Ոստիկանապետին հանդիպելու դիմումը մերժվում է, իսկ կյանքին մնացել են հաշված ամիսներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 30, 2012 17:00

«Ես ապացույցներ ունեմ, որ քննիչը կողմնակալություն է անում, ուզում եմ հանդիպել ոստիկանապետին, ապացույցները ներկայացնել նրան, բայց ինձ թույլ չեն տալիս»,-«Անկախին» պատմում է 63-ամյա Հովհաննես Կաթրջյանը:

Կաթրջյանի պայքարն իր իրավունքների պաշտպանության համար սկսվել է դեռևս 2008-ից, երբ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում նրա սիրտը վիրահատեցին` տեղադրելով խթանիչ սարք: Բանն այն է, որ հիվանդանոցում նրան հավաստիացրել են, որ սարքի ժամկետը 10 տարի է, սակայն վիրահատությունից որոշ ժամանակ անց հիվանդը պարզել է, որ խթանիչը կանգ կառնի 5,5-6 տարի անց:

2011 թ. Կաթրջյանը դատի է տվել սրտաբանական կենտրոնին, որի սեփականատեր, բժիշկ-սրտաբան Սմբատ Ջամալյանն էլ կատարել էր վիրահատությունը:

Մենք այս պատմությանն անդրադարձել ենք երկու տարբեր հրապարակումների միջոցով: Այժմ ներկայացնում ենք գործի նոր մանրամասներ:

Եվ այսպես, 2011 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ, Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ քննիչ Բունիաթ Եղիազարյանը պարզել է հետևյալը. «Սմբատ Ջամալյանը տեղեկանալով, որ բուժօգնության դիմած հիվանդ Հովհաննես Կաթրջյանի սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիայի դիմաց ողջ գումարը փոխանցելու է ՀՀ պաշտպանության նախարարությունը, որոշել է վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով կատարել ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն, այն է` մատուցել էժան բուժծառայություն, գանձել ավելի գումար և տարբերությունը հափշտակել»:

Մինչ այս Ջամալյանը գործում ներգրավված էր ընդամենը որպես վկա: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Բայց քանի որ Ջամալյանի գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ, քննիչը որոշել է կասեցնել քրեական գործի վարույթը մինչև Սմբատ Ջամալյանին հայտնաբերելը:

Կաթրջյանը նույնպես գործում որպես վկա էր ներգրավված, որի դեմ երկար ժամանակ պայքարում էր, բայց անարդյունք: 2012 թ. օգոստոսի 23-ին ի վերջո նրան գործում ներգրավել են որպես տուժողի` նշելով, որ նրան պատճառվել է բարոյական և նյութական վնաս: Սակայն դա հիվանդին չի բավարարել, քանի որ պնդել է, որ իրեն պետք է տուժող ճանաչեն նաև առողջական վնասի մասով: Քննիչը նրա պահանջը չի ընդունել: Կաթրջյանը նույն պահանջով միջնորդություն է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազին: Վերջինս միջնորդությունը ներկայացրել է քննիչ Եզիազարյանին, սակայն նա կրկին այն անհիմն է համարել: Հիվանդը ճարահատյալ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական վարչություն, որից հետո միայն նրան առողջական մասով նույնպես տուժող են ճանաչել:

Կաթրջյանն ասում է, որ քննիչ Եղիազարյանն իր նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է դրսևորել և Ջամալյանին «պահել է»: Նախ ինչո՞ւ պիտի գլխավոր դատախազին և նախագահի աշխատակազմին դիմելուց հետո միայն իրեն առողջական վնասի մասով տուժող ճանաչեր: Բացի այդ, ինքը դեռ ամենասկզբից քննիչին ասում էր` իրեն ընդամենը 10-15 րոպե է պետք` ապացուցելու համար, որ իրեն խաբել են: «8 ամիս ձգեց, հետո նոր հետազոտություն նշանակեց, որի արդյունքում էլ պարզ դարձավ, որ իմ սրտին տեղադրված խթանիչ սարքը 6 տարվա ժամկետ ունի»,- ասում է հիվանդը:

Կաթրջյանի խոսքով` քննիչը գիտի նաև Ջամալյանի գտնվելու վայրը, նա Դանիայում է: «Ասում է, որ մենք Դանիայի հետ Ինտերպոլի պայմանագիր չունենք: Ջամալյանն է ու Դանիայից դուրս չի գալիս, ուրեմն գործն էդպես պետք է մնա՞»,- զարմանում է նա:

Կաթրջյանին կասկածելի է թվում նաև այն, որ եթե Ջամալյանի դեմ մեղադրանք էին հարուցել, ինչո՞ւ ստորագրություն չեն վերցրել՝ քաղաքից չբացակայելու համար, այն դեպքում, երբ նա և՛ մարտ ամսին է Երևանում եղել, և՛ հունիսին:

Իր նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մի դրսևորում էլ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանդիպելու իր բոլոր ջանքների ձախողումն է: «Փոստային առաքումով պատվիրված նամակ եմ գրել ոստիկանապետին` խնդրելով հանդիպել, մինչ օրս պատասխան չկա: Մի ամիս է` գնում-գալիս եմ, որ ընդունելության օրվա համար ինձ հերթագրեն, էլի չեն անում: Լավ, Աստվա՞ծ է, ինչ է»:

Մի օր Կաթրջյանին իր մոտ է հրավիրել ոստիկանապետի օգնականներից մեկն ու ասել, որ  կմտածի նրան ոստիկանապետի հետ հանդիպմանը հերթագրելու մասին: «Մտածել» է և հաջորդ օրը նրան տեղեկացրել, որ չի հերթագրի, քանի որ պարզել է, թե իբր Կաթրջյանը ոստիկանությունից գումար է պահանջում: «Դա՞ որտեղից հնարեցին, չգիտեմ,- զարմանում է հիվանդը,- ես ինչո՞ւ պիտի ոստիկանությունից գումար պահանջեմ, ես ընդամենն ուզում եմ արդարություն պահանջել, ոստիկանապետին ապացուցել, որ քննիչը կողմնակալություն է անում»:

Իսկ գումար, ավելի ճիշտ` վնասի փոխհատուցում, Կաթրջյանը պահանջում է Սմբատ Ջամալյանի սրտաբանական կենտրոնից. «Երբ դիմեցի դատարան` դատական պրոցեսը վերսկսելու, մերժեցին պատճառաբանելով, որ մինչև Ջամալյանին չգտնեն, չդատեն, իմ գործը չեն կարող սկսել: Բայց չէ՞ որ ես Ջամալյանին չեմ դատի տվել, այլ կենտրոնին, իսկ գործը կասեցրել են, քանի որ քրեական գործ կա նրա նկատմամբ: Թող կենտրոնն ինձ փոխհատուցի, իսկ Ջամալյանին կբռնեն թե չեն բռնի,  իրենց գործն է: Դիմել եմ վերաքննիչ, դեռ պատասխան չկա, տեսնենք` ինչ կլինի»:

Մինչ այս մութ պատմությունն իր բոլոր բարդ հանգույցներով պարզվի, գուցե տարիներ անցնեն, իսկ Հովհաննես Կաթրջյանը սպասելու ժամանակ չունի, քանի որ սրտի խթանիչ սարքի ժամկետն ավարտվում է 2014 թ.: «Ինձ համոզում են, թե ինչո՞ւ ես խառնվել իրար, սարքի ժամկետն ավարտվում է, բայց դեռ մի տարի էլ շարունակում է աշխատել: Բայց չէ՞ որ ծառայության ժամկետ գոյություն ունի, և ոչ ոք երաշխիք տալ չի կարող»:

Կաթրջյանն ասում է, որ ոչ պաշտոնական տվյալներով` տարիներ շարունակ Ջամալյանի զոհն է դարձել 400-450 հիվանդ: 2008-ին իր հետ միասին Ջամալյանի դեմ պայքար  էին սկսել ևս երկու հոգի, սակայն նրանք կես ճանապարհից ուժասպառ եղան, նրանցից մեկն արդեն մահամերձ վիճակում է, սակայն գումար չունի նորից վիրահատվելու:

Փաստորեն, արդեն 4 տարի է` Կաթրջյանը պայքարում է, և նրա պայքարն առայժմ արդյունք է տվել միայն քրեական գործում Ջամալյանին որպես մեղադրյալ, իրեն էլ որպես տուժող ներգրավելու մասով, իսկ փոխհատուցում ստանալու համար երևում է`  դեռ շատ պետք է պայքարի:

Բժիշկներն ասում են, որ սրտի խթանիչով աշխատող սիրտը չպետք է ծանրաբեռնել: Դեռ լավ է, որ հիվանդի սիրտը մինչ օրս դիմանում է:

Դիտվել է 2439 անգամ:
Print Friendly

Leave a Reply