f

Անկախ

ՀՈՂ ՉՏԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ


1996-ի վաղ գարնանը, տամուկ ու սրսփուն օրով գնում էինք Կարս` Ազգային ժողովի պատվիրակությանը ճանապարհելու Անկարա: Ինչպես հին ու մոռացված ժամանակներում՝ Գյումրիով անցանք սահմանը, եւ մեր երթը հուզախռով էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք անցնում այդ ճանապարհով եւ առաջին անգամ էինք տեսնելու Կարսը, որտեղ Չարենցը թողել էր Կարինե Քոթանջյանին եւ իր տունը գետափին` շինած անտաշ քարով:

Մեր ուշադրությունն այնքան սեւեռ էր տեսանելի ամեն ինչի հանդեպ, որ չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Կարսի օդակայան, որտեղ մեզ ուղեկցող թուրքական անվտանգության եւ ոստիկանության աշխատողները հրավիրեցին օդակայանի պետի սենյակ` մի բաժակ թեյի: Թալին անունով Պոլսում ծնված թարգմանչուհին, որ Կարսում թուրք ինժեների կին էր, հրաշալի էր խոսում արեւմտահայերեն եւ փորձում էր մեզ համար տաք ու հարազատ մթնոլորտ ստեղծել:

Ես թեյ չեմ սիրում, սուրճ էլ ոչ ոք չառաջարկեց, ուստի դռների մոտ նստած, մեկուսի ծխում էի` հետեւելով երկուստեք քաղաքավարի զրույցին, երբ մեր վարորդներից մեկը կիսաբաց արեց դուռը եւ ինձ հրավիրեց դուրս: Նա ինձ ցույց տվեց ձեռքի մոմլաթե տոպրակը եւ շինարարությունից առաջացած սեւահողի հսկայական բլուր եւ ասաց, որ ուզում է մի բուռ հող վերցնել, տանել, շաղ տալ իր պապի գերեզմանին: Պապը ծնունդով կարսեցի է եղել, բայց ոստիկանները թույլ չեն տալիս:

Ես կատակեցի` այ տղա, երեւի իրենք մեր պատմական հողերն են հասկացել, ոչ թե մի բուռը, եւ իմ հերթին դուրս հրավիրեցի Թալինին, որ բացատրվենք: Ոստիկաններն ուշադիր լսեցին եւ ասացին` ո՛չ, հող չի կարելի տանել: Մի քիչ հետո կմտնեք Կարս, խանութներում ամեն ինչ կա, գնեք՝ ինչ ուզում եք: Ոստիկանը խոսում էր հանգիստ, նույնիսկ բարեկիրթ, բայց միջադեպն այնքան անսպասելի էր, որ ես ցնցված էի, ու չկար ոչ մի ասելիք…

Պատվիրակությունը ճանապարհելուց հետո մենք գնացինք Կարս, տեսանք Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին, Կարսի հին բերդը: Նույնիսկ ինչ-որ ռեստորանում խմեցինք ու երբ շատ խնդրեցինք, մեզ թույլ տվեցին տեսնել Անին… Մեզ հետ էր նաեւ իմ Անի աղջիկը, որ համբուրում էր մեր կիսավեր եկեղեցիների պատերն ու լաց լինում՝ մեզ հսկող ոստիկանների զարմացած հայացքների ներքո։

Դժվար օր էր։ Բոլորս առաջին անգամ էինք Անին տեսնում։ Անի աղջիկս լաց էր լինում, մենք՝ տղամարդկանցով, մեր ներսում էինք լալիս։

Ես հնագույն աշխարհների բազմաթիվ հուշարձաններ էի տեսել, բայց դրանցից ոչ մեկը կիսավեր Անիի տպավորությունը չէր թողնում։ Դա զարմանալի մեծ քաղաք էր՝ շրջապատված անառիկ պարիսպներով, որոնց վրայով նույնիսկ ինքը՝ Արեւելքի մեծ զինվոր Լենկ Թեմուրը, երկու անգամ փորձեց ու չկարողացավ անցնել։ Եվ Բագրատունյաց վագրը մնաց մենակ, բայց կանգուն, ափսոս, սակայն, քանդված-թալանված մայրաքաղաքը հսկելու։

Վագրը, սակայն, մեղավոր չէր։ Մեղքն անցյալում էր, երբ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը՝ անհասկանալիորեն սուրբ հռչակված, Անին ոսկով վաճառեց Բյուզանդիային՝ այդ նույն վագրի հայացքի տակ։ Չգիտեմ՝ ինչպես էր վագրը նայում Անիի հզորության օրերին, սակայն մեր օրը տխուր էր վագրը…

Իմ հող, իմ երկիր, իմ վագր… մտածում էի ես, երբ հեռվում մնացող մեծ քաղաքի վրա անձրեւ էր գալիս։

Եվ երբ արդեն վերադառնում էինք, սահմանի մոտ նույն ոստիկանը ժպիտով ինչ-որ բան ասաց հող ուզող վարորդին, որը թուրքերեն գիտեր: Հարցրի` ի՞նչ ասաց, վարորդը երկար լռեց, հետո պատասխանեց. ասում է` մեքենաների անիվներին ցեխ է կպել, տար պապիդ գերեզմանին շաղ տուր:

Հետո պատվիրակությամբ վերադարձանք տուն…

Բայց ես մի բան սովորեցի՝ հող չտալու … արվեստը։

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ֊ԳՈՒԼԱՆՅԱՆ

էսսե Մերուժան Տեր-Գուլանյան արևմտյան Հայաստան Թուրքիա Հայաստան խմբագրի ընտրանի

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին