Պետք է հասանելի լինեն դասագրքերի և շտեմարանների էլեկտրոնային տարբերակները

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 25, 2013 18:13

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ վերջերս քաղաքացիներից դիմումներ է ստանում դպրոցական դասագրքերը, ինչպես նաև ընդունելության քննությունների շտեմարանները շահառուներին հասանելի դարձնելու մասին։ «Հարցը հրատապ է այն առումով, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել բոլոր հանրակրթական դպրոցներում համակարգիչ ներմուծելուն, և երեխաները կարող են դասագրքերից օգտվել համակարգչի օգնությամբ», – շեշտել է վարչապետը։ Ստանալով կրթության և գիտության փոխնախարարի հավաստիացումը, որ բոլոր դասագրքերը տեղադրված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի պորտալում, Տիգրան Սարգսյանը հավելել է. «Ուրեմն, մենք այսօր մեր քաղաքացիներին կարող ենք հայտարարել, որ Հայաստանում կիրառվող բոլոր դասագրքերը տեղակայված են կրթական պորտալում, և երեխաները, ծնողներն ազատորեն և անվճար կարող են օգտվել դրանցից։ Ճիշտ կլինի, որ ընդունելության քննությունների շտեմարանները նույնպես անվճար հասանելի լինեն մեր քաղաքացիներին։ Քանի որ պետական քննություններն անցկացվում են այդ շտեմարաններով, ուրեմն` պետությունը ճանաչել է դրանք, և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան օգտվել դրանից։ Շտեմարաններով բիզնես անելը ճիշտ չէ»։
Կանոնակարգվում է էլեկտրոնային կրիչների առևտուրը

Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը` կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ` ի հայտ եկած դժվարությունները վերացնելու և տարընթերցումները հստակեցնելու նպատակով։ Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվում իրացնել մինչև 2012 թ. նոյեմբերի 15-ը Հայաստան ներմուծված կամ Հայաստանում արտադրված, սակայն չդրոշմավորված և չիրացված կրիչները։ Հարցի քննարկման ժամանակ ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այն մտավախության, որ տնտեսվարողներին այս անգամ ընդառաջելուց հետո, որպեսզի նրանք վաճառեն պահեստներում կուտակված կրիչները, նույն հարցը չի՞ առաջանա արդյոք մեկ տարի անց, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արդարադատության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաև ՊԵԿ նախագահը հավաստիացրել են, որ առաջարկվող որոշման նախագծում հաշվի են առնված հնարավոր հետևանքները։ Ըստ վարչապետի դիտարկման մարդիկ նախապատվությունը տալիս են հազար դրամով անօրինական կրիչ` խտասկավառակ գնելուն, երբ օրինականը 5-6 անգամ ավելի թանկ է։ Այնուամենայնիվ, կառավարությունն ընդունել է պաշտոնյաների հավաստիացումը, իսկ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է երեք ամսից կրկին անդրադառնալ հարցին։
ՀՀ կառավարությունը թույլատրել է «ԱՄԱ կոմպրեսոր» համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2013 թ. դեկտեմբերի 8-ը։ Ընկերությունը 2012 թ. ընթացքում մեկ տարի ժամկետով ՀՀ մաքսային տարածք է ներմուծել գազի երկու կոմպրեսոր, էլեկտրական երկու շարժիչ և կոմպրեսորային յուղ։ Տեխնիկական որոշ ցուցանիշների փոփոխության պատճառով տեղում արտադրվող սարքավորումների ժամկետը փոխվել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել վեց ամսով հետաձգելու նաև մաքսային ռեժիմի ժամկետը։ Որոշման ընդունմամբ ոչ միայն կստեղծվի վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորություն, այլև կկայունանա ընկերության ֆինանսական վիճակը, կպահպանվեն ստեղծված աշխատատեղերը։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք վերաբերում են գանգատարկման խորհրդի ստեղծմանը և վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկմանը։ Ի պատասխան վարչապետի հարցի` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը և ՊԵԿ նախագահը դրական են գնահատել երեք տարուց էլ պակաս ժամանակում հանձնաժողների գործունեությունը։
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Սահմանվել է, որ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների, փրկարար ծառայության ծառայողների համար նախատեսված առողջության ապահովագրության բազային փաթեթի ապահովագրավճարի չափով գումարների հանրագումարը տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարությանը` նշված շահառուների և նրանց ընտանիքի անմիջական անդամների համար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորում իրականացնելու նպատակով։
Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությանը համակարգչային նոր ծրագրերի ձեռքբերման նպատակով հատկացվել է 17 մլն դրամ։ Նոր ծրագրերի օգնությամբ իրականացվելու են նոր ծառայություններ, հսկիչ գների սահմանում և հսկողություն, բյուջետային փոխանցումների վերահսկում, գանձապետական հաշիվների միասնական տեղեկատուների ստեղծում և կատարելագործում և այլն։
Կառավարությունը սահմանել է ռադիոակտիվ հոսքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման կարգը, որի համաձայն կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, կկարգավորվեն գործընթացի հետ կապված հարաբերությունները։
ՀՀ կառավարությունը Երևանի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող Չափագիտության ազգային ինստիտուտի շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման աշխատանքների համար իր պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 343 մլն դրամ։ Սահմանվել է, որ այդ աշխատանքների, ինչպես նաև Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության ծառայություններն իրականացվելու են բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու։
2014 թ. կանցկացվի գյուղատնտեսության համատարած հաշվառում

ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թ. հոկտեմբերի 11-ից 31-ը ներառյալ անցկացվելու է ՀՀ գյուղատնտեսության համատարած հաշվառում։ Մինչ այդ` 2013 թ. հոկտեմբերի 11-ից 31-ը ներառյալ Արարատի մարզի Շահումյան, Ազատավան և Նոր Խարբերդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի, Տավուշի մարզի Գանձաքար և Այգեհովիտ գյուղական համայնքներում, Բերդ քաղաքային համայնքում անցկացվելու է փորձնական հաշվառում։ Գյուղատնտեսական համատարած հաշվառումը հնարավորություն կընձեռի ձևավորել վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ, հստակեցնել գյուղատնտեսության` որպես ձեռնարկատիրության առավել մանրամասն կազմն ու կառուցվածքը և այլն։ «Մենք Հայաստանի Հանրապետությունում համատարած գյուղատնտեսական հաշվառում առաջին անգամ ենք անցկացնում, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Առաջին անգամ պատկերացում ենք ունենալու, թե գյուղատնտեսությունում ինչ հողեր ունենք՝ դրանց տեսակները, կենդանիների գլխաքանակը, շինությունները, քանի զբաղված ունենք գյուղատնտեսությունում և այլն։
Թանկ հաճույք է։ Մենք պետք է բավական ակտիվ աշխատենք դոնորների հետ, որպեսզի ֆինանսական միջոցներ հայթայթենք։ Հիմնական ծախսերը լինելու են 2014 թվականին։ Սա համապետական նշանակություն ունեցող միջոցառում է, և կառավարությունից պահանջվելու են լուրջ ջանքեր, որպեսզի այս խնդիրը կարողանանք ամբողջությամբ լուծել»։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որն ուղղված է այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքը կանոնակարգելուն։ Մասնավորապես, կբավարարվեն համայնքների վարչական սահմաններում ընդգրկված նպատակային տարբեր նշանակության պետական սեփականություն հանդիսացող հողերից այգեգործության համար հատկացված տարածքներից հողամաս ստացած քաղաքացիների սեփականության ճանաչման, իրավունքների պետական գրանցման պահանջները։
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ապահովել է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի կատարումը, լրացրել Շիրակի և Վայոց ձորի մարզերի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկերը` դրանով իսկ թարմացնելով ու արդիականացնելով աշխարհագրական անվանումների քարտադարանը։
Կապիտալ ծախսերը կհիմնավորվեն

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը,
- կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, թունավոր, անցանկալի նյութերի ցանկը, որի կիրառմամբ կապահովվի կենդանական ծագմամբ սննդամթերքի անվտանգությունը մարդու առողջության և կյանքի համար,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» և ՀՀ ԿԱ ոստիկանության «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն» ծրագրերի 2013 թ. նախահաշիվները։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգին», որի նպատակը միջազգային պայմանագրերով նախատեսված տնտեսական համագործակցությանբ մեխանիզմների ընդլայնումը, ինչպես նաև ոլորտում մասնավոր ներդրումները խթանող համակարգի ստեղծումն է։
Գործադիրն ի գիտություն է ընդունել «Պետական գույքի կառավարման վարչության 2011-2013 թթ. ծրագրի կատարման 2012 թ. հաշվետվությունը»։
Առաջարկվում է նոր օրինագիծ` «Դատախազական ծառայության մասին»

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դատախազական ծառայության մասին» օրենքի և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ «Դատախազական ծառայության մասին» օրենքի նախագիծը կարգավորում է դատախազության աշխատակազմում պետական ծառայության հարաբերությունները։
Նիստում հավանության է արժանացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծառայությունում նախատեսել խրախուսանքի նոր տեսակ` «Անբասիր ծառայության համար» մեդալ։
Հավանության է արժանացել Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2012 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու ՀՀ օրենքի նախագիծը։
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի և Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է վերանայել փոխնակ մայր հանդիսանալու ցուցումները և դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Նախագծի վերաբերյալ կառավարությունն առարկություն չի ներկայացրել։
Քննության է առնվել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ և փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Ըստ կառավարության եզրակացության, փաթեթի ընդունման անհրաժեշտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, ուստի հեղինակներին առաջարկվել է համագործակցել կառավարության հետ` փաթեթի ընդունման հիմնավորման դեպքում այն լրամշակելու հարցում։
Նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա կարծիքով իրավական ակտի ընդունման դեպքում նշված օրենսգրքերի դրույթները համահունչ կլինեն ՀՀ Սահմանադրությանը։ Կառավարության եզրակացության համաձայն, սակայն, փաթեթի ընդունումը ժամանակավրեպ է, և դրան կարելի է անդրադառնալ ՀՀ կառավարության ներկայացնելիք նոր օրենքի քննարկման համատեքստում։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Միջազգային համագործակցություն

Կառավարությունն իր նիստում ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում Ռուսաստանի ռազմակայանի տեղաբաշխման կետերին վերաբերող արձանագրության կատարումն ապահովելու որոշում։ Փաստաթղթի համաձայն ռազմակայանի կետերի տեղաբաշխման ցանկից հանվում և հայկական կողմին են վերադարձվում 102-րդ ռազմակայանի կողմից չօգտագործվող և ազատված օբյեկտները` Գյումրի քաղաքի N3 զինվորական ավանի տարածքում գտնվող 7.2 հեկտար հողատարածքը և N8 զինվորական ավանի տարածքում գտնվող հինգ կիսակառույց շինությունները և այլն։
Կառավարությունն իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնք թելադրված են 2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նոր խմբագրությամբ (5-րդ հրատարակություն), որին էլ համապատասխանեցվել են նախկինում հաստատված մի շարք ծածկագրեր։
Գործադրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ֆինանսավորման համաձայնագրի առաջարկը, որի համաձայն գործակալությունը, իրականացնելով ֆրանսիական կառավարության պաշտոնական օժանդակությունը, ֆինանսավորելու է տնտեսության զարգացմանը միտված մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Նիստում համաձայնություն է ստացել Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրության կնքման առաջարկությունը։
Այլ հարցեր

Կառավարությունն ընդունել է երկրի մի շարք համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ս.թ. մայիսի 26-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։ Հաջորդ որոշումներով վաղաժամկետ դադարեցվել են Շիրակի մարզի Հովիտի և Արարատի մարզի Սուրենավանի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները, նշանակվել է նրանց նոր ընտրություն, ֆինանսավորվել ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը։
ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետությունում մայիսի 5-ը նշել որպես հարկադիր կատարողի օր։
Գործադիրը որոշել է Գառնիի մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչել ՀՀ վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի անվամբ։
Կառավարության որոշմամբ Երևանի Արշակունյաց 2ա շենքի երկրորդ հարկում տասը տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հատկացվել «Երկրապահ» թերթի խմբագրությանը։

Դիտվել է 1854 անգամ:
Print Friendly

Leave a Reply