Մեծարանք և խոնարհում սիրված երգչուհուն` ծննդյան տարեդարձին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 6, 2013 8:18

ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրը «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հուշ- երեկո, որը կազմակերպել էին նրա երգարվեստի երկրպագուները:
Ես այն երջանիկներից եմ, որ հնարավորություն եմ ունեցել մեծարելու Ֆլորա Մարտիրոսյանին նրա կենդանության օրոք, – ասում է երեկոյի կազմակերպիչ, Ֆլորա Մարտիրոսյանի պաշտոնական կայքի հիմնադիր` Արտակ Աղաջանյանը , – ես Ֆլորա Մարտիրոսյանի շնորհիվ եմ սիրել ժողովրդական երգը:

Արտակ Աղաջանյանը մենակ չէ, Ֆլորա Մարտիրոսյանի երկրպագուները, պարզվում է, բազմաթիվ են` հատկապես երիտասարդների շրջանում: Երգչուհու տարեդարձը նշելու , ևս մեկ անգամ հիշելու, մեծարելու առիթը նրանք չեն կորցնում.
Մենք հավաքվել ենք ունկնդրելու նրա երգերը և մեր կողքին զգալու նրա կենդանի ներկայությունը, – ասում է Արտակը:
Երեկոյին ցուցադրվեցին բացառիկ կադրեր երգչուհու համերգներից, հնչեցին նրա լավագույն երգերը, իրենց հուշերով հանդես եկան երգչուհու ընկերներն ու կոլեգաները, երկրպագուները:
Ֆլորա Մարտիրոսյանի 56- ամյա տարեդարձին նվիրված երեկոյին ներկա էին նաև հայ շոու- բիզնեսի ներկայացուցիչները` Քրիստինե Պեպելյանը, Ալլա Լևոնյանը, Անդրեն, Ավետ Բարսեղյանը, որոնք մեծ սիրով , ջերմությամբ ու հուզմունքով էին հիշում իրենց ավագ ընկերոջը:
Հավատացեք, ես մինչև հիմա չեմ հավատում, որ նա չկա և մեր կողքին չէ: Ինձ թվում է` նա Միացյալ Նահանգներում է ու շուտով վերադառնալու է: Նա այն քչերից էր, որ երգի միջոցով մեզ հետ խոսում էր: Ես շատ հպարտ եմ ու երջանիկ, որ առիթ եմ ունեցել նրա կողքին լինել , նրա հետ զրուցել, նրանից շատ բան սովորել,- ասում է Ալլա Լևոնյանը:

Համընդհանուր հուզմունքը ցրելու համար Ավետ Բարսեղյանը հիշեց Ֆլորա Մարտիրոսյանի համեղ ուտեստները.
Խոհանոցում էլ նա նույնքան համով մարդ էր, որքան բեմում, – ասաց նա, – ինձ համար շատ դժվար էր մտնել ֆիլհարմոնիայի դահլիճ ոչ թե համերգ վարելու, այլ Ֆլորային հրաժեշտ տալու համար:

Չնայած տարիքային տարբերությանը, նա իսկական լավ ընկեր էր… երիտասարդների հետ` երիտասարդ էր, ես նույնպես շատ բան եմ սովորել իրենից, – ասաց Անդրեն:

Քրիստինե Պեպելյանը հիշեց, թե ինչպես է առաջարկել Ֆլորա Մարտիրոսյանին երգել միասին, քանի որ դա իր մեծ երազանքն է եղել դուետով հանդես գալ երգչուհու հետ:
Ես բախտավոր էի, ու տարիներ հետո նույնպես բախտավոր եմ լինելու, որ երգել եմ Ֆլորա Մարտիրոսյանի հետ:

« Նարեկացի» արվեստի միություն

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply