Արշակավան

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 11, 2012 15:03

 Պատմության ընթացքում Հայաստանը բազում մայրաքաղաքներ է ունեցել. Վան, Անի, Բագարան… Սակայն նրանց մեջ մեկն առանձնահատուկ պատմություն ունի: Արշակավանը որպես մայրաքաղաք, առհասարակ որպես քաղաք գոյատևեց ընդամենը մի քանի տարի: Արշակավանի ստեղծման պատմությունն իսկ յուրահատուկ է և չի ենթարկվում որևէ տրամաբանության. Արշակավանն իր պատմությամբ աննախադեպ երևույթ է ողջ համաշխարհային պատմության մեջ:

IV դարում` Արշակ Երկրորդի գահակալման ընթացքում Հայաստանի քաղաքական իրավիճակը խիստ լարված էր: Հայաստանն իր ամբողջականության և անկախության համար գոյամարտի մեջ էր հզոր հարևանների` Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի հետ: Այս պայմաններում Հայաստանը նաև ներքաղաքական լուրջ խնդիրներ ուներ: Երկիրը պառակտված էր: Խոշոր ֆեոդալ-ավատատերերը մի կողմից, հայոց եկեղեցին մյուս կողմից, որ արքայից հետո Հայաստանի ամենախոշոր ավատատերն էր, իրենց տնտեսական և քաղաքական հավակնություններով պառակտում էին երկիրն ու Հայաստանի քաղաքական կյանքը:

Այս պայմաններում Արշակունիները ջանքեր չէին խնայում երկրի միասնականությունն ու հզորությունը պահպանելու համար: Խոսրով Բ Կոտակ (330-338), Տիրան (338-350) թագավորների գահակալության տարիները Հայաստանում արտաքին և ներքին բախումների շրջան էին: Հայոց թագավորները հանուն երկրի անկախության կանգ չէին առնում ոչնչի առջև. նրանց հրամանով սպանվեցին կաթողիկոսը, ոչնչացվեցին մի քանի նախարարական տներ… Այս ամենն ավելի սրվեց Արշակ Երկրորդի կառավարման լարված ու ողբերգական իրադարձություններով լի տարիներին (350-368):

Արշակը համառ պայքար էր մղում հռոմեական և պարսկական ոտնձգությունների դեմ: Այս պայքարում նա համարյա միայնակ էր: Հայոց արքայի միակ հավատարիմ օգնականը հայոց բանակի զորահրամանատարն էր` սպարապետ Վասակ Մամիկոնյանը, որը հանուն երկրի անվտանգության չխորշեց անգամ սպանել սեփական եղբորը` Վարդանին: Արշակ Երկրորդի հրամանով Վասակ Մամիկոնյանը բնաջնջեց երկիրը պառակտող նախարարական տները, որ ռեալ վտանգ էին ներկայացնում կենտրոնաձիգ իշխանության համար, սպանեց մի շարք ազդեցիկ գործիչների, որոնք հավատարիմ չէին հայոց արքային և պետականությանը: Սակայն հայոց արքայի կիրառած խիստ միջոցներն ավելի մեծ զայրույթ առաջացրին կենտրոնախույս նախարարների մեջ, որոնք, ահաբեկված արքայի խիստ միջոցներից, քաշվեցին իրենց գավառները` նրան թողնելով միայնակ իր պայքարում:

Այս պայմաններում Արշակ Երկրորդը փայլուն միտք հղացավ. լքված բոլորից` հայ նախարարներից, հոգևորականությունից` նա իր հենարանը դարձրեց հայ ժողովրդին ` հասարակ հայ աշխատավորին: Նա  IV դարի 50-ական թթ. Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը: Այն գտնվում էր Թավրիզ-Դարոյնք-Կարին (Թեոդոսոպոլիս) ճանապարհի ուղղությամբ` Արարատ լեռան գոգավորության վրա:

Արշակ Երկրորդը քաղաքում ամրություններից ու բնակելի շինություններից զատ արքայական ապարանքներ կառուցեց և այն ամենը, ինչ  հարկավոր էր Արշակավանի` որպես մայրաքաղաք գոյության համար:

Նա քաղաքը բնակեցնելու համար հրովարտակ արձակեց, որով Արշակավան էր հրավիրում այն անձանց, որոնք հալածական էին, հետապնդվում էին ինչ-որ մեկի կողմից: Դա մեծ զայրույթ առաջացրեց նախարարների շրջանում, քանզի շատերը ուղղակի փախան իրենց բնակավայրերից և հաստատվեցին Արշակավանում. հայոց արքան հավասար ազատություն և իրավունքներ էր խոստացել բոլորին` ճորտերին, ազատներին և անազատներին:

Պատմիչների հավաստմամբ` Արշակավանը ավազակների որջ դարձավ: Այս փաստարկին չպետք է լուրջ վերաբերվել: Որպես Հայաստանի ամենամեծ ավատատեր` ամենից շատ, բնականաբար, տուժեց եկեղեցին, այդ իսկ պատճառով հայ կղերական պատմիչները համակրանք չէին կարող տածել Արշակ Երկրորդի նկատմամբ: Ինքը` Ներսես Ա Պարթև կաթողիկոսի տեղապահ Խադ եպիսկոպոսը հրաժարվեց ենթարկվել հայոց թագավորին և չօծեց Արշակավանում կառուցած նրա եկեղեցին: Իսկ պատմիչներից Փավստոս Բուզանդն առհասարակ թաքցնում է Արշակավանի կործանման իրական պատմությունը և վկայում Ներսես կաթողիկոսի անեծքով և Աստծո ցասումով քաղաքի դատարկվելու մասին` գրելով, թե Արշակավանի բնակիչները մահացել են համաճարակից: Սա էլ իր հերթին վկայում է այն մասին, թե որքան մեծ է եղել ըմբոստ նախարարների և հոգևորականների պատճառով Արշակավանի կործանման արձագանքը, որոնք իրենց գործունեությամբ թուլացրին հայոց պետության հիմքերն ու նպաստեցին Սասանյան Պարսկաստանի կողմից նրա նվաճումը:

Արշակավանում մարդիկ հաստատվել էին իրենց ընտանիքներով, ամբողջ խմբերով` փախչելով ֆեոդալական կախվածությունից և հայ ավատատերերի հալածանքներից, և ոչ մի թագավոր, բնականաբար, թույլ չէր տա իր նորակառույց մայրաքաղաքում ավազակների գոյությունը: Ուղղակի հայոց արքան այս քայլով իր համար որոշ սոցիալական հենարան էր ստեղծում` կենտրոնախույս իշխանների դեմ պայքարելու համար: Այս ձեռնարկով Արշակ Երկրորդն ըմբոստանում էր ոչ միայն ժամանակի կարգերի և բարքերի, այլև հայ ազնվականության, հայոց եկեղեցու, ընդհանրապես հասարակարգի դեմ: Ավելորդ չէ նշել, որ Արշակ Երկրորդի այս ձեռնարկը եզակի է ողջ համաշխարհային պատմության մեջ:

Կարճ ժամանակում Արշակավանը բազմամարդ քաղաք դարձավ: Ուսումնասիրողներից ոմանք նրա բնակչությունը հաշվում են 20000 մարդ, ոմանք` 20000 ծուխ: Սակայն հայոց այս նոր մայրաքաղաքին կարճ կյանք էր վիճակված: Խորենացու հաղորդման համաձայն` օգտվելով այն հանգամանքից, որ հայոց արքան մայրաքաղաքում չէ և պատերազմում է պարսից դեմ, հայ նախարարները և հոգևորականությունը իսկական խաչակրաց արշավանք ձեռնարկեցին Արշակավանի դեմ: Նրանք Ներսեհ Կամսարական իշխանի առաջնորդությամբ գրավում են քաղաքը, կոտորում բնակչությանը, իսկական նախճիր սարքում այնտեղ, քաղաքը հիմնահատակ ավերում: Կոտորածից փրկվում են միայն մանկահասակ երեխաները, որոնց հայոց կաթողիկոս Ներսես Առաջինը հավաքում է մի մարագում և տանում: Ցավալին այն է, որ հայ նախարարներն ու հոգևորականներն իրենց նախճիրն իրականացնելիս օգտվեցին Հայաստանի թշնամի Սասանյան Պարսկաստանի սիրալիր ծառայություններից: Ամեն դեպքում, թե՛ Փավստոսը, թե՛ Խորենացին Արշակավանի դեպքերի առնչությամբ բացահայտ մատնանշում են Ներսես Ա կաթողիկոսի առաջնորդող դերակատարությունը:

Հետագայում հայոց արքան վրեժխնդիր եղավ հայ նախարարներից Արշակավանի համար, իսկ Կամսարականների ողջ տոհմը բնաջնջեց և խլեց նրանց կալվածքները:

Սակայն Արշակավանին հասցված հարվածն այնքան ուժգին էր, որ այն երբեք այլևս չվերականգնվեց:

Արշակավանը հայոց արքաների կառուցած վերջին քաղաքն էր ողջ հայոց պատմության մեջ:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 4068 անգամ:
Print Friendly

Leave a Reply