Մկրտիչ Մինասյանը Երևանի բարվոք վիճակում գտնվող միակ այգին համարում է Սիրահարների այգին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2012 12:39

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Երևանի բազմաթիվ ճարտարապետական խնդիրներին և նշել, որ «ցանկացած փող ունեցող «ռնգեղջյուր» քաղաքում անում է այն, ինչ ուզում է»։

«Հին Երևան» նախագիծը հին Երևանի իմիտացիա է,-ասել է նա,-քաղաքային իշխանությունները սխալ ճանապարհով են գնում, որովհետև հուշարձանը տեղափոխելով և մի տեղ կենտրոնացնելով՝ այն այլևս նույն արժեքը չի ունենում»։

Մինասյանի կարծիքով, ավելի լավ է Երևանի քաղաքային որոշ շերտեր պարունակող արժեք ներկայացնող շենքերը` փոքրիկ տները, ապրեին էլիտար շինարարության հարևանությամբ, բայց ոչ տեղափոխվեին։

Մինասյանը շատ դժգոհ է նաև «Մեր մեծերը՝ մեր կողքին» արձանաշարից. «Կարող ա՝ լավ նախաձեռնություն է եղել, բայց մեր մեծերին նման ձևով մարդկանց մոտեցնելը… Էդ տեսքով, գեղարվեստական նման ցածր մակարդակով արված…Եթե Չարենցի արձանն է դրվում, մեծարժեք գործ պետք է լինի։ Մհեր Մկրտչյանը նման խեղկատակ վիճակով չպետք է լինի, որովհետև ոչ բոլորը գիտեն, որ էդ արձանը նրա դերերից ինչ-որ մեկն է»։

Ճարտարապետը խոսել է նաև երևանյան այգիներից` նշելով, որ դրանք բզկտված են: Այգիների մեջ միակ բարվոք վիճակում գտնվողը, ըստ նրա, Սիրահարների այգին է. «Որովհետև տեր ունի»,-բացատրել է նա։

Երևանում ճարտարապետական տեսքի բարելավման դրական օրինակ Մինասյանը համարել է կամարանցումների գեղարվեստական ձևավորումը։

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply