Սեքսուալ ակտիվությունը խթանող կերակուրներ. պնդուկը` «կրքի կորիզ», իսկ իշխան ձուկը սնում է ցանկասիրությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 11, 2009 13:26
vrej-sahramanyan

ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյան

Սեռականությունը պահել միշտ բարձր մակարդակի վրա մեծ քաղաքներում շատ դժվար է: Այս եզրակացությանն են հանգել սեքսոլոգները:

Էկոլոգիական պայմանները (օդի եւ միջավայրի ախտոտվածությունը), ամենօրյա սթրեսային իրավիճակները, նեւրոզները խիստ բացասական ազդեցություն են ունենում սեռական ֆունկցիայի վրա: Եվ եթե սեռական ակտիվության վրա բացասաբար ազդող արտաքին գործոններին գումարվում է նաեւ մարդու սխալ սնունդը, ապա արդեն երիտասարդները սեռականության եւ վերարտադրողական առողջության հետ խնդիրներ են ունենում:

Հենց այս պատճառով, բժիշկները խորհուրդ են տալիս առողջ սեռականություն ունենալու համար, գոնե, յուրաքանչյուրն անի այն, ինչ իրենից է կախված` հետեւել սննդակարգին:

Սննդամթերքի եւ սեռական կյանքի միջեւ անմիջական կապ կա: Այս ամենը, թե ինչ, ինչքան եւ ինչ սնունդ ես ուտում, ուղղակիորեն ազդում է սեռական ակտի որակի վրա: Կերակրի եւ սեքսի կապը մարդկությունը սկսել է գիտակցել դարեր առաջ, եւ նույնիսկ արեւելյան բժիշկ եւ փիլիսոփա Ավիցեննան (980-1037թթ.) իր աշխատություններում գրում էր այն մասին, թե ինչպես է ուտելիքն ազդում սեռական կյանքի որակի վրա:
«Մարդն ինչպես սնվում է, այնպես էլ իրեն անկողնում է դրսեւորում», – ասում է բժիշկ-սեքսոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Սեքսուալ ակտիվությունը խթանող միջոցները կոչվում են աֆրոդիզիակներ՝ ի պատիվ հին հունական սիրո աստվածուհու՝ Աֆրոդիտեի:
Նա ասում է, թե «սեքսուալ» խոհանոցում առաջին հերթին մեծ ուշադրության են արժանի ֆոսֆորով հարուստ մթերքները, որոնցից են ձկնատեսակները:

«Դեռ հին հռոմեացիներն ասում էին, որ ձուկը սնում է ցանկասիրությունը: Այդ ձկներից են կատվաձուկը, կաղամարը, ոստրեն, ինչպես նաեւ մեր հանրահայտ իշխանը», – ասում է բժիշկը:

Հայտնի է, որ ֆոսֆորը լիբիդոյի վրա ազդող համար առաջին հանքային նյութն է:

Բժշկի խոսքով, սեռական ակտիվության համար շատ կարեւոր հանքային նյութ է նաեւ ցինկը, որն անհրաժեշտ է տղամարդու տեստոստերոն հորմոնի արտադրման համար: Միջին քաշի երիտասարդ տղամարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 2, 2 գրամ ցինկ, որից ցածր քանակը բացասաբար է ազդում առողջության վրա:

Ցինկի պակասի դեպքում տղամարդը կարող է մի շարք լուրջ խնդիրների առաջ կանգնել. ունենալ լիբիդոյի նվազում, էրեկցիայի խանգարումներ եւ սպերմայի արտադրման հետ կապված խնդիրներ: Ցինկն անհրաժեշտ է նաեւ կանանց առողջ սեռականության համար, քանի որ այն խթանում է հեշտոցի քսուքի արտադրման պրոցեսը:

Ցինկով հարուստ են միսը, ձուկը, ընկույզը, որոշ բանջարեղենները (օրինակ՝ կարտոֆիլը, գազարը, սխտորը, ծաղկակաղամբը եւ այլն) եւ խաղողի հյութը:

Տարիքի հետ մարդու օրգանիզմը սկսում է ցինկը դժվարությամբ յուրացնել:

Օրգանիզմի ցինկի պաշարների վրա խիստ բացասական ազդեցություն ունեն նաեւ ծխախոտը, ալկոհոլը, որոշ ինֆեկցիաներ եւ դեղամիջոցներ:

Դրական ազդեցություն ունեն սեռականության վրա ծովամթերքները: «Ծովախեցգետինը, խեցգետինը եւ ծովի պարգեւած այլ բարիքները վաղուց փորձված աֆրոդիզիակներից են: Բայց «ամենացնցողը», թերեւս, ոստրեն է, քանի որ այն ոչ միայն օգտակար է, այլեւ շատ ռոմանտիկ տեսք ունի», – ասում է Շահրամանյանը:

Ծովամթերքները շատ յոդ են պարունակում եւ դրական ազդեցություն ունեն վահանաձեւ գեղձի վրա, որի բնականոն աշխատանքը դրական է անդրադառնում սեռական առողջության վրա: Վահանաձեւ գեղձի խնդիր ունեցողների մոտ թուլանում է նաեւ սեռական ցանկությունը:

Բնական աֆրոդիզիակների շարքում կարեւոր տեղ է զբազեցնում նեխուրը: «Պատահական չէ, որ Լյուդովիկոս 15-րդի սիրուհի մարկիզա դե Պոմպադուրը, ով «անկողնային վագրուհի» էր, միշտ նեխուրով տաք շոկոլադ էր ըմպում», – նշում է Շահրամանյանը:

Ընկույզները նույնպես դրական ազդեցություն ունեն սեռականության վրա: «Հնդկացիները, արաբներն ու չինացիները սեռական կարողությունը պահպանելու համար հնուց ի վեր նուշ են օգտագործում: Իսկ պնդուկը համարում են «կրքի կորիզ»՝ իր գրգռիչ ազդեցության պատճառով: Հնդկաստանում սիրային լավագույն ուտելիքներից է նաեւ մեղրով պիստակը», – ասում է Շահրամանյանը:

Ռեհանն ուժեղացնում է սեռական ցանկությունը՝ լիբիդոն: Ռեհանը խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել 50-ն անց մարդկանց:
Սոխն ու սխտորը բոլոր ժամանակներում էլ հայտնի են եղել իբրեւ սեռական ցանկության խթանիչներ: Այդ պատճառով իրենց հայրենիքում՝ Եգիպտոսում, սոխն ու սխտորը սուրբ բույսեր են համարվում:

Սեռական ակտիվության կարեւոր խթանիչ է մեղրը:

«Ինչո՞ւ է ամուսնական առաջին ամիսը կոչվում«մեղրամիս»: Որովհետեւ մեղրը նույնպես հրաշալի աֆրոդիզիակներից է, – պատմում է բժիշկ Շահրամանյանը, – հին Պարսկաստանում հարսանիքից հետո նորապսակները մի ամիս շարունակ մեղրաջուր էին խմում՝ իրենց ապագա երեխային շուտ բեղմնավորելու նպատակով»:

Մեղրը նաեւ խթանում է կանացի էստրոգեն հորմոնի սինթեզը եւ բարելավում է նյութափոխանակությունը:
Սմբուկը, ինչպես նաեւ լոբին, սունկը, ծաղկակաղամբը, դեղձը, բանանը, խնձորը, խաղողն ու շոկոլադը սեքսուալ կյանքը կարող են դարձնել ավելի հետաքրքիր – հագեցած:

Ուժեղ խթանիչ ներգործություն ունեն նաեւ մրգերը: «Արեւելքում ցայսօր նռան հատիկները խորհուրդ են տրվում զուգընկերոջը՝ սիրո գիշերից առաջ: Այս կարգի «օգնական» է համարվում նաեւ անանասը», – ասում է Շահրամանյանը:

Բանջարեղենից առանձնացնում են ծաղկակաղամբը եւ գազարը:

Թարմ ընկույզը (հատկապես՝ սովորական, նուշը եւ պիստակը) պարունակում են վիտամինների եւ միկրոէլեմենտների բացառիկ հավաքածու. դրանք անփոխարինելի են հոգնածության եւ սթրեսների ժամանակ:

Կաթնամթերքը լավացնում է մարսողությունը եւ նյութափոխանակությունը, ինչն իր հերթին դրական ազդեցություն է ունենում սեռական ֆունկցիայի վրա: «Կաթնաշոռը, սերուցքը, քամած մածունը եւ քամած թթվասերը շատ լավ են ազդում սեռական եւ վերարտադրողական առողջության վրա», – ասում է Շահրամանյանը:

Ալկոհոլի եւ սեռականության կապը շատ անմիջական է: Հայտնի է, որ մեկ բաժակ կարմիր գինին մաքրում է անոթները եւ օգտակար է սեռական ֆունկցիայի համար, մինչդեռ գարեջուրը եւ օղին շատ վնաս են սեռական ֆունկցիայի համար:

Շատերը` հատկապես երիտասարդները, այն թյուր կարծիքի են, թե ալկոհոլը, իբր, խթանում է սեռական ցանկությունը եւ ուժեղացնում պոտենցիան: Շահրամանյանն ասում է, որ դա սխալ պատկերացում է եւ կտրականապես համաձայն չէ դրա հետ:

Նա ասում է, որ շատ խմելը «ստիպում» է մեր լյարդին արտադրել հսկայական քանակությամբ ֆերմենտներ, որոնք քայքայում են տեստոստերոնը` տղամարդու հորմոնը, որ նաեւ ապահովում է սեռական ցանկությունը:

«Ժամանակակից հետազոտությունները պարզել են, որ միջին տարիքի տղամարդկանց զգալի մասը չի կարողանում էրեկցիայի հասնել անգամ երեք կում լիկյորից հետո (հարյուր գրամից քիչ պակաս), – ասում է Շահրամանյանը, – իսկ երկարատեւ հարբեցողությունը կարող է հանգեցնել սեռական անկարողության եւ անպտղության»:

Իհարկե, սեռական ակտիվության համար կարեւոր է, թե ինչ ես ուտում, բայց նաեւ պակաս կարեւոր չէ, թե ինչպես ես ուտում:
«Ցանկացած սեռախթանիչ սնունդ ընդունելիս պետք է ձգտել այն ուրիշ սննդատեսակի հետ չխառնել, ընդունել միայն զատված տեսքով, – ասում է Վրեժ Շահրամանյանը, – օրինակ, եթե ուտում եք ձուկ, պետք չէ այն խառնել հյութերի կամ այլ բաների հետ»:

Բացի այդ, սնվելու եւ սեռական ակտի միջեւ պիտի որոշ ժամանակ անցնի, քանի որ սրանք իրար խանգարող պրոցեսներ են: Նաեւ հայտնի է, որ սիստեմատիկ չափից ավելի ուտելը դանդաղեցնում է սեռական ֆունկցիան, իսկ կարճատեւ սով պահելն այն ակտիվացնում է:

Շահրամանյանը նշում է, որ կարեւոր է նաեւ սեռախթանիչ սնունդն էլ չափավոր ուտել. «Միեւնույն մթերքը քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է ակտիվացնել սեռական ցանկությունը, իսկ չարաշահելու դեպքում, ընդհակառակը, կարող է ընկճել», – ասում է բժիշկը:

Դիտվել է 9078 անգամ:
Print Friendly

Մեկնաբանություններ՝ (2)

  1. Քաջիկ ասում է՝

    Այժմեական հոդված է և շատ օգտակար, սակայն լավ կլիներ որ հարցին կոմպլեքս մոտեցում ցուցաբերվեր, այն է հոդվածները լինեին շարունակական, փոքր կոնքի մարզումների և շագանակագեղձի վիճակի կարևորության մասին տեղեկատվությամբ:

  2. speedtest ասում է՝

    Liovin hamamit em Qajiki asaci het….

Leave a Reply