Զինծառայությունից խուսափած 49 եհովականների գործեր սպասողական վիճակում են

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 1, 2013 16:10

Ներկայումս նախաքննության փուլում են կրոնական դավանանքի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 26 անձնանց նկատմամբ հարուցված քրեական գործերը:

Նույն պատճառով դատարանի վարույթներում է գտնվում 23 գործ, քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժն են կրում 34 անձինք: Նրանք բոլորը Հայաստանում գրանցված 65 կրոնական կազմակերպություններից մեկի` «Եհովայի վկաներ»-ի ներկայացուցիչներ են: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` ներկայացնելով «Այլընտրանքային ծառայության մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

Նախարարը նշեց, որ մեր երկիրը Եվրապայի խորհրդի առջև պարտավորություն է ստանձնել ընդունել այլընտրանքային ծառայության մասին եվրոպական չափանիշներին համապատասխան օրենք, ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժելու պատճառով ազատազրկված կամ ուղղիչ աշխատանքի դատապարտված անձանց` նրանց հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարել չզինված ռազմական կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջև:

Ըստ Հ.Թովմասյանի, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մեզանում այլընտրանքային զինվորական ծառայության ինստիտուտը չի կայացել և այս պահի դրությամբ այլընտրանքային զինվորական ծառայություն ունենք միայն օրենսդրության մակարդակով: 2005-2006թ.թ.թ-ին եղել են այլընտրանքային զինվորական ծառայության անցած փոքրաթիվ զինապարտներ, ովքեր կարճ ժամանակ անց լքել են ծառայության վայրերը, որին հաջորդել են համապասխան քրեադատավարական ընթացակարգերը:

Ազգային ժողովն այսօր ավարտեց կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկումը: Քվեարկությունը կիրականացվի արդեն հաջորդ քառօրյա լիագումար նիստերում:

Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում ամրագրել այլընտրանքային զինվորական ծառայության և այլընտրանքային աշխատանքային ծառայության հիմքերը ՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն, թե միայն զենք կրելուն, պահելուն, պահպանելուն կամ օգտագործելուն:

Նախատեսվում է կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը` գործող համապատասխանաբար 36 և 42 ամիսների փոխարեն:

Սահմանվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմը՝ ներառելով տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության և պաշտպանության, պետական կառավարման մարմինների ու կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցչի:

Պատգամավորների հիմնական առաջարկները վերաբերում էին օրենքով հստակ չափորոշիչներ սահմանելուն, ինչը հնարավորինս կբացառի հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումատուի պահանջը բավարարելու կամ մերժելու հարցում սուբյեկտիվ լուծումները, հնարավորություն կտա որոշելու, թե այլընտրանքային ծառայության անցնող երիտասարդը իսկապես կրոնական այլ համոզմունք ունի, պացիֆիստ է, թե սովորական դասալիք:

 

 

Հեղինակ:

 

Դիտվել է 685 անգամ:
Print Friendly

Leave a Reply