Զարմանալի դրական փոփոխություն

ԷՍՍԵ | | June 10, 2012 15:21

Հեռու եմ այն մտքից, որ մեր ժողովրդի հիմնական հատկություններից մեկն անընդհատ դժգոհելն է: Բայց օտարներին, օրինակ, զարմացնում է, որ երբ ծանոթին  հանդիպելիս հարցնում ես նրա որպիսությունը, մեծ մասամբ լսում ես «ոչինչ» պատասխանը: Մեր երկրում անարդարությունը խեղդելու աստիճան շատ է, մեծ մասամբ օրենքը չի գործում: Մյուս կողմից` կարծես  կամաց-կամաց կայանում է քաղաքացիական հասարակությունը,  որը պայքարում է  բացասական երևույթների և անարդարությունների դեմ, ու երբեմն և հետզհետե ավելի ու ավելի հաճախ հաղթում է հասարակական կարծիքը: Պարզապես պետք է շատ զգոն լինել, քանի որ չմտածված կամ անձնական շահով պայմանավորված դեպքեր անընդհատ առաջանում են ու կառաջանան:

Անարդարության ու հոռի երևույթների շարունակականության կամ մեծ «չափաբաժնի» պատճառով, սակայն, հաճախ դրականն ու առաջընթացն էլ  ստվերում է մնում. մարդիկ չեն հավատում, որ կարող են նաև դրական փոփոխություններ լինել, ու չհավատալով եղածը չեն էլ նկատում:

Ահավասիկ: Վերջին 10-12 տարում մի քանի անգամ առնչվել եմ Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննարկման բաժանմունի (ՄՌՈՒ) հետ. վարորդական իրավունք եմ ստացել, փոխել, ավտոմեքենա գնել և վաճառել` դրանք ուղեկցող բոլոր գործողություններով` հաշվառել, հաշվառումից հանել, համար հանել, դիմումներ գնել, մուծումներ անել և այլն: Դեռ մեկ տարի առաջ այդ գործողություններն իսկական տանջանք էին` ծանոթ մեջ գցել, քրտնած և գռեհիկ տղամարդկանց մեջ հերթ կանգնել, մուծումն ուրիշ տեղ կատարել, հետո վերադառնալ, ապա մեկ այլ մուծումի համար նորից հետ գնալ, անվերջանալի ընդմիջումների դեմ առնել և այլ անհարմար, նյարդայնացնող, հյուծող գործողություններ` «համեմված» կոպտություններով ու վեճերով:

Եվ ահա մի քանի օր առաջ ստիպված էի այդ գործողությունները նորից կատարել: Երբ ծանոթներիցս հարցնում էի, թե որտեղ է այդ նորաբաց կենտրոնացած Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննարկման բաժանմունի, շատերը տեղը ճիշտ բացատրում էին, և թեպետ  որևէ գործողություն չէին կատարել, ասում էին, որ ահավոր է, սարսափելի հերթեր են` դրանցից բխող մեզ ծանոթ հետևանքներով:

Ուժերս հավաքեցի ու գնացի, պետք է վերցնեի իմ անձնական մեքենայի սեփականության վկայականը և տեղեկանք, որ այն գրավի տակ չէ:  Ի զարմաս ինձ` տեսա ընդարձակ սրահ` տասնյակ գեղեցիկ ու բարեհամբույր աղջիկներով, գործարքներս կատարեցի 10 րոպեում: Հաջորդ անգամ այդ նույն կենտրոնը գնացի արդեն նոր գնած մեքենայով` այն հաշվառելու և համարներ ստանալու համար: Այս գործողությունները, իհարկե, մի քիչ երկար տևեցին` 40 րոպե, բայց բնավ չնյարդայնացա, քանի որ  ընթացքը շատ հանգիստ էր, վերաբերմունքը` գերազանց:

Մեքենան  ստուգելուց հետո մոտենում ես մուծումներ կատարելու: Համարյա բոլոր բանկերը տեղում մասնաճյուղեր ունեն, հերթեր չկան: Գրեթե բոլոր ԱՊՊԱ-ները ներկայացված են. որտեղ ուզես` կարող ես ապահովագրել մեքենադ: Մոտենում ես այդ բազմաթիվ աղջիկ-տեսուչներից որևէ մեկին, և արագ հաշվառումը կատարվում է, մեքենայի համարը` տրամադրվում: Եթե համարը սրտովդ չէ, լրացուցիչ գումարով անմիջապես ուզածդ համարն են տրամադրում:

Մի խոսքով,  հաճելիորեն զարմացած և գոհ արեցի գործերս  և որոշեցի անպայման գրել  այդ մասին:

Սա հույս է ներշնչում, որ իշխանություններն ուրիշ ոլորտներում էլ կաշխատեն հեշտացնել քաղաքացիների հոգսերը:

Դիտվել է 2108 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

  1. Մինաս ասում է՝

    իրոք որ դրական բաներ կան մեր կյանքում,ուղղակի մենք չենք նկատում…

Leave a Reply