Մարդու իրավունքների վիճակը Պետական եկամուտների կոմիտեի ոլորտում. Օմբուդսմենի զեկույցը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 11, 2013 12:43

Պետական եկամուտների կոմիտեի  գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

Մտահոգիչ են բազմաթիվ դեպքերը, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձը (կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը) օգտագործել է պաշտոնական դիրքը, և իր հետ առնչվող ընկերությունը մրցակցային առավելություններ է ստացել միևնույն շուկայում գործող այլ տնտեսվարողի նկատմամբ:

Հստակ և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ:

2012 թվականին գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմնի աշխատակիցները, ստուգումներ իրականացնելիս, առանց բավարար հիմնավորումների և/կամ պատճառաբանության վերցրել են հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը:

Չի իրականացվել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցների սպառումը, որի հետևանքով կայացվել է չափազանց մեծ քանակի (շուրջ 5700) հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում:

Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում եղել են ողջամիտ ժամկետների նախատեսման մի շարք խախտումներ:

ՊԵԿ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտին  վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ չեն կազմակերպվել ձեռնարկատերերի կամ այլ շահագրգիռ անձանց հետ պատշաճ հանրային քննարկումներ:

Արձանագրվել են հարկային և մաքսային ծառայողների կողմից տնտեսվարողների հետ շփման ընթացքում էթիկայի և վարքագծի կանոնների խախտման մի շարք դեպքեր:

Արձանագրված դրական զարգացումները

Հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ավելացված արժեքի հարկի գծով հար­կա­յին հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումը և վճարումը, ներդրվել է պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ, ինչպես նաև բարելավվել է սուբյեկտների համար հարկման համակարգը:

Ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ` հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների վերլուծություններն ու ուսումնասիրությունները ժամանակին ու պատշաճ կատարելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:

2012 թվականին վերափոխվել են հարկային և մաքսային ծառայությունների վեբկայքերը, որոնց մշակման համար կիրառվել են նոր մոտեցումներ և տեխնոլոգիաներ:

Դիտվել է 435 անգամ:
Print Friendly

Leave a Reply