«Բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 16, 2013 7:00

«Արմսես» ՀԿ-ն և ՀԽ երիտասարդական թևը ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար կազմակերպել էին երկամսյա դասընթացներ: Դասընթացի ընթացքում բանախոսները ներկա և ապագա լրագրողներին հաղորդեցին գիտելիքներ, որոնք պետք է իմանա ոլորտը լուսաբանող լրագրողը. տարածաշրջանի երկրների ռազմական ներուժը, աշխարհաքաղաքական շահերը, հայոց բանակի կառուցվածքը և զարգացման միտումները, էջեր արցախյան ազատամարտից:

Դասընթացի շրջանակներում ռազմական լրագրողները հանդիպում ունեցան նաև ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որը 1992-1993 թթ. եղել է պաշտպանության նախարար:

Վազգեն Մանուկյանի կարծիքով` ռազմական լրագրությունը բարդ բան է. շատ բան կարող ես իմանալ, բայց ամեն ինչ չէ, որ կարող ես գրել, որպես լրագրող` անընդհատ  երկընտրանքի առջևս ես. «Ռազմական լրագրող լինելու համար նախ և առաջ պետք է խիզախություն, իսկ դա պայմանավորված չէ վճարով, այլ` նվիրվածությամբ:  Երկրորդ` ինչքան էլ նվիրված լինես, պետք է նաև ինչ-որ բանի հասնելու անձնական ձգտում ունենաս:  Երրորդ` ինքնասահմանափակում: Ի տարբերություն մյուս ոլորտների լրագրողների` այստեղ երբեմն պետք է, որ ինքդ քեզ սահմանափակես` մտածելով` այս ինֆորմացիան քո երկրին օգո՞ւտ է, թե՞ վնաս:  Դա բավական դժվար գործ է, քանի որ այդ եզրն ամեն մեկի  համար տարբեր տեղում է  գտնվում»:

Մանուկյանի խոսքով`  տեղեկատվական գաղտնիությունը հատկապես կարևոր է պատերազմի ժամանակ: Արցախյան ազատամարտի տարիներին, սակայն, այդ առումով վիճակը թերի էր: «Մի գաղտնի օպերացիա իրականացրինք` մի օդաչուի միջոցով օդանավ փախցրինք Բաքվից:  Դրա մասին գիտեինք 3 հոգի:  Մեկ էլ տեղակալս հարցնում է` ինչ-որ ինքնաթիռ ե՞նք բերել, ավտոբուսում էին խոսում:  Այն ժամանակվա գաղտնապահությունն այդպիսին էր»:

Եղել է նաև, որ հայկական կողմը կարողացել է օգտվել տեղեկատվական արտահոսքից: Մանուկյանը պատմում է, որ Քարվաճառի օպերացիան սկսելու համար հարկավոր էր առնվազն 2000 սնարյադ (արկ), ինչը հայկական կողմը չուներ: «Ընկած ճարում էինք: Բայց դա այնքան էլ հեշտ չէր: Օրն անընդհատ նշանակվում էր, ապա հետաձգվում: Ամեն անգամ Ադրբեջանը պատրաստվում էր մեր հարձակմանը, բայց հարձակում այդպես էլ տեղի չէր ունենում:  Մտածում էր, որ դիտմամբ ենք անում: Ու երբ Քելբաջարի (Քարվաճառի) օպերացիան սկսվեց, չնայած բոլորը գիտեին, որ սկսվելու է, նրանց համար անսպասելի էր»,- հիշում է Մանուկյանը:

Անդրադառնալով բանակը լուսաբանել-չլուսաբանելու խնդրին` Մանուկյանն ասում է, որ բանակն անպայման պետք է լուսաբանել, այլապես համակարգը կփտի ներսից:  «Բանակի մասին չես գրում, չես գրում, հանկարծ բանակը պատուհաս է դառնում քո ժողովրդի գլխին: Ինչ- որ բան կա, որ չպետք է գրել, որ քո հակառակորդին չոգևորես, բայց եթե ոչ մի բան չգրես, ապա ներսում կաշառակերություն կլինի և այլն: Կարծում եմ, որ բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին, առանց  դրա այն կփտեր,- ասում է Մանուկյանը և հավելում ,-ռազմական ոլորտի ամեն լրագրող իր համար ինչ-որ եզր պիտի սահմանի. մինչև այս եզրը ինչ էլ լինի ու ինչքան էլ վտանգավոր լինի, միևնույն է, գրելու եմ»:

Խոսելով բանակային կարգապահության մասին` Վազգեն Մանուկյանն ասում է, որ այն այժմ շատ ավելի բարձր վիճակում է, քան տարիներ առաջ: Պատմում է, որ  պատերազմի տարիներին հրամանատարներն  անընդհատ դիմում էին հարձակման անցնելու, գործողություններ սկսելու խնդրանքով` բացատրելով, որ խաղաղ օրերին արդեն զինվորները ներսում են սկսում հարաբերություններ պարզել:

Մանուկյանի կարծիքով, սակայն,  բանակային միջադեպերը լիովին բացառելն անհնար է. «Անհնար է, որ կոնֆլիկտներ չառաջանան մի վայրում, որտեղ հավաքված են հազարավոր զինված երիտասարդ ու տաքարյուն տղաներ»:

Իսկ բանակային միջադեպերի պատճառաբանությամբ բանակից խուսափելը, ըստ Մանուկյանի, պարզապես պատրվակ է. դրանք չլինեին` այլ պատրվակ կգտնվեր,  ուղղակի որոշ մայրեր ցանկանում են, որ իրենց երեխան ամեն գնով իրենց կողքին մնա և հեռու լինի ամեն հնարավոր վտանգից: Իրավիճակը շտկելու համար պետք է մարդկանց մտածողությունը փոխվի:

 

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply