Որսագողություն. Քաջարանում երկու բեզոարյան այծ են սպանել

Օրվա լուր | | June 30, 2009 19:47

18_228_bezoaroviy_kozelՔաջարանի տարածաշրջանի Գյոլ-գյոլ լճի մերձակայքում բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժանմունքի ու ոստիկանության աշխատակիցները բեզոարյան այծի 2 մաշկազերծված մարմին ու 4 միավոր հրազեն են հայտնաբերել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ:

Ոստիկանությունը սկսել է հետաքննություն` հայտնաբերելու փախուստի դիմած որսագողերին:

Հայկական բնաշխարհի մոտ 500 տեսակի ողնաշարավոր կենդանիներից այսօր վերացման եզրին են հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, կովկասյան ընձառյուծը (առաջավորասիական հովազը) և այլն:

«Մուֆլոնն ու բեզոարյան այծը ոչնչացվեցին հիմնականում 1992-95 թվականներին: Պատմում են, որ մինչև 90-ականները Արենիում (Վայոց ձորի մարզի գյուղերից) այնքան շատ էին այդ կենդանիները, որ հոտերով հասնում էին մինչև գյուղ»,-հիշում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամի` մուֆլոնի և բեզոարյան այծի կարգավիճակի գնահատման ծրագրի ղեկավար Իգոր Խորոզյանի վերջին ուսումնասիրության տվյալներով` Հայկական լեռնաշխարհում մոտավոր հաշվարկներով այսօր կա 2000-2500 բեզոարյան այծ և 200-250 մուֆլոն: Վերջինս էնդեմիկ տեսակ է:

«Քանի որ նախորդ տարիներին հստակ հաշվառում չի կատարվել, հիմա դժվար է ասել` շատացե՞լ են այս կենդանատեսակները, թե՞ ոչ: Բայց կարելի է ենթադրել, որ մինչև 90-ականները զգալիորեն շատ են եղել»,- նշում է Խորոզյանը:

«Այդ կենդանատեսակները հիմնականում գոյատևում են հատուկ պահպանվող տարածքների ու մարզային տեսչությունների միջոցով: Բայց այնքան քիչ են այդ տարածքները, որ անհնար է պատկերացնել այդ կենդանատեսակների առողջ պոպուլյացիան»,-ասում է Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը Հայկական լեռնաշխարհում հայտնի են դեռևս վաղնջական ժամանակներից` 4-10.000 տարի առաջ: Դրա վառ ապացույցն են այդ կենդանիների տասնյակ պատկերները, որոնք պահպանվել են Գեղամա լեռների և Ուխտասարի ժայռապատկերներում: Այս կենդանիների կյանքը 10-17 տարի է, քաշը` 60-100 կգ:

Բեզոարյան այծը այդպես է կոչվել` շնորհիվ իր ստամոքսում կերի հանքային խտանյութերից առաջացած գնդերի` բեզոարների, որոնք ժամանակին լայնորեն օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ:

Դիտվել է 2474 անգամ:
Print Friendly

Leave a Reply