Օմբուդսմենը Ոստիկանապետին է փոխանցել ընտրակաշառքի, կրկնաքվեարկության և լցոնման առերևույթ հիմնավոր 10 հաղորդումներ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | February 22, 2013 12:40

Օմբուդսմենի 116 թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել էր 255 ահազանգեր (համանման ծառայություններ մատուցող պետական և հասարակական թեժ գծերից առավելագույն  քանակն է), որոնցից 25 ահազանգերը պարունակել են ընտրակաշառքների, կրկնաքվեարկության, լցոնման և այլ ընտրահանցագործությունների մասին տվյալներ:

Երեկ Պաշտպանի աշխատակազմը ողջ օրվա ընթացքում կապվել է այդ 25 քաղաքացիների հետ և լրացուցիչ ճշտումներ է կատարել, որպեսզի ստանա նրանց համաձայնությունը իրենց կողմից տրված տեղեկությունը ամբողջությամբ կամ մասամբ Ոստիկանությանը փոխանցելու համար, ինչպես նաև ստանա թույլտվություն իրենց ինքնությունը բացահայտել Ոստիկանության և հանրության առաջ: Ինքնության բացահայտումը Ոստիկանությանը հնարավորություն կընձեռի իրականացնել առավել արդյունավետ քննություն: Այդ անձանց մասին հանրությանը տեղեկացնելը կարող է քննության ողջ գործընթացը դաձնել ավելի թափանցիկ և վստահելի, պաշտպանել ահազանգած քաղաքացիներին տարատեսակ ճնշումներից, ինչպես նաև օրինակ ծառայել այլ քաղաքացիների համար: Արդյունքում 25 ահազանգերի ընթացքը հետևյալն է.

Ընտրակաշառք.

Քաղաքացի Սուրեն Մանուչարյանը /բնակվող Տավուշի մարզ, գ. Վարագավան/ հայտնել է, որ անձամբ իրեն տվել են 5000 ՀՀ դրամ։ Ինքը գումարը չի ծախսել, պահել է ծրարի մեջ ՝ որպես իրեղեն ապացույց: Պաշտպանի ներկայացուցիչները նրան տեղեկացրել են, որ ընտրակաշառքի մասին ինքնակամ տեղեկացնելը հնարավորություն է տալիս ազատվել քրեական պատասխանատվությունից: Համաձայն է համագործակցել Ոստիկանության հետ: Պաշտպանի աշխատակազմը իր ողջ ներուժով ամեն կերպ աջակցելու է քաղաքացիական խիզախություն դրսևորած Սուրեն Մանուչարյանին:

Քաղաքացի Ա.Մ. (ինքնությունը հայտնել է միայն Պաշտպանին) /Սյունիքի մարզ, ք. Սիսիան/ հայտնել է, որ թիվ 37/15 ընտրատեղամասի դիմաց քաղաքապետը ընտրակաշառք է բաժանում:

Քաղաքացին (ինքնությունը չի ցանկացել հայտնել նույնիսկ Պաշտպանին, կա միայն հեռախոսահամար) հայտնել է, որ թիվ 141 դպրոցի մոտ ընտրակաշառք են բաժանել:

Քաղաքացի Թ.Ն. (ինքնությունը հայտնել է միայն Պաշտպանին) հայտնել է, որ թիվ 50 դպրոցում ընտրակաշառք են բաժանում:

Վերին Գետաշեն գյուղի բնակիչը (ինքնությունը չի ցանկացաել հայտնել նույնիսկ Պաշտպանին, կա միայն հեռախոսահամար) հայտնել է, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը և բաժանում 10.000-ական ՀՀ դրամ:

Այլ անձի փոխարեն ստորագրման դեպքեր, որոնք կարող են վկայել կրկնաքվեարկության մասին.

Քաղաքացի Ժաննա Հովակիմյանը հայտնել է, որ թիվ 8/13 ընտրատեղամասում իր և իր քրոջ փոխարեն ստորագրված է եղել:

Քաղաքացի Ստեփան Ամիրխանյանը հայտնել է, որ թիվ 1/13 ընտրատեղամասում իր դստեր անվան դիմաց առկա է եղել ստորագրություն:

Քաղաքացի Տիգրան Ալեքսանյանը հայտնել է, որ թիվ 1/35 ընտրատեղամասում ընտրելու ժամանակ բացահայտել է, որ իր ընտանիքի բոլոր անդամներն արդեն իսկ ընտրել են:

Լցոնման ահազանգ

Քաղաքացի Նարինե Իսմաելին հայտնել է, որ թիվ 17/05 ընտրատեղամասում կատարվել է 300 քվեաթերթիկի լցոնում:

Քաղաքացին (ինքնությունը չի ցանկացաել հայտնել նույնիսկ Պաշտպանին, կա միայն հեռախոսահամար) հայտնել է, որ թիվ 17/2 ընտրատեղամասի սենյակներից մեկում հայտնաբերվել են կնիքով քվեաթերթիկներ:

Մնացյալ 15 ահազանգողներից 9-ը հայտնել են, որ իրենց տեղեկությունները իրենք լսել են այլ անձանցից, և այդ անձինք էլ իրենց համոզմամբ տեղեկատվության առաջնային աղբյուր չեն: Ահազանգողներից մեկը հայտնել է, որ եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ և կատակել է: Ահազանգած 5 քաղաքացիներ չեն ցանկացել, որպեսզի հարուցվեն վարույթներ և սկսվի քննություն, քանի որ դեռևս չեն վստահում Ոստիկանությանը:

 

Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply