Պետք է միշտ շրջապատվել լավ մարդկանցով. Լալա Համազարյան

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 8, 2013 10:07

Օգնելու համար այն կանանց, որոնք դեռևս կարծրատիպային պատկերացում ունեն այն մասին, թե կնոջ տեղը խոհանոցն է, զրուցեցինք մի բիզնես-լեդիի հետ: Լալա Համազարյանը ներկայացնում է իր բիզնեսի կայացման ու կյանքի փորձը  և բացում  գաղտնիքը` ինչպես լինել գեղեցիկ ու միաժամանակ կայացած:

- Տիկին Լալա, ի՞նչ մասնագիտություն էիք ուզում ունենալ, երբ փոքր էիք, և ինչպե՞ս  հետո հղացավ սեփական բիզնեսն ունենալու միտքը:

- Ի սկզբանե երազել եմ սեփական բիզնեսն ունենալու մասին: Փոքր հասակում, երբ հորս հետ գնացի Մոսկվա, որոշեցի, որ անպատճառ այնտեղ եմ ապրելու: Դա իմ ցանկությունն էր` ապրել Մոսկվայում, քանի որ այն դարձել էր երազներիս քաղաքը: Երկրաշարժից հետո տեղափոխվեցինք Մոսկվա: Ես սովորում էի  քիմիա-տեխնոլոգիական գծով, բայց մի օր պատահմամբ լսեցի, որ ինչ-որ տեղ հաշվապահական դասընթացներ են անցկացվում: Չգիտես ինչու, այդ հայտարարությունն ինձ գրավեց, և սկսեցի հաճախել նաև այդ դասընթացներին, որոնք կյանքում ավելի շատ պետք եկան ինձ, քան բուն մասնագիտությունս:

- Ինչպե՞ս  մտաք բիզնես ոլորտ: Որևէ մեկը օգնե՞ց Ձեզ:

- Այո, փոքր եղբարս շատ օգնեց ինձ: Նա Չեբոքսարիում արդեն ուներ իր բիզնեսը, և երբ որևէ հաճախորդի հետ Մոսկվայում ինչ-որ գործ էր առաջանում, նա հաճախորդին ուղարկում էր ինձ մոտ: Եվ մի օր մի բավական բարեհամբույր կին եղբորս խորհրդով դիմեց ինձ: Նա պաշտոն ուներ, հնարավորությունների լայն շրջանակ, բայց չգիտեր` ինչպես իրացնել իր հնարավորությունները: Ես արդեն բավական գիտելիքներ ունեի հաշվապահական ոլորտում ու կարողացա օգնել այդ կնոջը` ինքս ևս գումար աշխատելով: Մինչ օրս կարծում եմ, որ հենց այդ կնոջ հետ հանդիպումով սկսվեցին իմ հաջողությունները:

- Ինչպե՞ս զարգացավ Ձեր կարիերան:

- Երբ ապրում ես օտար երկրում ու գրեթե ոչինչ չունես, բնականաբար, առաջին հերթին մտածում ես կյանքիդ որակի բարելավման մասին: Ես անընդհատ աշխատում էի, նոր հետաքրքիր  ուղիներ որոնում: Մի խոսքով` առաջին լուրջ ձեռնարկս մի մեծ կաթի գործարանի հետ համագործակցելը եղավ: Այդ գործարանն ամեն ինչ ուներ, բացի սպառման շուկայից: Այսինքն` նրանք չէին կարողանում իրացնել իրենց արտադրանքը: Ես, լինելով ճարպիկ և ունենալով ճարտար լեզու, սկսեցի իրացնել կաթի գործարանի արտադրանքը: Գտնում էի մեծ խանութներ, որոնց վաճառում էի գործարանի արտադրանքը, բայց, բնականաբար, ավելի բարձր գնով, քան ես էի առնում գործարանից:

- Ամեն անգամ մի քայլ ևս առաջ գնալուց հետո ինչպե՞ս  էիք ընտրում հաջորդ նպատակակետը:

- Ամեն առավոտ արթնանալիս մտածում էի, թե էլ ինչի կարիք ունեմ: Երբեք չէի մերժում ինձ կամ դստերս որևէ նյութական հարցում, եթե ունեինք ինչ-որ բանի կարիք, ես աշխատում էի այնքան, մինչև կարողանայի ձեռք բերել նաև դա: Շատ շուտով աշխատանքիս շրջանակն ընդլայնվեց: Սկսեցի պատվերներ ընդունել նաև այլ քաղաքներից, սկսեցի սպառել նաև այլ մթերքներ` ձեթ, միս:

- Կհիշե՞ք, թե որն էր առաջին լուրջ խոչընդոտը Ձեր բիզնեսի ճանապարհին:

- Չեմ ասի, թե դա խոչընդոտ էր, պարզապես այն տարիներին, երբ նոր էի մտել բիզնես-ոլորտ, խաբելը «նորաձև» էր, ոչ բոլորին կարելի էր վստահել, և ինձ ևս մի քանի անգամ փորձեցին խաբել, բավական մեծ գումարներ չտվեցին, բայց ես, լինելով ոլորտի ներսում և արդեն ստեղծած լինելով սեփական «բիզնես-կայսրություն», ճանաչում էի այն մարդկանց, որոնք կարող էին օգնել ինձ: Այնպես որ` միշտ մի ելք գտնվում էր: Հետո դժվար ժամանակահատված սկսվեց` կապված նաև ռուբլուց դոլարի անցնելու հետ: Լինում էր` աշխատում էի ողջ օրը, բայց վերջում հասկանում էի, որ մի դրամ անգամ չեմ աշխատել: Հետո նորից պետք էր լինում արագ վերականգնվել, ուժ գտնել ու շարունակել գործը: Իրականում ամեն ինչ էլ հաղթահարելի է:

