Արշակ Սադոյանը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 27, 2013 16:47

Հարգելի պարոն Սերժ Սարգսյան,
Հարգելի պարոն Րաֆֆի Հովհաննիսյան,

Ս/թ մարտի 21-ին «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության անունից ես դիմել էի Ձեզ որոշակի առաջարկությամբ: Սակայն և պարոն Ր.Հովհաննիսյանի կողմից հաջորդ օրը ուղարկված հայտնի նամակում և պատասխանի մեջ մեր առաջարկությանը առնչվող անդրադարձ չկար:
Հաշվի առնելով բարձրացված հարցերի բացառիկ կարևորությունը` այն, որ նոր կառավարության ծրագրում անհրաժեշտ է, որ ընդգրկված լինեն համապատասխան դրույթներ, մշակվեն և ժամանակին ընդունվեն Սահմանադրության համապատասխան փոփոխությունները, օրենսդիր, գործադիր մարմիններում, Սփյուռքում ձևավորվեն համապատասխան կառույցներ և հանրությունն էլ տեղեկացված լինի.
Այս Բաց նամակով կրկնում ենք մեր առաջարկությունը:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Աշխարհքաղաքական արդի զարգացումները, հեռահաղորդակցման ոլորտում առկա նվաճումները ներկայումս լայն հնարավորություններ են ընձեռում մեծ սփյուռք ունեցող ժողովուրդներին աշխարհով մեկ ինքնակազմակերպվելու, ձևավորելու գործուն կառույցներ, իրենց ուրույն տեղն ու դերը գրավելու քաղաքակրթական զարգացումներում:
Հաշվի առնելով, որ`
• ներկայումս ՀՀ-ում բնակվողները 3 միլիոնից էլ պակաս են, իսկ Սփյուռքում մեր հայրենակիցների թիվը 6,5 միլիոնից ավելին է,
• մեծ դժվարությամբ դեռ կարողանում ենք դիմակայել ուծացմանը,
• և ռեալ հնարավորություն չկա առաջիկայում կազմակերպել զանգվածային ներգաղթ,
• առանց պետական կազմակերպված միջամտության հնարավոր չէ էապես դիմակայել ուծացմանը, ներազգային համագործակցության առողջ մթնոլորտ ձևավորել, պայմաններ ստեղծել նպատակաուղղված միասնական գործունեության համար,
• դեռ ունենք Սփուռքում գործող որոշ համազգային կառույցներ, քաղաքական ավանդական կուսակցություններ, ազգային ազդեցիկ բարեգործական կազմավորումներ,
• հայաստանյան կազմակերպություններից, պետական այրերից, դերակատարում ունեցող անձերից շատերը հստակ գիտակցում են, որ միայն ներազգային համագործակցությամբ, համատեղ ջանքերով է հնարավոր դիմակայել մարտահրավերներին,
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը գտնում է որ հրատապ անհրաժեշտություն է դարձել կյանքի կոչել իր ծրագրային հիմնական դրույթը` արագացնել Հայաստան մայրաքաղաք պետությամբ համազգային կառույցների ամբողջական համակարգի` նպատակային գործունեության սուբյեկտ Ազգ կազմակերպության ձևավորման գործընթացը:
Հաշվի առնելով նաև, որ հետընտրական արդի զարգացումները, եթե այսպես շարունակվեն կարող են բացասաբար անդրադառնալ հայության ներուժը ի մի բերելու հարցում, սակայն դեռևս հնարավորություն կա քաղաքական համաձայնության հասնելու ճանապարհով, ոչ միայն շտկել իրավիճակը, այլ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել.
• համոզված լինելով, որ ակունքներով անմիջականորեն Սփուռքին կապված Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ՀՀ-ում ստացել է կես միլիոնից ավել ընտրողների քվեն, ունի համապատասխան փորձ, կարողություններ և վերը նշված գործըթացում լուրջ, կարևոր դերակատարում կարող է ունենալ.
• գտնելով, որ և Հանրապետական կուսակցությունը և անձամբ Նախագահ Ս.Սարգսյանը կարևորում են այդ գործընթացը և կաջակցեն, որ ձևավորվի համապատասխան լիազորություններ ունեցող մարմին, կատարվեն անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններ, Սփյուռքում և կառավարությանը կից կազմավորվեն համապատասխան արդյունավետ կառույցներ,
• որ այդ գործըթացը կնպաստի նաև ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ժողովրդավարական բարեփոխումներին,
• հայտնելով մեր պատրաստակամությունը առանց պայմանի մեր բոլոր համապատասխան մշակումներն ու ծրագրերը տրամադրել.
Դիմում ենք շահագրգիռ բոլոր ուժերին առաջարկությամբ` գալ քաղաքական համաձայնության, համատեղված ուժերով ձևավորել կարգավորման, կառավարման մարմիններն ու առաջիկա երկու տարում մինչև մեծ եղեռնի 100–ամյակը աշխարհով մեկ կազմավորել իր արժեհամակարգով, հայեցակարգերով, իր ծրագրերով և խնդիրներով, արդյունավետ որոշումերի ընդունման մեխանիզմներով նպատակասլաց գործունեության ունակ Ազգ Կազմակերպություն:
Անձամբ համոզված եմ այս լայնամաշտաբ խնդրի առջև բոլոր անձնական և մյուս հարցերը պետք է ստորադասվեն:

Հարգանքներով `

ԱԺԴ կուսակցության նախագահ`
Ա.Սադոյան

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply