Ոստիկանությունը չի ապահովում վկաների մասնակցությունը

Օրվա լուր | | July 18, 2012 15:48

Հուլիսի 17-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեգ Հարթունյանի գործով հերթական դատական նիստը:
Սպասվում էր, որ այս անգամ պետք է հարցաքննվեին գործով առնվազն 5 վկա, սակայն դատարան էին ներկայացել վկաներից միայն երկուսը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը վկաներին բերման ենթարկելու որոշում կայացրեց, ինչը ենթադրում էր, որ ստիկանության աշխատակիցները պետք է նախ վկաներին տեղյակ պահեին, որ դատական նիստ է լինելու, ապա նաեւ ապահովվեին նրանց ներկայությունը դատական նիստին:
Սակայն ոստիկանությունն, ինչպես նախորդ անգամ,այս անգամ էլ վկաների ներկայությունը չէր ապահովվել:
Նիստին ներկա երկու վկաները “Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս” ՍՊ ընկերության անվտանգության նախկին աշխատակիցներ Դավիթ Սարգսյանն ու Նվեր Խաչատրյանն էին:
Դավիթ Սարգսյանն իր ցուցմունքում նշեց, որ իր աշխատանքային 15 օրերի ընթացքում չի իմացել, որ ընկերության տարածքում առկա է մանրածախ խանութի գոյության մասին, նա ասաց նաեւ, որ ինքը խանութից գնումներ չի կատարել:
Դատական նիստին ներկա մյուս վկան` Նվեր Խաչատրյանը, ուշադիր զննելով ամբաստանյալներին` Նարեգին, Ա.Մ.-ին եւ Արթուր Գալստյանին, հայտարարեց, որ նրանց չի ճանաչում, մեկ-երկու անգամ միայն տեսել է Ա. Գալստյանին:
Հիշեցնենք, սակայն, որ վկայի աշխատելու ժամանակահատվածում ընկերության տնօրենը Նարեգ Հարթունյանն էր, փոխտնօրենը` Ա.Մ-ը, իսկ Արթուր Գալստյանը գլխավոր հաշվապահն էր: Վերջիններս ամեն օր կանոնավոր կերպով հաճախել են աշխատանքի:
Հարցերին, թե վկան հիշում է` երբ է աշխատել ընկերությունում եւ որքան է վաստակել, Ն. Խարատրյանն ասաց, որ չի հիշում:
“Հիշողության հետ խնդիրնե՞ր ունեք”,-դատախազ Բագրատ Պետրոսյանի հարցին ի պատասխան վկան ասաց` այո:
-Իսկ ո՞վ է Ձեզ աշխատանքի ընդունել, ինչպե՞ս եք իմացել, որ թափուր աշխատանք կա,-հարցրեց դատավորը:
-Վարորդներից եմ հարցրել, ասել են` արի, աշխատի….
Հարցին, թե տեսել է երբեւէ, որ ընկերության տարածքում մանրածախ խանութ լինի, վկան ասաց, որ ինքը չի տեսել:
“Ընկերությունում եղել են արդյոք այլ դարպասներ բացի հիմնական մուտքի դարպասները” հարցին վկան պատասխանեց` այո:
Քանի որ հիմնական հարցերը բխում էին ընկերության տարածքի հետ կապված մանրամասներից, նիստը վարող դատավոր Ազարյանը որոշեց ընկերության տարածքի տեղատեսություն իրականացնել:
Ի դեպ, հետաքրքրական մի փաստ եւս արձանագրվեց նիստի ընթացքում. Պարզվում է` այս ամիսների /քրեական գործ հարուցելուց հետո անցել է ավելի քան մեկ տարի/ ընթացքում դատախազը երբեւէ չի այցելել “Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս” ՍՊԸ` անձամբ տեսնելու տարածքը, որի մասին հարցեր է տալիս:
Դատավորը որոշեց հաջորդ դատական նիստից առաջ տեղանքի զննում իրականացնել, որից հետո կշարունակվի դատական նիստը:
Վկաների բացակայության պատճառով դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել` նշանակելով այն հուլիսի 17-ին՝ ժամը 10.30-ին` նույն օրն առավոտյան ընկերության տարածքի զննումից անմիջապես հետո:

Մարիամ Մուղդուսյան

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply