Tovgeneal տելեգրամյան ալիքը հիշեցրեց հետևյալ, ինպես ինքն է ասում, սոսկալի անեկդոտը ռուսների, հրեաների ու հայերի մասին: Ահա այն:
Հայրենական մեծ պատերազմ, գերմանացիները նոր համակենտրոնացման ճամբար են կառուցում, պարիսպը դրել են, բայց բարաքները դեռ չեն կառուցել, իսկ գերիները շատ-շատ են, պետք է նրանց ինչ-որ կերպ տեղավորել: Փոսեր են փորել և բոլորին լցրել դրանց մեջ: Ժամանում է Հիմլերը տեսուչների հետ, տանում են փոսերի մոտ, իսկ այնտեղ երեքական մարդ է նստած, շուրջը՝ ինքնաձիգներով զինվածների օղակը շների հետ: Հիմլերը հարցնում է.
- Ինչո՞ւ երեքական և այսքան շատ պահակներ:
- Այստեղ ռուսներն են, եթե երեք հոգուց ավելի տեղավորենք, նրանք պարտիզանական ջոկատ կստեղծեն:
Գնում են ուրիշ փոսի մոտ, այնտեղ շատ մարդիկ են նստած, շուրջը՝ զինվածների երեք օղակ, շները, իրենց ճղելով, հաչում են, 5 մետրը մեկ՝ դիտանոց աշտարակ հրանոթով, լուսարձակները լուսավորում են փոսն ու շրջակայքը: Հիմլերը զարմացած.
- Իսկ այստե՞ղ ովքեր են:
- Այստեղ հրեաներն են:
- Իսկ ինչի՞ համար են այսքան շատ պահակները:
- Գիտե՞ք ինչ, եթե մեկնումեկին հաջողվի դուրս գալ, նա մնացածներին կտանի իր հետևից:
Գնում են հաջորդ փոսի մոտ: Այնտեղ լռություն է, ո՛չ պահակներ կան, ո՛չ շներ, բայց մարդիկ սուսուփուս նստած են: Հիմլերն էլ ավելի զարմացած.
- Իսկ այստե՞ղ ովքեր են նստած:
- Այստեղ հայերն են:
- Բա ինչո՞ւ պահակներ չկան, չեք վախենո՞ւմ, որ կփախչեն:
- Ոչ, ռայխսֆյուրեր, չենք վախենում: Հենց որ մեկը գլուխը բարձրացնի, մյուսները նրա ոտքերից ցած կքաշեն:
Պարզվում է՝ մի մոռացված անեկդոտ շատ համառոտ ու շատ դիպուկ կարող է բացատրել, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում և ինչու: Երկարաշունչ քաղաքական վերլուծությունների կարիք, որոնցով ողողված են այսօր ԶԼՄ-ներն ու սոցցանցերը, բնավ չկա:
Տավուշցիները փակել են ճանապա՞րհը, ընդվզո՞ւմ են: Հետո՞ ինչ: Ո՞ւր է այն շարասյունը Երևանից ու Հայաստանի մյուս մարզերից, որ վաղուց այնտեղ պիտի հասած լիներ: Չկա: Հայասպան նիկոլ-ալիևը և նրա տիկնիկավարները լավ գիտեն, թե ում հետ ինչ պետք է անել: Եվ անում են… անարգել: Որովհետև հարմար նստած ենք փոսի մեջ:
Երկու օրից Եղեռնի զոհերի հիշատակի օրն է: Պատահական համընկնո՞ւմ: Վեց տարի առաջ մեզանում «առաջնորդ» հայտնվեց և հայտարարեց, որ եկել է փրկելու մեզ կոռռւպցիայից: Ոչ ոք նրա ոտքերից ցած չքաշեց: Ամբոխը համախմբվեց, հավաքվեց նրա շուրջը և ճիշտ այս օրը գահընկեց արեց պետության գլխավորին, որպեսզի ծնծղաներով իշխանության բերի իր «փրկչին»: Կոռուպցիայից մարդիկ, իհարկե, չազատվեցին, փոխարենը հիմա սիրահոժար հարկեր են մուծում մի խումբ ներքինիների շքեղ կյանքի համար, փոխարենը ստացան Արցախի կորուստ ու նոր սահմանագծում, փոխարենը քայլ առ քայլ, մաս-մաս «ազատվեցին» իրենց հողերից, եկեղեցիներից, հուշարձաններից, տունուտեղից, դաշտերից, սարերից, ճանապարհներից, ծառերից, իրենց ազատությունից ու անվտանգությունից, զավակների ապագայից, նույնիսկ կարծիք հայտնելու և հիշողություն ունենալու իրավունքից, վերջապես արժանապատվությունից, առհասարակ ժողովուրդ և ազգ լինելու իրավունքից:
Կասկած չկա, որ մի հոծ բազմություն, ինչպես միշտ, սովորության ուժով, կշտապի ծաղիկներ դնել Եղեռնի զոհերի հուշարձանին: Բայց ո՞վ, հիմա ո՞վ դրա իրավունքը ունի, եթե այսպես, առանց իսկ կրակոցի հանձնվում ենք, եթե պետության գլխին ենք թողնում մեկին, որը ժխտում է Ցեղասպանությունը: Երկրորդն աշխարհում ցեղասպանողից՝ թուրքից հետո: Ուրեմն ի՞նչ հիշատակ ենք պահելու՝ գնալով հուշարձանին, ի՞նչ ենք մրմնջալու անմեղ զոհերին, որ եղեռնը շարունակվո՞ւմ է, բայց այժմ արդեն ներքին թշնամո՞ւ, սեփական ձեռքերո՞վ:
Լուռ նստած ենք փոսի մեջ, ո՛չ պահակներ կան, ո՛չ հաչող շներ… Գլխավորը՝ ոչ ոք հանկարծ գլուխը չբարձրացնի: Լավ տեղավորված ենք՝ քաջ գիտակցելով, որ այսպես շարունակվելու դեպքում վաղը մեր անփառունակ վախճանի հիշատակի օր էլ չի լինելու. թուլակամ ինքնասպանները լավագույն դեպքում մնում են անհիշատակ: