ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 9, 2013 21:30

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 9-ին հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին:
Ազգային ժողովի նախագահը ողջունեց բարձրաստիճան հյուրին եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Նա հույս հայտնեց, որ այս մակարդակի այցերը կնպաստեն Հայաստանի եւ Արգենտինայի հարաբերությունների էլ ավելի սերտացմանն ու փոխգործակցության ակտիվացմանը: Նա բարձր գնահատեց հայ-արգենտինական քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորեց բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերի, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումների շարունակականությունը:
Ազգային ժողովի նախագահի գնահատմամբ՝ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ ձեւավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմքեր են ստեղծում առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում լիարժեք համագործակցության համար: Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ծավալով Արգենտինան թեեւ առաջավոր դիրքերում է, բայց, ըստ Հովիկ Աբրահամյանի, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները դեռեւս չեն համապատասխանում առկա ներուժին, եւ անհրաժեշտ է նոր ուղիներ փնտրել այդ հնարավորությունները կյանքի կոչելու համար: Նա կարեւոր համարեց Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների հետ զարգացնելու միջխորհրդարանական հարաբերությունները՝ այդ գործում կարեւոր դեր վերապահելով պատգամավորական բարեկամության խմբերին ու նրանց ակտիվ համագործակցությանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց նաեւ Միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Արգենտինայի համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ գոյություն ունեցող փոխըմբռնումն ու փոխադարձ աջակցության պատրաստակամությունը:Հովիկ Աբրահամյանը երկկողմ կապերի ամրապնդման եւ ընդլայնման գործում բարձր գնահատեց Արգենտինայի հայ համայնքի դերը եւ շնորհակալություն հայտնեց հայերի հանդեպ Արգենտինայի իշխանությունների որդեգրած քաղաքականության համար:
Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նախապատմությանը, կատարված պատմական անարդարությանը, իր պատմական հողի վրա ապրելու ու արարելու՝ արցախյան ժողովրդի վճռականությանն ու միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ հավելելով, որ Հայաստանը եղել եւ մնում է ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից: ԱԺ նախագահը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին:
Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար եւ շնորհավորեց հայ ժողովրդին ՀՀ նախագահի ընտրության ու նրա երդմնակալության կապակցությամբ:
Նա կարեւորեց հայ-արգենտինյան միջպետական տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ու երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդումը: Անդրադառնալով Արգենտինայի երկուհարյուրամյա պատմությանը՝ նա արձանագրեց, որ այդ պատմությունը կերտվել է նաեւ հայերի օգնությամբ ու անգամ՝ արյամբ, եւ այսօր հայերը մասնակցում են Արգենտինայի հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը, բարձր դիրքեր զբաղեցնում կառավարման համակարգում եւ տնտեսության մեջ: Ամադո Բուդուն իր երկրի իշխանությունների անունից Հայաստանի հետ տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն հայտնեց: Նա բարձր գնահատեց նաեւ տարածաշրջանային խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշումն ու պատրաստակամությունը:
Արգենտինայի Սենատի նախագահը Ազգային ժողովի նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Արգենտինա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ հույս հայտնեց, որ հավանաբար ընթացիկ տարում տեղի կունենա Հայաստանի համար կարեւոր այդ այցը: Նա նույնպես Արգենտինայի Սենատի նախագահին պաշտոնապես հրավիրեց Հայաստան:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply