– Նախկինում Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները գերակշռում էին բռնցքամարտի միջազգային կազմակերպություններում:Հիմա՞ էլ նույն վիճակն է:
– Թուրքիայի ներկայացուցիչ Ջաներ Դագանելին, որը նախկինում մի շարք պատասխանատու պաշտոններ է վարել միջազգային կազմակերպություններում, նույնպես ընտրվեց Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության գործկոմի կազմում: Նույնպիսի պատվի արժանացավ նաև Ադրբեջանի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սուլեյման Միքայելովը: Իմ հաշվարկով` իմ ընտրության ժամանակ ինձ ձայն են տվել Թուրքիայի, Ադրբեջանի ներկայացուցիչները, և ես ամենից շատ ձայներ էի հավաքել: Հաջորդ ընտրությունները կայանալու են չորս տարի հետո:
-Հայաստանում օլիմպիական վարկանիշային մրցաշար կազմակերպելու մասին խոսք չեղա՞վ:
– Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կայանալու է Ստամբուլում: Իսկ օլիմպիական վարկանիշային համարվող ամենամեծ ստուգատեսը` Աշխարհի առաջնությունը, կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դժգոհություն է հայտնել ԱԻԲԱ-ին, այդ նամակն ուղարկվել է Ալմա Աթիում կայացած համաժողովներից առաջ: Տեղեկացվել է, որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք այդ երկու երկրների հետ: Վուն ասաց, որ նամակը ստացել է, և հնարավորը կարվի, որ Հայաստանի ներկայացուցիչների համար որևէ լուծում գտնվի: Հնարավոր է, որ մերոնց վարկանիշ տրամադրվի առանց Բաքվում աշխարհի առաջնությանը մասնակցելու: Բայց չի բացառվում նաև, որ Հայաստանի հավաքականը լրջորեն նախապատրաստվի և մասնակցի այդ ստուգատեսին: