ԷԼԴԱ ԳՐԻՆ. «Եթե հնարավորություն լիներ, ես նորից հետ կբերեի կյանքիս բոլոր շրջանները»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 16, 2012 14:00

Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, մանկավարժահոգեբանական ակադեմիայի իսկական անդամ, դատական փորձագետհոգեբան, արձակագիր, ՀՀ գրողների միության անդամ Էլդա Գրինն ասում է, որ դժվար մանկություն է ունեցել: Հայրը ստալինյան հալածանքներին է ենթարկվել. նրան աքսորել են, իսկ Էլդան ու մայրը ստիպված են եղել Մոսկվայից տեղափոխվել Երևան:

 Տիկին Էլդա, Դուք գեղեցիկ հայուհի եք ու զարմանալի է, որ Ձեր ազգանունը «յան»-ով չի ավարտվում

– Ասեմ, գուցե քչերն իմանան այս մասին: Համենայն դեպս, նոր սերնդին հաստատ կհետաքրքրի: Հայրս` Աշոտ Գրիգորյանը, հեղափոխական նշանավոր գործիչ է եղել:

Անհրաժեշտ էր ծածկանուն, ու նա վերցրել է ազգանվան առաջին երեք տառերը և վերջին «ն»-ն: Ու գիտեք, ի հիշատակ նրա գործունեության, իմ ծննդականում և հետագայում` անձնագրում գրվել է Գրին:

Ասում  են` հոգեբան լինելը դժվար բան է: Վստահ եմ, որ Ձեր գործունեության ընթացքում դժվար կացությունից դուրս եք բերել հարյուրավոր մարդկանց: Հետաքրքիր է իմանալ` իսկ Դուք ունե՞ք հոգեբան:

– Գիտեք, երբ հարցն ինձ է վերաբերում, ապա ես եմ իմ հոգեբանը: Կյանքիս ընթացքում չեմ կարող հիշել մի դեպք, երբ որևէ մեկին դիմած լինեմ իմ անձնական կամ այլ խնդիրներով: Դրանք փորձել եմ միշտ ինքս լուծել: Եվ քանի որ ինձ տոկուն մարդ եմ համարում, չափազանց հպարտ, բայց ոչ գոռոզ անձնավորություն, իմ հարցերը ինքս եմ լուծել և լուծում: Իսկ այն պարագայում, երբ ընտանիքիս անդամներին է համապատասխան օգնություն պետք լինում, դիմում եմ գործընկերներիս, քանի որ կողքի աչքը կարող է ավելի ճիշտ բնորոշումներ տալ: Տնեցիներն ինձ այնքան էլ չեն ընկալում որպես հոգեբանի կամ գրողի, այլ ավելի շուտ որպես մոր, տատիկի, հորաքրոջ:

Գոնե մտքում մոտավոր հաշվարկ արե՞լ եք, թե քանի մարդու եք կարողացել օգտակար լինել

– Անհամար է այդ մարդկանց թիվը: Պարզապես միշտ առաջնորդվում եմ ներքին համոզմունքով: Երբ կա վստահություն` հարկավոր է մարդուն օգնել, միշտ օգնում եմ, արդյունքներն էլ լավ են լինում, գոհացուցիչ: Գիտեք, եթե հնարավորություն լիներ, ես նորից հետ կբերեի կյանքիս բոլոր շրջանները և ոչինչ չէի փոխի:

Ոչի՞նչ:

– Այո՛, այո՛, ոչինչ չէի փոխի: Վստահեցնում եմ:

Տիկին Գրին, ասում են` կանայք ագրեսիվ են:

– Չէ՛, չէի ասի, որ կինը ագրեսիվ էակ է, իսկ եթե կա դրա որևիցե դրսևորում, կարծում եմ` արտահայտվում է միայն խոսքի մեջ: Կինն ընտանեկան օջախի պահապանն է, նա է մեծացնում երեխաներին, նա իր էությամբ հեզ է, նուրբ: Բոլոր կանայք այդպիսին են: Իսկ, ահա, տղամարդը պաշտպանն է` անկախ նրանից, թե ընտանիքում ով է իշխում: Պատահական չէ, որ Մարքսը կնոջ մեջ գնահատում էր հենց թուլությունը:

 Իսկ Ֆրեյդն ասում էր, որ կանանց հատուկ է կռվարարությունը

– Այո՛, կինը կռվարար է, որովհետև անհամբեր է, երբ հարցը, օրինակ, իր ասածն առաջ տանելն է: Կինը սիրում է արտահայտվել, եթե անգամ սենյակում մարդ չկա: Հետաքրքիր է, որ տղամարդ-կին հարաբերությունների մեջ տղամարդը սիրում է, երբ խոսում են կոնկրետ, իսկ կինը միշտ հեռվից է սկսում ամեն ինչ: Այդպես է, չէ՞: Առաջին հայացքից թվացող այս մանրուքից կարող է վեճ առաջանալ, որից հետո էլ կինը կարող է ընկնել դեպրեսիայի մեջ:

Տիկին Էլդա, հասկանում եմ, որ հոգեբաններն էլ են մարդ, ու հնարավոր է` նրանք էլ սխալվենՀետաքրքիր է` սխալվե՞լ եք ընկերների ընտրության հարցում:

– Այո՛, ցավոք, սխալվել եմ, և ասեմ, որ պատճառները տարբեր են եղել: Բայց ամենագլխավոր պատճառն այն է, որ ես հակված եմ մարդկանց մեջ ավելի շատ դրականը տեսնել:

Ասում են նաև, որ հոգեբանները տարբեր են տանը և աշխատավայրում:

– Այո՛, ճիշտ են ասում: Աշխատանքում ես ավելի հավաք եմ, կարող եմ ասել` ավելի կոնկրետ, իսկ տանը ինչ գործ էլ որ անեմ, մեկ է, հանգստանում եմ, որովհետև մեր տան մթնոլորտը միշտ եղել է ազատ ու ամենակարևորը` անկաշկանդ:

 Մեր երկրում ցմահ դատապարտվածների թիվը չափազանց մեծ է, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Նախ պետք է ասեմ, որ երկար ժամանակ մենք, այսպես ասած,  «ընտելացել» էինք մահապատժին: Վերջին տասնամյակներում արդեն մեր երկրում չի կիրառվում մահապատիժը: Իսկ մահապատժից հրաժարվելու առաջին նպատակը ոչ միայն մարդկային կյանքի պահպանումն է, այլև նրա ուղղումն ու վերադարձը դեպի հասարակություն: Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ պատժի ազդեցությունը տևում է 7 տարի, դրանից հետո այն ինչ-որ չափով կորցնում է իր դերը, քանի որ անձը հարմարվում է գրեթե բոլոր պայմաններին: Կարծում եմ` ցմահ դատապարտումը պետք լինի իսկապես բացառիկ պատժատեսակ, որը պետք է շատ զգուշորեն նշանակել:

Դուք մոլորակի վրա չեք գտնի երկու միատեսակ մարդու, չեն կարող լինել երկու միատեսակ քրեական գործեր և հետևաբար` երկու միատեսակ արարքներ: Հանգամանքները, դրդապատճառները միշտ էլ տարբեր են: Եվ քրեական դատավարության սկզբունքներից է յուրաքանչյուր գործի, պատժի նշանակման անհատականացումը:

Ավելի քան 44 տարի առաջ հիմնադրեցի դատահոգեբանական փորձաքննությունը: Մինչ այդ դատապարտվածի հոգեբանական հարցերը չէին քննարկվում կամ խիստ անհրաժեշտության դեպքում լուծվում էին հոգեբույժների կողմից:

Դատարանը տարիքային առանձնահատկություններ հաշվի չի՞ առնում:

– Ասեմ, որ դեմ եմ անձին ցմահ դատապարտելուն, եթե արարքը կատարելու պահին նա եղել է, ասենք, 19, 20 կամ էլ 21 տարեկան կամ գուցե ավելի փոքր, առավել ևս, եթե դա նրա առաջին դատվածությունն է: Կարելի է նշանակել թեկուզ տարիների առումով պատժի ամենաբարձր շեմը, բայց ոչ ցմահ մեկուսացնել հասարակությունից:

Տարիքը, առաջին դատվածությունը ցանկացած պարագայում պետք է համարել մեղմացուցիչ հանգամանք: Իսկ եթե տեսականորեն դիտարկենք, ապա ընդհանրապես մինչև 24 տարեկանն անձի ուղեղը դեռ զարգացման փուլում է: Ու քանի որ տարբեր երկրներում չափահասության տարիքը տարբեր է, չափահասության ու անչափահասության սահմանը խիստ հարաբերական է, ու պետք է դա անպայման հաշվի առնել: Ի վերջո, անձի անատոմիական, արտաքին հասունությունը դեռևս չի կարող վկայել նրա լիակատար հասունության մասին:

Ցմահ դատապարտյալները մարդիկ են, որոնք մեղադրվել են ծանրագույն, առավելապես խոշոր հանցանքների մեջ: Բայց կա նաև տուժող կողմ, չէ՞, որի շահն անտեսել չի կարելի:

– Մենք խոնարհվում ենք զոհերի առաջ, և նրանց հարազատների ցավը զգում ենք: Համոզված ենք, որ նրանք ևս հետամուտ են, որ բացահայտվի ճշմարտությունը: Որևէ մեկը չի անտեսում ո՛չ տուժողի, ո՛չ էլ մեղադրյալի շահը: Բայց արդարադատությունը չի կարող տեղի ունենալ` հաշվի առնելով միայն տուժողի կամ միայն մեղադրյալի շահը:

Հանցանք կատարած անձը պետք է պատիժ կրի, բայց այն պիտի լինի համարժեք արարքին, պետք է լինի անհատական մոտեցմամբ: Եվ խնդիրը բացառապես արդար, համակողմանի դատավարությունն է: Լավ կլինի, որ ոչ մի կողմի մեջ չփարատված կասկածներ չմնան: Երկու կողմերն էլ, ցանկալի է, դատարանից հեռանան այն համոզմունքով, որ դատավճիռը 100%-ով արդար է:

Ճի՞շտ է, որ հոգեբույժները դեպրեսիան անվանում են «միասնություն», մի հիվանդություն, որը հատուկ է բոլորին և նույնիսկ կարող է կրկնվել:

 – Ամեն մարդ ենթակա է դեպրեսիայի: Այն կարող է անցնել և հետո դարձյալ կրկնվել մի քանի անգամ: Եվ որքան շուտ է մարդը հասկանում,որ տառապում է դեպրեսիայով, այնքան ավելի մեծ են բուժման հեռանկարները: Դեպրեսիայից ոչ ոք պաշտպանված չէ: Առաջներում, օրինակ, կարծում էին` դեպրեսիան հատուկ է 45-50 անց մարդկանց, բայց այսօր ապացուցվել է, որ դեպրեսիան ցանկացած տարիքում էլ կարող է լինել: Ավելին ասեմ` այն հաճախ լինում է դեռահասության շրջանում: Դեպրեսիային հակված են ավելի շատ կանայք, քան տղամարդիկ: Համարվում է, որ տղամարդկանց մինչև 15%-ն է հակված դեպրեսիայի և կանանց` 50-65%-ը: Պատճառները շատ են, հիմնականում` քրոնիկական հիվանդությունները` ալկոհոլ, թմրամոլություն և այլն: Սրանք կարող են զուգակցվել խորը դեպրեսիայով:

Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում դեպրեսիայի ժամանակ:

– Դեպրեսիան աչքի է ընկնում տրամադրության անկումով, նվազում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, կորչում է հաճույքի զգացումը, կորչում է մտածողության արդյունավետությունը, անուշադրություն է առաջ գալիս, իջնում է ինքնագնահատականը, վերանում է հակառակ սեռի հանդեպ հետաքրքրությունը և այլն: Մարդուն թվում է` ֆիզիկապես հիվանդ է, մոտ 80 տոկոսով ավելանում է տագնապը, մեղքի զգացումը, նաև ինքնասպանության մտքեր են առաջ գալիս: Մարդը չի գիտակցում, որ հիվանդ է:

Հնարավո՞ր է բուժել:

–  Դեպրեսիան հարկավոր է երկար բուժել, որպեսզի չկրկնվի:

 

 Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Դիտվել է 3900 անգամ:
Print Friendly

Leave a Reply