Հայաստանում զբոսաշրջությունը 2.8% աճ է արձանագրել, բայց Վերնիսաժը դատարկ է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 8, 2009 18:47

զբոսաշրջիկներԶբոսաշրջության զարգացման հայկական գործակալության տվյալներով՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիների թիվն այս տարվա առաջին եռամսյակում 2.8 %-ով աճել է (85 000 մարդ)` 2008–ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Գործակալության մարքեթինգի տնօրեն Սյուզաննա Ազոյանի խոսքով՝ 2008 թ. հանրապետություն են ժամանել մոտ 600 000 զբոսաշրջիներ, 2007-ին` մոտ 511 000: Ազոյանը նշում է, որ տուրիստական շուկայում փոփոխություններ են նկատվում. մեծացել է տարածաշրջանի երկրներից՝ հատկապես Իրանից զբոսաշրջիկների հոսքը՝ շուրջ 17,4%, իսկ Ֆրանսիայից` 10,8%, ԱՄՆ–ից` 5,8%։

Այն, որ ամբողջ աշխարհում այս ոլորտն անկում է ապրում, բայց մեզ մոտ հակառակն է, Ազոյանի կարծիքով` «պատճառն այն է, որ եվրոպացիների գրպանի համար մեզ մոտ բավական մատչելի են գները, ժամանցն էլ տարբերվում է»։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` Հայաստան այցելող զբոսաշրջիկների 62.2 տոկոսը ծագումով հայեր են:

«Զշբոսաշրջիկներ ունենում ենք նաև Գերմանիայից, Իտալիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից, ովքեր գալիս են մեր մշակութային արժեքները տեսնելու, ուխտագնացությունների համար, հաճախ՝ արկածներ փնտրելու»,-ասում է Ազոյանը:

Զբոսաշրջիկ Օլգա Դայսը գրեթե ամեն տարի Հայաստան է գալիս Գերմանիայից, արդեն հայերեն խոսում է և համարյա բոլոր մշակութային կոթողները տեսել է: «Մնացել է Տաթևի վանքն ու հարակից մի քանի կոթող այցելեմ։ Եթե այս տարի չհասցնեմ, մյուս տարիներին էլի կգամ»,-ասում է նա։ Օլգան ասում է, որ ամեն անգամ մեր երկրից գնալիս իր հետ մի փոքր հուշանվեր է տանում։

Չնայած զբոսաշրջության աճին, հուշանվերների խանութներն ու հատկապես Վերնիսաժում աշխատողները դժգոհ են առևտրի ծավալներից:

60–ամյա Մեսրոպ Առաքելյանն ասում է, որ արդեն երկար ժամանակ ոչ մի տուրիստ չի տեսել. «Հազարից մեկն ա տուրիստ, էն էլ բան չեն առնում։ Անցած տարիներին չէինք հասցնում պատրաստեինք, հիմա ողջ գործը մնացել է»։

«Դե տուրիստ չկա, գործ էլ չկա, ապրանքի գներն էլ իջեցրել ենք, բայց օգուտ չկա դրանից»,– ասում է երկար տարիներ Վերնիսաժում աշխատող Լևոն Մինասյանը։

Իսկ հայկական հուշանվերների խանութներից մեկում ասացին, որ տուրօպերատորները, եթե նախկինում համագործակցում էին իրենց հետ, հիմա կտրականապես մերժում են՝ ասելով, որ իրենց առաջարկն այլևս հետքրքիր չէ։

Լիլիթ Մխիթարյան

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply