Ո՞րն է եղել ՀՀ քաղաքացիների ամենամեծ ձեռքբերումը 2012-ին և ի՞նչ են ակնկալում 2013-ից

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 31, 2012 7:49

Ամանորին հաշված օրեր են մնացել: Եվ «Անկախը» նախատոնական հարցախույզ է իրականացրել` պարզելու, թե ինչպիսին է եղել 2012-ը  հայաստանցիների համար և ինչ ակնկալիքներ ունեն գալիք տարուց:

Տարբեր ոլորտների ներկայացուցիչներին չորս հարց ենք ուղղել.

•         Ինչպիսի՞ն է եղել 2012-ը Ձեզ համար: Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել:

•         Ի՞նչ չեք հասցրել անել 2012-ին և հույս ունեք գալիք տարում իրականացնել:

•         Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2013-ից:

•         Ի՞նչ կմաղթեք մարդկանց:

 Ծովինար Հակոբյան, ուսանող

 

2012-ն ինձ համար արդյունավետ տարի էր. ես ընդունվեցի համալսարան, նոր ընկերներ ու գիտելիքներ ձեռք բերեցի: Հուսով եմ, որ 2013-ը ևս շատ հետաքրքիր ու հաջողակ տարի կլինի բոլորիս համար: Գալիք տարում  անպայման  պետք է շատ գրքեր կարդամ ու ավելի լավ սովորեմ:

Բոլորին մաղթում եմ առողջություն,հաջողություն և մի փոքր բարություն:

Լևոն Գալստյան, բնապահպան

Այս տարի փորձել ենք հնարավորության սահմաններում մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող նախագծերի քննարկումներին, որոնց ընթացքում բազմաթիվ առաջարկություններ և դիտողություններ ենք ներկայացրել այդ ծրագրերի վերաբերյալ: Մասնակցել ենք բազմաթիվ հանրային լսումների, որոնց ընթացքում փորձել ենք համայնքների բնակիչների մեջ բարձրացնել էկոգիտակցությունը և բացատրել սպասվող գործունեության դրական և բացասական կողմերը: Նաև մեր ներկայացրած փաստարկների հիման վրա մերժվել են մի քանի նախագծեր, օրինակ` Թեժ սարի, Բարձրադիրի հանքերինը: Մեր և Գետահովիտ գյուղի բնակիչների արդարացի պահանջով չեղյալ ճանաչվեց «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծին տված դրական փորձաքննական եզրակացությունը:

Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել մեր ակտիվիստներից, ինչպես նաև այլ բնասեր քաղաքացիներից, որոնք գրավոր ներկայացրել ենք համապատասխան մարմիններին. անտառահատումների, ՀԷԿ-երի ոչ ճիշտ շահագործման և գետերի էկոհամակարգերի փաստացի ոչնչացման, Արջերի և Մոզրովի քարանձավների խնդիրների, Խոսրովի արգելոցի խնդիրների, Պարզ լճի տարածքում անհասկանալի գործունեության, լանդշաֆտների խախտման, աղբահանության և այլ խնդիրների վերաբերյալ:

Վերջապես, միայն մեկ տարի անց հաստատվեց Թռչկան ջրվեժի անձնագիրը, որի կազմման աշխատանքներին ակտիվ մասնակցեցինք:

Շատ բան չենք հասցրել դեռ անել, բայց ամենակարևորն  այն է` հասնենք նրան, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի տեր կանգնի բարեկեցիկ և առողջ շրջակա միջավայրում ապրելու իր իրավունքին:

2013-ից ակնկալում եմ ավելի լուրջ մոտեցում բնապահպանական խնդիրների նկատմամբ, ինչպես կառավարության, այնպես էլ ժողովրդի կողմից,  պետք է  հասկանանք,  որ բնությունը չի ներում մարդու թույլ տված սխալները:

Բոլորին մաղթում եմ առողջություն, խաղաղություն, սեփական ուժերի և հնարավորությունների վերագնահատում:

Ստեփան Գյուզալյան, գիտաշխատող

2012 թ. երկար տատանումներից հետո սկսեցի նաև  լրագրությամբ զբաղվել: Ու քանի որ հոդվածներս հավանողներ էլ եղան, որպես սկսնակ կարող եմ և ձեռքբերում համարել:

Կուզենայի նշել նաև այն, որ 2012 թ. աշխատանքային ծանրաբեռնվածությունս, նախորդ տարիների հետ համեմատած, զգալիորեն աճել է: Դա վկայում է այն մասին, որ դրական շարժ կա Հայաստանի տնտեսության, դրսի հետ կապեր ու համագործակցություն ստեղծելու մեջ: Սա ընդհանուր ձեռքբերում է:

Կիսատ մնացած գործերը դժվարանում եմ առանձնացնել. լիքը մանր ու մեծ ավարտին չհասցրած գործեր կան:

2013-ից ակնկալում եմ, որ վերջապես գիտության ֆինանսավորման նկատմամբ իշխանության վերաբերմունքը փոխվի: 2013 թ. պետք է հասնել նրան, որ գիտության աշխատողների միջին աշխատավարձը գոնե պակաս չլինի հանրապետության միջինից (հիմա մոտ 2 անգամ պակաս է):

Բոլորին կմաղթեմ, որ 2013 թ. լինի արարման, առաջընթացի, հաջողությունների, ձեռքբերումների տարի: Բոլորին ցանկանում եմ առողջություն և երջանկություն, աշխարհին էլ՝ խաղաղություն:

Հերմինե Զարմանյան, լրագրող

Ակնկալում եմ, որ հաջորդ տարի նորմալ նախագահ ունենանք, սպասում եմ կարիերայի աճ և աշխատավարձի բարձրացում:

Այս տարի կրթական գործերս կիսատ մնացին: 2013-ին հույս ունեմ ասպիրանտուրա ընդունվել:

2012-ից էլ դժգոհ չեմ, նոր աշխատանք եմ գտել, երկրորդ մասնագիտություն եմ սովորել, երկու հեղինակային հաղորդում ունեմ:

Գևորգ Վարդանյան, երիտասարդ գիտաշխատող

Եթե պատասխանեմ որպես ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտաշխատող, ապա 2012-ին մասնակցել եմ հինգ միջազգային գիտաժողովների` հանդես գալով բանավոր զեկույցներով և տպագրվել  հեղինակավոր ամսագրերում: Ծանոթացել եմ արտասահմանցի  հեղինակավոր գիտնականների հետ, որոնց հետ համագործակցում եմ մասանգիտական ոլորտում: Իսկ որպես ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ` խորհրդի կողմից կազմակերպվել է մի քանի գիտաժողով, համագործակցության համաձայնագրեր են կնքվել Բուրիաթիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի երիտասարդ գիտնականների խորհուրդների և մեր խորհրդի միջև: Անմիջականորեն մասնակցել եմ  ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ստեղծմանը և գործունեությանը :

2012-ից ունեմ կիսատ թողած շատ կարևոր մի գործ, որը հուսով եմ` կիրականացնեմ 2013-ին, սակայն չեմ ցանկանում բարձրաձայնել, թող լինի անակնկալ:

Գալիք տարուց ակնկալում եմ  նորանոր գաղափարներ և ավելի եռանդուն աշխատանք:

Մաղթում եմ սեր, հանդուրժողականություն և արգասաբեր աշխատանք:

Մարիամ Կարապետյան, դասախոս, գրող

2012-ի մեծագույն ձեռքբերումը տղաս էր՝ սիրել սովորելու մեծագույն առիթ:

Հաջորդ տարի ուզում եմ ավարտել թեկնածուական ատենախոսությունս. անցյալ տարի չստացվեց՝ կապված Մեսրոպիս ծնունդի հետ:

Ուզում եմ վերադառնալ աշխատանքի և հրատարակված տեսնել բանաստեղծություններիս ժողովածուն:

Մարդկանց էլ կմաղթեմ սիրել սովորելու նոր առիթներ:

Հասմիկ Միկիչյան, լրագրող

Այս տարի նոր աշխատանք գտա` ինձ ավելի հարմար ու հաճելի: Այս տարի չհասցրի իրագործել արտերկրում ուսումս շարունակելու ցանկությունս: Հույս ունեմ, որ 2013-ին կիրականացնեմ:

Գալիք տարում  ակնկալում եմ  պահպանել ձեռքբերումներս ու անցնել անձնականիս:

Իսկ մարդկանց կմաղթեմ, որ երբեք չափի զգացողությունը չկորցնեն ու հանգիստ տանեն դիմացինի հաջողությունները, սիրեն ու չչարախոսեն:

Անի Անանյան, թարգմանիչ

2012-ին երկրորդ անգամ արտերկիր մեկնեցի: Վերջապես սկսեցի անգլերեն պարապել (դրա մասին 7 տարի երազել եմ), ունեցա բավականին հետաքրքիր ու վառ օրեր ընկերներիս հետ, առաջին անգամ մասնագիտական լուրջ առաջարկ ստացա ու լավ գումար աշխատեցի, ավելի հասունացա ու շատ հարցերի պատասխանն ինքս ինձ համար գտա:

Միայն չեմ հասցրել աշխատանքս փոխել, հունվարից դրանով կզբաղվեմ:

Ապագայից  ակնկալիքներ շատ կան` թե՛ մասնագիտական, թե՛ անձնական, սակայն վախենում եմ հեռու ապագան կանխամտածել, որպեսզի հիասթափություններ չլինեն: Բայց մյուս տարվա համար ամենակարևոր նպատակներից է սովորելու համար արտերկիր մեկնելը:

Ի՞նչ մաղթեմ մարդկանց, շատ բարդ է: Կցանկանամ, որ մարդիկ քիչ նախանձեն և այդ էներգիան ծախսեն սեփական կյանքը փոխելու վրա, մի քիչ էթիկայի կանոններին ծանոթանան, հասկանան, թե ինչ է նրբանկատությունը, որ ուրիշին վիրավորելով չի կարելի ինքնահաստատվել, սովորեն իրենք իրենց հարգել ու էլի շատ ուրիշ բաներ, որ անհրաժեշտ է ցանկացած մարդուն: Եվ թող խաղաղություն լինի ու քիչ հիվանդություններ մյուս տարում:

Վարդան Գալստյան, մանկավարժ

Տարին սովորական էր: Առանձնահատուկ ձեռքբերումներ չեմ ունեցել,հակառակը` ֆինանսական առումով ճգնաժամային տարի է եղել: Բայց, այնուամենայնիվ, գոհ եմ Աստծուց, որ կանք, ապրում ենք և երկիրը խաղաղ  է:

Առանձնապես հատուկ ծրագրեր չեմ ունեցել, նպատակս երեխաներիս օգնելն է, որ նորմալ կրթություն ստանան: Գյուղի հետ կապված բնապահպանական ծրագիր եմ ունեցել, պայքարել Արգիճի գետի վրա ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ, բայց չի ստացվել:

Ընդհանրապես տարվա կտրվածքով հույսեր ու նպատկներ չեմ դնում. օրը կգա` բարին էլ հետը, ուստի ժողովրդիս ցանկանում եմ առողջություն, կապույտ երկինք և բարեկեցություն:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply