«Կատաղի պայքարը կարող է հանգեցնել քաղաքական գործընթացների մաքրման»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 28, 2013 13:20

Մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք: Քաղաքական ուժերը կպայքարեն Երևանի ավագանու 65 տեղի և Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, որն այնպիսի մի երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդից ավելին կենտրոնացած է մայրաքաղաքում, ավելին է, քան պարզապես քաղաքապետի պաշտոնը:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  լուրջ է վերաբերվում ավագանու ընտրություններին և քաղաքական ուժերի ակտիվությունը համարում բնական. «Մեծ քաղաքական կշիռ կստանա այն քաղաքական ուժը, որը կհաղթի այս պայքարում և իհարկե՝ հսկայական ազդեցության հնարավորություն կունենա»:

Ինչ վերաբերում է ընտրակարգին ու քաղաքապետի կարգավիճակին, նա հիշում է, որ անկախության առաջին օրվանից էլ մեծ վեճեր կային, թե Երևանի քաղաքապետն ինչ կարգավիճակ պետք է ունենա, ինչպես պետք է ընտրվի և այլն:

Վազգեն Մանուկյանն ընդհանրապես կողմ է մաժորիտար (մեծամասնական) ընտրակարգին, սակայն այս պահին ուղիղ ընտրությունների կողմնակից չէ, քանի որ Հայաստանում դեռևս ժողովրդավարական մեխանիզմները կայացած չեն: «Աշխարհի բոլոր մեծ քաղաքների քաղաքապետներն ընտրվում են քաղաքացիների կողմից,- ասում է նա,- Հայաստանում դա սկզբում նշանակովի էր, ինչը ժողովրդավարության տեսանկյունից ճիշտ չէր: Մյուս կողմից` ուղիղ ընտրությունների արդյունքում կարող էր քաղաքապետ դառնալ իշխանությանը հակադիր, լրիվ այլ ուժի ներկայացուցիչ»:

Նա բերում է Ֆրանսիայի օրինակը, որտեղ Փարիզի քաղաքապետն ու երկրի նախագահը հակառակ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էին. «Սակայն այդ խնդիրները ժողովրդավարական երկրներում շատ հեշտ են լուծվում. նրանք անցել են այդ ճանապարհը, իսկ մեզ մոտ դա լի է մի շարք վտանգներով: Ուստի մեզ մոտ վերջին սահմանադրական փոփոխություններից հետո միջանկյալ իրավիճակ ստեղծվեց. ընտրում են ավագանի, ավագանին էլ ընտրում է քաղաքապետ: Սա մի քայլ առաջ է նախորդի համեմատ և առայժմ կոմպրոմիսային տարբերակ է»:

Ասում է, որ ժամանակին իրենք մյուս բոլոր ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին կողմնակից էին համամասնական ընտրակարգին՝ հասկանալով նաև դրա բոլոր թերությունները: «Մեր երկրում մեծամասնականն ադմինիստրատիվ, կրիմինալ, ֆինանսական հնարավորությունների օգտագործման հնարավորություն է ստեղծում: Հիշում եմ 1995 թվականի ընտրությունները. առաջին անգամ թաղամասերում ոտքի ելան թաղային հեղինակություններն ու կրիմինալը՝ խրախուսվելով վերևից և իրենց անձնական շահերն առաջ քաշելով»:

Ինչ վերաբերում է ավագանու 65 անդամներին, Մանուկյանը կարծում է, որ եթե մարդուն տրված են հնարավորություններ, ապա նա պետք է դրանցից օգտվի. «Իհարկե, կարող են լինել մարդիկ, որ չեն օգտվում, վախկոտ են, լիազորությունների մի մասը վաճառում են մեկ այլ բանից օգտվելու նպատակով և այլն, բայց դա արդեն անձերի խնդիր է, համենայն դեպս, օրենքը լիազորություններ տալիս է»:

Այս ընտրություններն արդար կլինե՞ն. Մանուկյանը համոզված չէ, քանի որ ընտրապայքարին մասնակցող կուսակցությունների մեջ՝ թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր, կան այնպիսիք, որոնք սովոր են ընտրակաշառք բաժանելու: «Սա կարող է վերածվել փող բաժանելու մրցույթի: Մյուս կողմից, եթե հենվենք նախագահի ասածների և այն հանգամանքի վրա, որ պայքարն իրոք կատաղի է, հնարավոր է, որ յուրաքանչյուրը վերահսկի մեկը մյուսին, և մենք առաջին անգամ ականատես լինենք լրիվ այլ իրավիճակի, թե ինչպես է քաղաքական ուժերի մրցակցությունը բերում քաղաքական գործընթացների մաքրման: Դա շատ հետաքրքիր կլինի»:

Նշենք, որ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը դեռ չտրված՝ արդեն իսկ վիրտուալ թեժ բանավեճեր են ընթանում հատկապես երկու կուսակցությունների՝ Հանրապետականի և ԲՀԿ-ի միջև:

Հանրապետականի կարկառուն ներկայացուցիչները հայտարարում են, որ այս ընտրություններում իրենք ֆավորիտ են, իսկ մյուս քաղաքական ուժերը պետք է պայքարեն քաղաքական հարթակում երկրորդ տեղը զբաղեցնելու համար:

Մասնավորապես, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Անկախի» հետ զրույցում «Բարգավաճ Հայաստանին» անվանել է խաղից դուրս մնացած քաղաքական ուժ, որը, երկար ժամանակ գտնվելով խոր քնի մեջ, հանկարծ արթնացել է: Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին ու ԲՀԿ-ի ցուցակի առաջատար Վարդան Օսկանյանին, Շարմազանովը պատկերավոր համեմատություն է արել. «Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում նույնն է, ինչ Մեսսին ու Ռոնալդուն ֆոտբոլի առաջին գծում: Իսկ եթե Վարդան Օսկանյանին բերենք քաղաքապետ, ոնց որ Կասիլիասը կամ Վալդեսը՝ կենտրոնական հարձակվող»:

Ի դեպ, Օսկանյանը չմեկնաբանեց Շարմազանովի համեմատությունը` ասելով. «Ես ֆուտբոլային մեկնաբան չեմ»:

Փոխարենը ՀՀԿ-ի դարպասին անխնա հակահարված հասցրեց ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը, որ նախ` քաղաքական ամբարտավանություն որակեց ՀՀԿ-ի այն հայտարարությունը, թե ավագանու ընտրություններում առաջին տեղը կանխորոշված է, և պայքար պետք է գնա երկրորդ և երրորդ տեղերի համար, իսկ իրենց «խաղից դուրս գտնվելու» վերաբերյալ ասաց.  «Եթե մենք խաղից դուրս վիճակում լինեինք, ապա Հանրապետականն իր ողջ պոտենցիալը, այդ թվում նաև ինտելեկտուալ, ֆինանսական, մարդկային, չէր ներդնի՝ տարբեր սոցիալական ցանցերում և տարբեր հարթակներում ԲՀԿ-ի դեմ հորինովի հոդվածներ պատվիրելով»:

«Քաղաքական ամբարտավաններին» Զոհրաբյանը խորհուրդ տվեց հաշվի նստել ՀՀ քաղաքացու հետ` զգուշացնելով, որ հակառակ դեպքում նրանց չեն փրկի նաև Հայաստան-Եվրամիություն ասոցացման և եվրոչինովնիկների երկկողմ շռայլվող հաճոյախոսությունները:

Նշենք, որ Ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի  ցուցակների գրանցումը կավարտվի մարտի 31-ին, նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ին և կավարտվի մայիսի 3-ին:

Ընտրապայքարի մեջ կմտնեն Հանրապետական, «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, Հայ ազգային կոնգրես, «Առաքելություն» կուսակցություններն ու «Բարև, Երևան» դաշինքը, որում ներկայացված են «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», «Պահպանողական», «Շրջադարձ» կուսակցությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, մշակութային գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ:

Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով և օժտված է Երևանի համար կենսական նշանակության խնդիրներ լուծելու  իրավասությամբ:

Ավագանին՝

•           oրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ,

•           որոշում է ընդունում Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերի, վարկերի, փոխատվությունների և օրենքով սահմանված կարգով այլ փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ,

•           վերահսկողություն է իրականացնում բյուջեի կատարման նկատմամբ, իրավասու է որոշելու բյուջետային միջոցների նպատակային օգտագործման մանրամասները, վերացնելու բյուջետային միջոցները տնօրինելու վերաբերյալ քաղաքապետի համապատասխան որոշումները, քննարկելու և որոշում ընդունելու բյուջեի կատարման մասին քաղաքապետի տարեկան հաշվետվության վերաբերյալ,

•           որոշում է ընդունում Երևանի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրի վերաբերյալ, դրանց վարձավճարների և օտարման գների չափերի ու պայմանների, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գների, Երևանի գլխավոր հատակագծի նախագծի, Երևանի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երևանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի վերաբերյալ,

•           որոշում է ընդունում Երևանի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ,

•           իրականացնում է օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply