ԱԱԾ-ից տեղեկատվություն ստանալու ոդիսականը

ԷՍՍԵ | | November 4, 2010 13:16

Ենթադրում եմ, որ Ամերիկան հայտնագործած չեմ լինի, եթե ասեմ, որ լրագրողն ամենօրյա տեղեկատվական փնտրտուքների մեջ է, և շատ հաճախ առիթ է լինում դիմել այս կամ այն պետական կառույց՝  պատշաճ նյութի համարում ունենալու հոդված պատրաստելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:

2003 թ. Հայաստանում ընդունվել է «Տեղեկատվության  ազատության մասին» (ՏԱ) օրենքը, որի համաձայն` պետական կառույցը պարտավոր է 5-օրյա ժամկետում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ավաղ, սակայն, զուր են հույսերը նվաստիս: Ազգային անվտանգության ծառայությունից Բագրատաշենի սահմանային անցակետի իրավիճակի մասին  (որի ենթակառուցվածքն է անցակետը) պարզաբանում ստանալու փորձը վերածվեց զավեշտի:

Այս ամառ՝ օգոստոսին, երբ առիթ կար Վրաստան գնալու, ականատես եղա Բագրատաշենի անցակետի վերահսկողությունից դուրս իրավիճակին: Այդ մասին հոդված է տպագրվել «Անկախում»: Դեռևս օգոստոսի վերջին  պարզաբանումներ փորձեցի ստանալ ԱԱԾ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Օրեր տևող անհաջող փորձերից հետո, վերջապես, երբ զանգահարեցի այլ համարով,  հեռախոսալարի մյուս  ծայրից ասացին, որ վարչության պետն արձակուրդում է, և ճիշտ կլինի, որ նա պատասխանի հարցերին:

Երբ պետը արձակուրդից վերադարձավ, խորհուրդ տվեց նամակ պատրաստել  ԱԱԾ տնօրենի անունով: Նամակը գրվեց, որում «Անկախի» լրագրողը խնդրում էր հարցազրույց նշանակել լիազոր մարմնի հետ, ով կարող էր պարզաբանել, թե ինչու, օրինակ, հասարակ քաղաքացին պիտի 3.5 ժամ սպասի բնավ չվերահսկվող հերթում, իսկ շքեղ մեքենաները կողքից ու արտահերթ հատեն սահմանը:

Սեպտեմբերի 16-ին նամակը ԱԱԾ ընդունարանում թողնելուց և շաբաթներ անց պատասխան չստանալուց հետո կրկին զանգեցի ԱԱԾ հասարակայնության հետ կապերի վարչություն: Վարչության պետ Արծվին Բաղրամյանն ասաց, որ տնօրենի անունով մուտք արված նամակները հետո  մակագրվում են համապատասխան բաժին, որտեղ էլ քննարկում ու տալիս են նամակի պատասխանը:

Ըստ ՏԱ օրենքի,  եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Հոկտեմբերի վերջին, երբ արդեն պարզ էր, որ ոչ մի պատասխան էլ չկա, գնացի ԱԱԾ ընդունարան, որտեղ թողել էի նամակը: Ընդունարանի աշխատակցուհին չափազանց սիրալիր զանգահարեց համապատասխան բաժին, որտեղ նրան ասացին, թե նամակը սեպտեմբերի 19-ին ուղարկվել է Բագրատաշենի սահմանային անցակետ. «Կարող եք գնալ և վերցնել ձեր հարցազրույցը»:

Փաստորեն, ըստ ԱԱԾ ընդունարանի աշխատակցի, նամակն ուղարկվելէ  Բագրատաշեն, ու վերջ: Գործն արված է: Եթե ուզում եք, կարող եք գնալ: Իհարկե,  հարցն այն  չէ, թե ոնց պիտի իմանայի նամակի ճանապարհորդության մասին, ամենայն հավանականությամբ, ենթադրվում է, որ երազ պետք է տեսած լինեի: Կամ, եթե գնայի այնտեղ, ինչպե՞ս պիտի հավաստեի, որ «վերևից» իրենց նամակ է մակագրվել,  եթե մանավանդ հարցազրույցը տար, ասենք, անցակետի այն աշխատողը, ում հետ գործ ունենալու առիթ արդեն ունեցել եմ (տե՛ս «Անկախի» նույն համարը):

ԱԱԾ մամուլի խոսնակ Բաղրամյանն ի պատասխան ասաց, որ նամակը ստանալուց հետո այնտեղ անպայման ինչ-որ գործողություններ ձեռնարկվել են իրավիճակը շտկելու համար: «Հնարավոր է, որ հարցազրույցը մերժվել է, սակայն այնտեղ ինչ-որ գործողություններ կատարվել են»,- ասաց նա ու իմանալով, որ նամակի ոդիսականի մասին հրապարակում է լինելու, խոստացավ, որ կզանգահարի տեղի հրամանատարին, որպեսզի «միջնորդի՝ զանգով հարցազրույց հաջողացնելու համար»:

Պարոն Բաղրամյանը հաշվի չառնելով, որ ԱԱԾ-ն  «մոռացել է» տեղյակ պահել  ընթացքի մասին, ամենայն հավանականությամբ ենթադրում է, որ նամակն այնքան կշիռ ունի, որ ստանալուն պես անցակետում անմիջապես շտկվել են բոլոր անկարգությունները:

Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն «Անկախին» ասաց, որ սա  ՏԱ օրենքի կոպիտ խախտում է, որի լավագույն ձևը խնդիրը իրավական հարթությունում լուծելն է: «Բացի այդ, հնարավոր է, որ նամակը ԱԱԾ տնօրենին  չի էլ հասել,- ասաց նա,- որտեղի՞ց գիտեք, թե ինչ է եղել նամակը ընդունարանում  թողնելուց հետո: Ձեզ որևէ պաշտոնական գրություն եկե՞լ է»:

Օրենքը նման դեպքում նախատեսում է 10-50 հազար դրամ վարչական տույժ, եթե իհարկե դիմողը համապատասխան հայցով մտնի դատարան ու 4 հազար դրամ պետտուրք մուծելուց հետո զինվի ծով համբերությամբ:

Դոյդոյանն ասաց, որ վերջին երեք տարիների ընթացքում կենտրոնը դատարան է դիմել  27  գործով, որից 75 տոկոսի դեպքում բավարարվել է դիմող կողմի՝ տեղեկատվություն ստանալու պահանջը: Եվ ընդամենը մեկ դեպք է եղել (2009 թ. հուլիսին), երբ Ելփինի գյուղապետարանը ենթարկվել է 50 հազար դրամ վարչական տույժի:

Սակայն իրավիճակն անմխիթարական է ոչ միայն ԱԱԾ-ում:  «Անկախի» տարիուկես գոյության ընթացքում չի հաջողվել որևէ տեղեկություն ստանալ ՊԵԿ-ից,  ուղղակի ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները չափազանց դիվանագիտորեն են հիմնավորում մերժումը և ակնհայտորեն լավ տիրապետում են մարդու գլխի տակ փափուկ բարձ դնելու տեխնիկային:

Իսկ մշակույթի նախարարությունից արվեստի ստեղծագործություններ ներկրելու մասին տեղեկություն ստանալու մոտ մեկամսյա փորձը, որը համառ ջանքերից հետո, այնուամենայնիվ, պսակվեց հաջողությամբ, ուղեկցվում էր լրատվական բաժնի երկարատև անպատասխան զանգերով: Մի անգամ էլ մոտ 5 րոպե տևող զանգից հետո հեռախոսալարի մյուս կողմից լսվող «ալոն» դժգոհության այնպիսի ալիք հաղորդեց, որ խոսափողի միջից պարզ երևաց, որ «աղջիկը կողքի կաբինետում սուրճ էր խմում»:

Հասկանալի է, որ եռամսյա հնություն  ունեցող նամակի համար «Անկախը» չի մտնի դատարան, քանի որ եռամսյա վաղեմության տեղեկատվությունն այլևս կարող է ժամանակավրեպ լինել, մանավանդ որ իրավական ոլորտում էլ իրավիճակն ավելի լավը չէ: Սակայն ինչպե՞ս անել, որ օրենքը գործի:

Դոյդոյանն ասում է, որ տվյալ դեպքում օրենքի աշխատել-չաշխատելը կախված է լրագրողներից. «Եթե նրանք պահանջեն տեղեկատվությունն ու գնան մինչև վերջ, դրանից իրավիճակն աստիճանաբար կուղղվի, սակայն շատ քիչ լրագրողներ են գնում դրա հետևից: Հիմնականում նրանք բավարարվում են լրատվականի աշխատակցի հետ ինչ-որ մակերեսային հարցի մասին մեկնաբանություն ստանալով»:

Դիտվել է 1856 անգամ:
Print Friendly

Leave a Reply