Մաքսայինը գործարարին դրդում է մաքսանենգության, իսկ նա գերադասում է հեռանալ Հայաստանից

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 17, 2012 13:00

ՀՀ մաքսային օրենսգրքի «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է ՀՀ մաքսային տարածքից վերամշակման նպատակով և հետագա ներմուծման պայմանով ապրանքներ արտահանելը: 2005 թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը հաստատել է այդ ռեժիմով տեղափոխվող ապրանքների նույնականացման իրականացման կարգը, որը, ըստ մասնագետների, պարզաբանման կարիք ունի. «Ենթադրենք` ոսկու ձուլակտոր եք արտահանում՝ վերածելու զարդի և վերադարձնելու Հայաստան: Մաքսայինում պետք է այդ ապրանքը նույնականացնել, սակայն հնարավոր է՝ խնդիր առաջանա, քանի որ մաքսային մարմիններն ասում են՝ մենք չգիտենք՝ դուք ա՞յդ ձուլակտորից եք պատրաստել զարդերը, թե՞ այլ»,- բացատրում է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նույն խնդիրը կարող է առաջանալ, օրինակ` սուրճի կամ կաթի փոշու պարագայում. կանաչ սուրճը դրսից ներմուծում են, այստեղ բովում, այն դառնում է շագանակագույն, հետո աղում են, իսկ թե արտահանման ժամանակ ինչպե՞ս են որոշում՝ այդ սո՞ւրճն էր, թե՞ ոչ, պարզ չէ: Կամ` ներմուծում են կաթի փոշի, որ, օրինակ, պանիր արտադրեն և արտահանեն:

Նշենք նաև, որ այդ ռեժիմով ներմուծված կամ արտահանված ապրանքի մաքսատուրքը շատ ավելի ցածր է, քան եթե դու ուղղակի ապրանք ես արտահանում կամ ներմուծում:

Մասնագետներն ասում են, որ նույնականացման օրենքի հետ կապված թերացումը կարող է կոռուպցիայի համար լավ դուռ բանալ, այսինքն՝ կաշառք տվեցիր, ապրանքը կնույնականացվի, չտվեցիր՝ չէ:

Այդ խնդիրը ոսկու բիզնեսով զբաղվող Տիգրան Մոսինյանին վերջերս այնքան է «զզվացրել», որ նա հույսը կտրել է, թե Հայաստանում հնարավոր է օրինական ճանապարհով գործարարությամբ զբաղվել: Նա ոսկու ձուլակտորներ էր արտահանում Իտալիա, վերածում զարդերի կիսապատրաստուկների և կրկին ներմուծում Հայաստան: Այդ գործով սկսել է զբաղվել վաղուց՝ Ռուսաստանում և Իտալիայում: Սակայն 2011-ին վերադարձել էր Հայաստան և գործունեությունը շարունակել այստեղ: Այժմ ստիպված է կրկին իր գործունեությունը ծավալել Ռուսաստանում կամ Իտալիայում:

Նախքան Հայաստանում գործը սկսելը, համապատասխան մարմիններից նա տեղեկացել էր գործունեության կարգի մասին և, տեսնելով, որ սպասելիքները լիովին արդարանում են, ձեռնամուխ էր եղել առաջին խմբաքանակի արտահանմանը: «Մաքսազերծումը շատ նորմալ էր ընթանում,- ասում է նա,- ճիշտ է, ամեն անգամ լրացնում էին նույնականացման թերթիկ, չնայած ինձ համար մի քիչ զարմանալի էր, թե ի՛նչն են նույնականացնում, որովհետև ես դուրս էի հանում մի ապրանք և հետ բերում` լրիվ այլ: Օրինակ` լուսանկարում էին ոսկու ձուլակտորը, բայց ինձ համար անհասկանալի էր. եթե ես այն լրիվ այլ ձևով էի հետ բերում, ո՞ւմ էր պետք այդ լուսանկարը: Մի խոսքով, իրենք էլ էին հասկանում, որ շատ բան ձևական է, ասում էին` «էս ի՞նչ հիմար պահանջ է», բայց լրացնում էին»:

Ինչևէ, այդ նույն եղանակով նա 6 անգամ արտահանում և ներմուծում է իրականացնում: Սակայն այս տարվա մարտից մաքսայինը սկսում է «կամակորություններ» անել. գործարարին չեն թույլատրում արտահանումն իրականացնել՝ պատճառաբանելով, թե նախորդ 6 անգամվա մաքսային վճարները սխալ են հաշվարկել (ավելի պակաս, քան օրենքով նախատեսված է), և նա պետք է 37 մլն դրամ տուգանք վճարի. «Երբեք չեմ մտածել, որ մաքսային իմ վճարումները չեն համապատասխանել օրենքին,- ասում է Մոսինյանը: – Բացի այդ, ինչո՞ւ պիտի մաքսայինի վատ աշխատանքի, անփութության պատճառով ես պատասխանատվության ենթարկվեմ»:

Նրա խոսքով` օրենքով նախատեսված մաքսատուրքերը մոտ 50 անգամ ավելի բարձր են, քան «անօրեն» վիճակում վճարած մաքսատուրքերը, և եթե ինքն ի սկզբանե իմանար վճարի չափի մասին, ընդհանրապես ձեռնամուխ չէի լինի այդ գործին, քանի որ դա իրեն ձեռնտու չէ: «Ի դեպ, Ռուսաստանում և Իտալիայում այդ նույն գործը կատարելիս մաքսայինին վճարում էի նույնքան գումար, որքան Հայաստանում մինչև մարտը, ինչը բավական տրամաբանական գումար էր: Բայց, պարզվում է, այդ տրամաբանական գումարն Իտալիայում և Ռուսաստանում օրենքով է ամրագրված, Հայաստանում օրենքից դուրս է»:

Այժմ 37 մլն տուգանքի վճարման հարցն օդում կախված է: Մոսինյանը մարտական է տրամադրված և ասում է, որ ամեն ինչ կանի՝ պաշտպանելու իր իրավունքները: Քանի որ նա մարտական է տրամադրված, մաքսայինը նույնպես մարտական է տրամադրվել և նրա գործունեությունը խոչընդոտելու «լավ ձև» գտել. «Հանկարծ մաքսայինում հիշեցին նույնականացման օրենքը և ինձ ասացին, որ չեն կարող թույլ տալ ոսկու ձուլակտորներ արտահանել, քանի որ զարդերի տեսքով ներմուծման ժամանակ նույնականացման խնդիր կառաջանա: Բա ինչո՞ւ մինչ այդ խնդիր չէր առաջանում»,- հարցնում է Մոսինյանը:

Այս հարցում, սակայն, իր իրավունքները պաշտպանելու համար Մոսինյանն արդեն հույսը չի կարող դնել օրենքի վրա, քանի որ այն թերի է. «Փաստորեն, ինձ դրդում են մաքսանենգ ճանապարհով գործունեություն իրականացնել,- ասում է նա,- բայց միևնույն ժամանակ նրանք նաև լավ գիտեն, որ ես «Ախպե՛ր, բա ո՞նց անենք» սկզբունքով չեմ աշխատելու, այսինքն` կաշառք չեմ տալու, մտածում են` մեկ է, ինձնից օգուտ չկա, ավելի լավ է` բոլոր ճանապարհներս փակեն, ես դաշտից դուրս գամ»:

«Անկախ»-ի խնդրանքով, բարձրացված հարցը մեկնաբանեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Պատասխանից պարզ դարձավ, որ օրենքի ձևակերպման մեջ նախարարը որևէ խնդիր չի տեսնում. «Ցանկացած օրենք սահմանում է խաղի ընդհանուր կանոնները, բայց օրենքի կիրառման ժամանակ, մասնավորապես մաքսային ընթացակարգերում, կա վարչարարություն, որն իրականացնում է այդ օրենսդրությունը: Հնարավոր չէ այդ ամենը մինչև վերջ նկարագրել օրենքում, ցույց տալ` սկզբից ա՞ջ, թե՞ ձախ ձեռքով պետք է այս կամ այն գործողությունն իրականացվի: Եթե մարդը խնդիր ունի, թող դիմի համապատասխան ատյաններ` բողոքարկման հանձնաժողով, ընդհուպ դատական և պարզի, թե ի՛նչն է խնդիրը»,- ասաց նա:

Տիգրան Մոսինյանը դիմել էր Հանրային խորհուրդ՝ հույս ունենալով, որ դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել: Սեպտեմբերի 14-ին հարցը քննարկվեց ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նիստում, որին մասնակցում էր և´դիմողը, և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ: Մոսինյանի կարծիքով, նույնականացման կարգն ընդհանրապես պետք է հանվի, որովհետև եթե որևէ ապրանք ես արտահանում, վերամշակում և հետ բերում, այն արդեն բոլորովին նոր ապրանք է, և հնարավոր չէ նույնականացնել: Մինչդեռ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների`  Հարկ վճարողների Սպասարկման վարչության պետ Կ. Բեգլարյանի և Մաքսային վերահսկողության վարչության պետ Ա. Սողոյանի կարծիքով, նույնականացման ռեժիմը բավարար է:

Ինչևէ, Վազգեն Սաֆարյանը, որը նույնպես կարծում է, որ նույնականացումը պարզաբանման կարիք ունի, որոշեց նամակով դիմել կառավարությանը` նույնականացման գործընթացում որոշակի դեպքերի համար առանձնահատուկ ընթացակարգերի կիրառման առաջարկով. «Օրենքում պետք է հստակություն մտնի՝ ելնելով տնտեսվարող սուբյեկտին առավել նպաստավոր պայմաններ տրամադրելուց, այլապես մնացած խոչընդոտները կարող են նպատակ հետապնդել տնտեսվարողին այդ որոշումից կամ այդ գործառույթից չօգտվելու: Եթե գաղափարն ընդունված է, ապա դա պետք է առավելագույնս ծառայեցնել տնտեսվարողի շահերին, ոչ թե դրանով խոչընդոտել: Բացի այդ, նման դեպքերը կարող են հանգեցնել զարտուղի ճանապարհների կիրառմանը»,-ասաց նա:

Դիտվել է 1723 անգամ:
Print Friendly

Leave a Reply