- Երբևէ խոր հիասթափություն ունեցե՞լ եք:

- Ոչ, շատ եմ սիրում իմ գործը, միշտ էլ սիրել եմ: Մի օր անգամ չեմ կարողացել տանը նստել, դուրս չգալ, չաշխատել,  չշփվել,  այլապես կմտածեի, թե ունակ չեմ որևէ բան անելու:

- Կպատմե՞ք Ձեր բիզնեսի հետագա ընթացքի ու ներկայիս ձեռքբերումների մասին:

- Ամեն ինչ ունենում է սկիզբ ու վերջ: Իմ բիզնեսի նախնական ձևն էլ շատ շուտով մոտեցավ իր վերջին, քանի որ բոլոր խոշոր գործարանները հասկացան, որ կարող են իրենք գտնել իրենց սպառման շուկան և աշխատել առանց միջնորդի: Ես կրկին ընկա փնտրտուքների մեջ: Ի՞նչ անել հետո: Քանի որ երկու եղբայրներս էլ իրենց գործն ունեին, որոշեցինք միանալ ու մեկ ընդհանուր բիզնեսի սկիզբ ազդարարել: Այդ տարիներին չնչին գումարներով կարելի էր փակված գործարանների շենքեր գնել: Մենք գնեցինք այդպիսի գործարաններ, վերանորոգեցինք և տվեցինք աղյուսի արտադրության մեկնարկը: Ինչու՞ աղյուսի, որովհետև Ռուսաստանում շենքերի մեծ մասը կառուցվում է հենց աղյուսով:

- Կարիերան երբևէ խանգարե՞լ է Ձեր ընտանեկան կյանքին:

- Շատ դժվար է, երբ խոշոր գործը կնոջ ձեռքում է, ոչ թե տղամարդու, բայց միշտ չէ, որ տղամարդուն տրված է զբաղվել մեծ գործերով: Մեր պարագայում դա ինձ էր տրված: Ինչ վերաբերում է աղջկաս հետ հարաբերություններին, լավ էր, որ նրա փոքր տարիքում կողքիս էին ծնողներս, որոնք խնամում էին նրան մեծ սիրով: Հետո, երբ դստրիկս մի քիչ մեծացավ, նա սկսեց հետաքրքրվել իմ գործով: Պատահում էր, որ նա իմ  տանը չեղած ժամանակ պատասխանում էր գործնական հեռախոսազանգերիս, ինչ-որ հարցեր տալիս ապրանքների մասին և միայն վերջում ասում, որ խոսողը Լալան չէ, այլ Լիլիթը:

- Բայց կցանկանա՞ք, որ Լիլիթը շարունակի Ձեր գործը:

- Շատ եմ ցանկանում, որ նա շարունակի, բայց մի քիչ այլ` առավել կանացի բնագավառում, քանի որ հենց իմ բիզնեսի ոլորտը չափազանց բարդ է ու ռիսկային: Ինձ օգնել է այս ասպարեզում հիմնականում այն, որ ինձ ազնիվ ու բարի մարդիկ շատ են հանդիպել: Այս ոլորտում շատ կարևոր է հենց շրջապատը: Պետք է միշտ շրջապատվել լավ մարդկանցով:

- Դուք անընդհատ զբաղված եք, բայց նաև միշտ խնամված տեսք ունեք: Ինչպե՞ս  եք համադրում Ձեր մեջ բիզնեսն ու լեդին:

- Խնամվելն ու մի քիչ հարդարվելը   շատ ժամանակ չի խլում որևէ լեդիից: Ցանկացած կին միշտ պիտի «ֆորմայի մեջ լինի» ու պիտի շատ սիրի ինքն իրեն` անկախ ամեն ինչից:

- Ո՞րն է Ձեր բանաձևը:

- Պետք է մաքուր լինել, որ ցանկացած մեկի աչքերին նայելիս չամաչես: Նշանակություն չունի` ում հետ ես տվյալ պահին աշխատում` պաշտոնյայի՞, թե՞ բանվորի. պետք է ազնիվ լինել բոլորի հետ: Հայրս մի լավ խոսք ուներ. «Մինչև բանվորի ձեռքը չկեղտոտվի, քո բերանը չի քաղցրանա»: Դրա համար ես հաճախ շարքային աշխատողին շատ ավելի եմ հարգել, քան բարձրաստիճաններին, և հարգվել եմ բոլորի կողմից:

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, որոնք ուզում են սեփական բիզնեսն ունենալ, բայց վախենում են անել առաջին քայլը:

- Երբեք չպետք է վախենալ: Ռիսկը գործի կեսն է: Իրականում, եթե վախենանք, ուրեմն որևէ բան չենք անի, քանի որ անգամ տաքսի նստելը կապված է որոշակի ռիսկի հետ: Պետք է ուժեղ լինել և առաջ գնալ: Գուցե հենց առաջին ձեռնարկը ձախողվի, բայց դա չպետք է կոտրի, որովհետև մյուս ձեռնարկը կարող է անհավատալի շահութաբեր լինել:

 Լարա   ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

Դիտվել է 1758 անգամ:
Print Friendly

Leave a Reply