f

Անկախ

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ


Լիանան երկու երեխաների մայր է՝ մանկապարտեզի տարիքի և դպրոցահասակ։ Տևական ժամանակ է, փորձում է աշխատանք գտնել։ Դեռևս անարդյունք։ «Մի քանի անգամ հարցազրույցների վերջին փուլին հասել եմ։ Հարցրել են՝ երեխաներ ունե՞մ, հնարավո՞ր է, որ դա խանգարի աշխատանքին։ Պատասխանել եմ, որ երեխաներին առավոտյան 8։30 դպրոց և մանկապարտեզ պետք է տանեմ, հետո միայն աշխատանքի գամ։ Ասել են՝ որոշում կկայացնենք, կզանգենք։ Եվ ոչ մի անգամ չեն զանգել»,- ասում է նա։ 

Լիլիթն էլ պատմում է․ «Մի քանի տարի առաջ մի հաստիքի համար էի  դիմել, հարցազրույցների փուլերն հերթով անցա։ Գրեթե վստահ էի, որ աշխատանքն իմն է, մնչև այն պահը, երբ տնօրենը տեղեկացավ, որ նոր եմ ամուսնացել։ Այլևս չզանգեցին։ Կարճ ժամանակ անց նորից թափուր տեղի հայտարարություն տվեցին»։

ՀՀ-ում բնակչության 52 տոկոսը կանայք են, բնականաբար՝ պոտենցիալ աշխատուժի կեսը ևս կանայք են։ Բայց աշխատում է աշխատունակ տարիքի կանանց միայն 64 տոկոսը։ Իսկ թե ինչ դժվարությունների գնով են ընտանիք և երեխա ունեցող կանայք համատեղում երկուսը, անվերջանալի պատմությունների շարան է․ ամեն մեկը գտել է լուծման իր տարբերակը։ 

Սոցիոլոգ, տնտեսագիտության թեկնածու Արմինե Մխիթարյանն «Անկախի» հետ զրույցում ասում է՝  հետազոտություններով ապացուցված է՝ եթե երկիրը ցանկանում է, որ ՀՆԱ աճը զուգորդվի ծնելիության աճի հետ, պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի կանայք կարողանան համատեղել երեխայի խնամքը և աշխատանքը։ «Պետք է մտածենք, թե ինչ անել, որպեսզի երեխա ունենալուց հետո կանայք չկորցնեն իրենց տեղը, դիրքը, մրցունակությունն աշխատաշուկայում»,- ասում է նա։ 

Մխիթարյանը, անդրադառնալով օրենսդրական կարգավորումներին, ասում է՝ հավասար իրավունքների առումով խնդիր չունենք, խնդիրն այդ ամրագրված իրավունքների իրացման և  հավասար հնարավորությունների դաշտում է։ 

«Միայն օրենքները բավարար չեն հավասար հնարավորությունների ապահովման հարցում։ Պետք են լրացուցիչ քայլեր,- ասում է Մխիթարյանը։-  Տատիկների ինստիտուտը շարունակում է մնալ որպես մեր հիմնական աջակցության միջոցը՝  մայրիկներին երեխայի խամքը կազմակերպելու հարցում օգնելու համար։ Բայց մեր օրերում տատիկներն իրենք էլ երիտասարդ են, աշխատում են ու չեն ուզում աշխատանքը կորցնել, նաև ֆինանսական ապահովության խնդիր կա։ Հույսը դնել միայն տատիկի ինստիտուտի վրա ճիշտ չէ։ Պետությունն այս առումով պարտավորություններ ունի և պետք է մի շարք քայլեր ձեռնարկի»։ Որպես առաջնային քայլեր՝ փորձագետը նշում է բոլոր համայնքերում մսուրներ ունենալը, դայակների ինստիտուտը զարգացնելը, ճկուն աշխատաժամեր սահմանելը, եթե աշխատանքի բնույթը նման հնարավորություն ընձեռում է։ 

 «Խոսքը  կրճատ աշխատաժամերի մասին չէ, քանի որ դա նշանակում է աշխատավարձի  նվազում։ Պետք է կարևորվի արդյունքը, ոչ թե աշխատաժամանակը։  Տնից աշխատանքի հնարավորությունն էլ կարևոր է, բայց սա ունի նաև իր ռիսկերը, քանի որ տնից աշխատող կինը կրկնակի, եռակի ծանրաբեռնվածության տակ է՝ աշխատանքի է,  բայց զուգահեռ նաև տնային գործերն է անում, երեխաների խնամքով զբաղվում։ Բայց սա էլ տարբերակներից մեկն է երեխաների խնամքը և աշխատանքը համատեղելու համար»,- ասում է նա։ 

Մխիթարյանը շեշտում է՝ աշխատանքային օրենսգրքում վերջին փոփոխությունների արդյունքում առաջընթաց ունենք, բայց կան նաև բաց կետեր։  «Օրենսգիրքը մինչև երկու տարեկան երեխային կերակրելու համար ժամեր է սահմանում աշխատող կնոջ համար։ Բայց խնդիրն այն է, որ աշխատավայրում այդ նպատակով պայմաններ պետք է ստեղծվեն, այլապես ժամանակը չի բավարարի, եթե ծնողը տուն գնա և գա։ Մեկ այլ խնդիր է, թե ով և ինչպես է կազմակերպելու երեխային օրական մի քանի անգամ բերել-տանելը։ Լավագույն տարբերակը աշխատավայրում խնամքի սենյակներ ունենալն է»,- ասում է նա։

Փորձագետը նաև ընդգծում է՝ օրենսգիրն արտոնություններ է սահմանում մինչև 2 տարեկան երեխա ունեցող աշխատող կանանց համար, սակայն խնդիրները սկսվում են 2 տարեկանից հետո։ «Հատկապես լուրջ խնդրի են բախվում տարրական դասարանի երեխա ունեցողները, քանի որ դասերն ավարտվում են ժամը 12-ին։ Երկարօրյա խմբակները, եթե կան, ավարտվում են լավագույն դեպքում 4-ին, մինչդեռ աշխատաժամանակն ավարտվում է 6-ին։ Աշխատող ծնողների երեխաները զրկված են նաև արտադպրոցական կրթության հնարավորությունից»,- ասում է Մխիթարյանը։ 

Փորձագետը շեշտում է՝ տարիների աշխատանքի արդյունքում  պետական մակարդակում խնդրի գիտակցումը կա, հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվում են, որոնք, սակայն, բավարար չեն։«Հավասար հնարավորությունների ապահովման հարցում պատճառաբանվում է գումարների բացակայությունը։ Կարծում եմ՝ խելամիտ պլանավորման դեպքում դա լուծելի հարց է, եթե մենք ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, ապա պետք է գումարներ գտնենք։ Եթե ոչ, մենք կունենանք միայն տնտեսական աճ, կամ միայն ծնելիություն։ Կարծում եմ՝ մենք չենք ուզում աղքատությունն ավելացնել։ Ուզում ե՞նք, որ խելացի և կայացած մայրիկները շատ  երեխաներ ունենան, ոչ թե  պետական նպաստների հույսին մնացած կանայք։ Եթե այդպես ենք ուզում, այդ հարցերը պետք է առաջնահերթություն դառնան,- ասում է Մխիթարյանը և հավելում։-  Ցավոք, առաջնահերթություն չէ։ Կա ընկալում, որ կինը նախ և առաջ երեխաների խնամքով և ընտանեկան պարտականություններով պետք է զբաղվի։ Եթե չի հասցնում, թող չաշխատի։  Մի կողմ թողնենք կանանց ինքնաիրացումը և կայացումը։ Զուտ պրագմատիկ տեսանկյունից՝  մեկ աշխատավարձով ինչպե՞ս է այդ ընտանիքը գոյատևելու, եթե կինը չաշխատի»։ 

Խոսելով միջազգային փորձից՝ Մխիթարյանն ասում է, որ զարգացած երկրներում աշխատանքի տեսչությունները չափորոշիչներ են մշակում, որոնք հնարավորություն չեն տա գործատուին խտրականություն կիրառել երեխա ունեցող կանանց նկատմամբ։ Նա շեշտում է՝ տեսչությունը միայն ստուգելու և պատժելու համար չէ, այն նաև պետք է լինի ուսուցանող և աջակցող կառույց․  «Գուցե գործատուն էլ չի հասկանում, որ խտրականություն է ցուցաբերում, և  կրթվելու կարիք ունի»։ 

Մխիթարյանն ասում է՝ կոնկրետ որևէ երկրի փորձ չենք կարող վերցնել և կիրառել Հայաստանում, բայց կարող ենք ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը և, հաշվի առնելով մեր առանձնահատկությունները, տեղայնացնել այն կարգավորումները, որոնք կարող են աշխատել մեզ մոտ։ 

Մյուս կարևոր քայլն, ըստ Մխիթարյանը, չվճարվող, վերարտադրողական աշխատանքը գնահատելն է։ «Երբ ընտանիքի անդամը երեկոյան  գալիս է տուն,  պետք է հանգստանա, որ հաջորդ օրն  արտադրական աշխատանքով զբաղվի։ Կա նաև վերարտադրողական աշխատանք՝  լվացք, սննդի պատրաստում, ընտանիքի անդամների խնամք, ընտանեկան հոգս։ Քանի դեռ այդ  վերարտադրողական աշխատանքն  աշխատանք չենք համարում և ասում ենք՝  սա կնոջ պարտականությունն է, հավասար հնարավորությունների ապահովման առումով սա մեծագույն խոչընդոտ է»,- ասում է փորձագետը և որպես օրինակ շեշտում՝ քանի դեռ մեր պատուհանը մենք ենք լվանում, մեր պարտականությունն է, բայց հենց ուրիշին ենք դրսից հրավիրում,  որ գա լվանա, դառնում է վճարվող աշխատանք։

Մխիթարյանը շեշտում է՝ միջազգային պրակտիկայում վերարտադրողական աշխատանքն էլ է դիտարկվում որպես աշխատանքային ստաժ, բայց այլ գործակիցներով։ Իսկ օրինակ՝ Կանադայում  անգամ փորձում են ՀՆԱ մեջ հաշվարկել վերարտադրողական, չվճարվող աշխատանքը։ 

«Եթե կինն  այդ ամենը չանի, ինչպե՞ս է ընտանիքը գոյատևելու։ Հայաստանի պարագայում դժվար թե ընտանիքները կարող են իրենց թույլ տալ դրսում սնվել, մաքրուհի կանչել և վճարովի դասապատրաստման ուղարկել երեխաներին։ Ուստի պետք է սկսել ընտանեկան պարտականությունները բաշխելուց։ Եվ պետությունն այստեղ անելիք ունի՝  հնարավորինս մատչելի հանրայնացնելու  այդ գաղափարները»։ 

Փորձագետը կարևորում է նաև, որ պետությունը պայմաններ ստեղծի, որպեսզի ֆիզարձակուրդում գտնվող կանայք անվճար վերապատրաստվելու և մասնագիտական կարողությունները զարգացնելու հնարավորություն ունենան, որպեսզի այդ երկու տարվա ընթացքում չկորցնեն իրենց մրցունակությունն աշխատաշուկայում։ 

«Միայն հավասար հնարավորություններն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հավասար արդյունքների ապահովմանը։ Առայժմ դեռևս մեծ անելիքներ ունենք հավասար հնարավորությունների ապահովման առումով»,- ասում է նա։ 

 

անկախ կին աշխատանքային օրենսգիրք խմբագրի ընտրանի Արմինե Մխիթարյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին