Վերջին 4 ամիսներին 67 դատական գործ է հարուցվել ճանապարհային ոստիկանության դեմ

ՄԱՐԴԻԿ | | May 26, 2009 18:22

«Իրավական օգնություն ճանապարհին» ծրագրի շրջանակներում փետրվարի 1-ից մայիսի 17-ը վարորդների դիմումի հիման վրա 67 դատական գործ է հարուցվել ճանապարհային ոստիկանության դեմ, որոնցից 16-ը վճռվել է հօգուտ վարորդների, ևս 35 գործ ընթացքի մեջ է. այս մասին այսօր հայտնեց «Աքիլլես» հկ տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանը:

Ծրագրի շրջանակներում գործող թեժ գիծը`(010) 27 57 44 հեռախոսահամարով, փետրվար-մայիս ամիսներին ստացել է 950 զանգ, 23-ի դեպքում հկ-ի իրավաբանները մեկնել են ճանապարհատրանսպորտային պատահարի վայր, 21 անգամ էլ իրավաբանները մասնակից են դարձել վարորդ-տեսուչ փոխհարաբերությունների կարգավորմանը:

Հովհաննիսյանն առանձնացնում է վարորդների իրավունքների խախտման հետևյալ դեպքերը` տրանսպորտային միջոցներից պետհամարանիշներն անօրինական կերպով հանելը, վարորդական վկայականն ապօրինաբար վերցնելը: «Պետհամարանիշը հանելուց մեքենայի վրա գրություն են թողնում, ըստ որի` համարանիշը ստանալու համար պետք է գնալ Թաիրով 14 հասցեով (փոսի գայի), ընդ որում առանց մեքենայի, քանի որ առանց պետհամարանիշի մեքենա վարելու համար նախատեսված է 100 000 դրամ տուգանք»,-ասում է Հովհաննիսյանը`ավելացնելով, որ վերջին 4 ամսվա ընթացքում 57 նման դեպք է գրանցվել:

Հովհաննիսյանի խոսքերով` հաճախ դատարան են դիմում 3000 կամ 5000 դրամ տուգանվածները• «Նման մարդիկ այնքան վիրավորված են լինում իրենց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից և համոզված, որ անարդարացի կերպով են տուգանվել, որ ուզում են դատարանի միջոցով արդարությունը վերականգնել: Մինչև հիմա ընդամենը 2 գործ ենք տանուլ տվել, սրանք այժմ Վճռաբեկ դատարանում են քննվում»:

Հովհաննիսյանը նշում է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ վարորդը կամ ոստիկանը լավ չգիտեն ճանապարհային երթևեկության կանոնները• «Ինչպե՞ս կարելի է վարորդական իրավունք տալ մարդուն, ով չգիտի, թե որքան է Երևանում մեքենաների թույլատրված առավելագույն արագությունը: Ոստիկաններն էլ երբեմն տուգանքներ են նշանակում` իրենք էլ չիմանալով, թե որ նորմերի խախտման համար»:

Դիտվել է 1745 անգամ:
Print Friendly

Leave a Reply