ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ուղերձը Ռուսաստանի քաղավիացիայի հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտագործնական համաժողովին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 16:06

ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը մարտի 21-22-ը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում մասնակցել է  Ռուսաստանի քաղավիացիայի հիմնադրման 90-ամյակին նվիրված «Քաղաքացիական օդագնացություն. երեկ, այսօր, վաղը» գիտագործնական համաժողովին, որտեղ ներկայացրել է նաև ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ուղերձը:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի  տիկնայք և պարոնայք, հարգելի բարեկամներ,

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը ողջունում է Ռուսաստանի օդագնացության 90-ամյակին  նվիրված «Քաղաքացիական օդագնացություն. երեկ, այսօր, վաղը» համաժողովի մասնակիցներին:

Դեռևս  20-րդ դարասկզբին հայերն ու ռուսները միասին կանգնած են եղել ավիացիայի ջոկատների ստեղծման ակունքներում: Առաջին աշխարհամարտում,   այն ժամանակվա Հայաստանի տարածքում Օսմանյան Թուրքիայի դեմ  մարտնչող ռուսական բանակի շատ գնդեր համալրվում էին ավիացիոն ջոկատներով՝ ներառյալ ինքնաթիռներ ու աերոսթատներ: Թռիչքներն իրականացվում էին հայկական հողում տեղակայված` Կարսի, Ալեքսանդրապոլի, Բաշ-Ապարանի, Վորոնցովկայի ու Վարդենիսի մոտ գտնվող  աերոդրոմներից:

Մեր ժողովուրդները՝ ձեռք ձեռքի, թև թևի տված պայքարել են նաև Մեծ հայրենականի ժամանակ: Բազմաթիվ օդագնացների անուններ ոսկե տառերով են գրվել Ռուսաստանի ավիացիայի պատմության մեջ. Խորհրդային Միության երկակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյան,  ավիացիայի Մարշալ Խուդյակով Ս.Ա. (Խանֆերյանց Արմենակ Արտեմի), ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության  գեներալ-գնդապետ Արտեմ  Միկոյան,  ուղղահայաց թռիչքով աշխարհում առաջին ռեակտիվ ինքնաթիռը ստեղծող Արամ Ռաֆայելյանց, փորձարկող կոնստրուկտոր Կոնստանտին Արցեուլով՝ բարձրագույն պիլոտաժի “պտուտէջք”կոչվող բարդ ձևի հեղինակ  և  խորհրդային առաջին  գնդակոծող կործանիչ-ինքնաթիռի փորձարկող, ԽՍՀՄ հերոսներ, վաստակավոր օդագնացներ Ռ.Ի. Կապրիելյանով, Է.Վ. Ելյան և ուրիշներ:

Այսօր էլ մենք միասին աշխատում ենք, որ օժանդակենք ավիացիոն ոլորտի և տեխնոլոգիաների զարգացմանը: Շատ հայեր են աշխատում Ռուսաստանի օդագնացության ոլորտում, բազմաթիվ ռուսներ իրենց ավանդն ունեն Հայսատանում տվյալ ոլորտի կայացման գործում:

Դժվար է ժամանակակից աշխարհը պատկերացնել առանց ավիացիայի, սակայն է՛լ ավելի բարդ է պատկերացնել ապագայի ավիացիան: Դուք մասնագետներ եք, ովքեր ուրվագծում են այդ ապագան ու կարող են այն նոր իրականության վերածել:

Հաջողություն ձեզ, ձեր մտքի թռիչքին ու ձեր գործունեությանը:

ՀՀ հանրային խորհրդի նախագահ

Վազգեն Մանուկյան»

Դիտվել է 616 անգամ:
Print Friendly

Leave a Reply