Նոր դեսպանը եղանակ չի փոխի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 29, 2013 7:01

Մարտի 25-ին Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպան նշանակվեց Իվան Վոլինկինը: Հաշվի առնելով, թե ինչ հարաբերությունների մեջ են Հայաստանն ու Ռուսաստանը, ինչ նշանակություն ունի մեր երկրի համար Ռուսաստանը և նրա արտաքին քաղաքականությունը, և ինչ նշանակություն ունի Ռուսաստանի համար մեր տարածաշրջանն ու մեր երկիրը` որպես ռազմավարական դաշնակիցբնականաբար, կարևոր  ենք համարում, թե ով է մեր երկրում մեր ռազմավարական դաշնակցի դեսպանը:

 Հայաստանում ռուսաստանի դեսպանը կհամակարգի նաև վրացական ուղղությո՞ւնը

 

Մինչ Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելն Իվան Վոլինկինը զբաղեցնում էր ՌԴ արտգործնախարարության քարտուղարի տեղակալի պաշտոնը: Բայց նրա անձի հետ կապված ամենահետաքրքիր դրվագը թերևս այն է, որ Վոլինկինը մեկն է այն երեք դիվանագետներից, որոնք 2007 թ. Վրաստանի կողմից մեղադրվեցին լրտեսության մեջ և հարևան երկրից արտաքսվեցին` հայտարարվելով persona non grata:

Եվ հասկանալու համար, թե ինչ դեր կարող է խաղալ Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանը, կարևոր է հասկանալ, թե հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում ինչ դեր խաղաց նախորդ դեսպանը` Վյաչեսլավ Կովալենկոն: Նա մինչև Հայաստանում դեսպան նշանակվելը եղել էր Վրաստանում ՌԴ դեսպանը:

«Հասկանալի է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը նաև համակարգում էր ու պատասխանատու էր վրացական ուղղությամբ: Կովալենկոն ուներ բավականին իրատեսական և խոր պատկերացումներ Հարավային Կովկասի հարցերի ու խնդիրների մասին»,- լրագրողներին նոր դեսպանի նշանակման առնչությամբ ասել է  «Կովկաս»  ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա այդ ասուլիսի ժամանակ ասաց, որ, դրանով կարելի է հասկանալ, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարությունը գնահատում է, որ Հայաստանում իր դիվանագիտական ներկայացուցչությունը, բացի թուրքական, իրանական և արցախյան ուղղություններից, վրացական ուղղությունը նույնպես կարևորում է: Ուստի նոր դեսպանը ևս ունի բավականին լուրջ փորձ Վրաստանի հետ աշխատելու հարցերում: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ նոր նշանակումը կարող է կապված լինել նոր իրավիճակի հետ` ելնելով այն փոփոխություններից ու քայլերից, որ կարող են լինել ռուս-վրացական հարաբերություններում:

Այսինքն` ռուս-վրացական հարաբերություններում և մեր տարածաշրջանում ռուսական քաղաքականության մեջ Հայաստանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությանը կարևոր դեր է հատկացվում:

«Այն, որ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես տարածաշրջանում իր հիմնական ռազմավարական և ռազմական գործընկերոջ, դա ոչ միայն առավելություն է, այլև Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի ակտիվ գործելու համար: Քանի որ եթե մինչև անցած տարվա հոկտեմբեր ավելի շատ կարելի էր ասել, թե ՌԴ դեսպանը Հայաստանից ավելի շատ հետևում էր և փորձում հասկանալ քաղաքական զարգացումները Վրաստանում, ապա հիմա նոր դեսպանը ոչ միայն պետք է հետևի, այլև ներգրավվի հարաբերություններում: Հայաստանն այս պահին բացառիկ նշանակություն է փորձում զբաղեցնել տարածաշրջանային հարաբերություններում»,- նշել էր «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը:

Այս մասով նախկին դեսպան, ներկայումս «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանն էլ նշում է, որ ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ քաղաքական հարցեր կան, որոնք լուծվում են բանակցային գործընթացով, և ինքը չի կարծում, թե այդ բանակցությունները դեսպանատների իրավասությունների  շրջանակներում են:

«Չեմ կարծում, թե այս նշանակումը մեր տարածաշրջանում ՌԴ քաղաքականության փոփոխության հետ առնչություն ունի, քանի որ նա առանձնահատուկ ընդգծված անձ չէ, նա դասական քաղաքականության մեջ ինչ-որ բանով առանձնահատուկ աչքի չի ընկել»,- այս առիթով նշեց Արա Պապյանը:

Նա ասաց, որ պետք է նաև մի բան հասկանալ. հայ-ռուսական հարաբերություններում ունենք ուղղակիորեն գործող բազմաթիվ ու բազմապիսի հարաբերություններ, գրեթե բոլոր գերատեսչություններն ուղղակիորեն աշխատում են իրար հետ, շատերն ունեն իրենց ներկայացուցիչները` երկուստեք, և շատ բաներ հենց այդ ուղղակի աշխատանքի մեջ է կատարվում: Իսկ գլխավոր հարցերը լուծվում են հենց նախագահների մակարդակով: Հետևաբար, եթե համեմատենք այլ երկրների հարաբերությունների հետ, ռուսական դեսպանության դերը նվազ է:

Սակայն Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Հայաստանում ուժեղ ու բազմաֆունկցիոնալ դիվանագիտական ներկայացուցչություն ունենալով` Ռուսաստանի քաղաքականությունն ավելի շատ նկատի կառնի հայկական շահերը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում և տարածաշրջանային խնդիրներում:

Սերգեյ Մինասյանն ընդգծեց, որ այժմ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Վրաստանը շահագրգռված են որոշակի հարցեր լուծել Հայաստանի միջոցով:

Վոլինկինի նշանակման հետ կապված, թերևս,  ամենալուրջ մտահոգությունն այն է, որ այդ մարդը Վրաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելիս մեղադրվել է լրտեսության մեջ, և հիմա նա ավելի բարձր կարգավիճակով դիվանագիտական աշխատանքի է նշանակվել Հայաստանում:

Ինչ վերաբերում է այդ հարցին, ապա դա դեռ մեղադրանք է` ապացույց չէ, համոզված է «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը: Նա կարծում է, որ շատ հաճախ քաղաքական հարցերը լուծվում են այդպես, և դա ավելի շատ քաղաքական քայլ էր, քան իրավական:

«Մյուս կողմից, նրա` որպես դիվանագետի նկատմամբ դատավարություն չի եղել, և ոչինչ էլ չէր կարող բացահայտվել, քանի որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, մենք ընդունում ենք, որ ոչ մի անօրինական գործողություն էլ նա չի արել, և երկրորդ` եթե նա Վրաստանում ինչ-որ բան էլ արել է, դա Հայաստանի հետ կապ չունի»,- նշեց Պապյանը:

Մեզ համար կարևոր է նաև, թե ինչ դեր կարող է ունենալ Ռուսաստանի դեսպանությունը և դեսպանը թուրքական ու իրանական ուղղություններով: Սերգեյ Մինասյանի համոզմամբ` Ռուսաստանն  էական դեր չունի հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, քանի որ Թուրքիայի հետ սեփական շահերն ու հարաբերություններն ունի, և այս ուղղությամբ ավելի մեծ դերակատարում ունի Արևմուտքը: Իսկ ինչ վերաբերում է իրանական ուղղությանը, ապա քաղաքագետը կարծիք հայտնեց, որ  Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն այնքան էլ կարևոր նշանակություն չի կարող ունենալ, քանի որ Իրանի հետ հարաբերությունների մասով ավանդական խողովակներն այլ մակարդակում են:

Այնպես որ, մնում է միայն Արա Պապյանի բնորոշումը` նորանշանակ դեսպանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, որը Հայաստանում կիրականացնի տիպիկ դիվանագիտական աշխատանք` ուղղված երկկողմ հարաբերություններին:

 

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply