Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ,լուսանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2012 18:50


Մարզի Սարդարապատ համայնքում Նախագահն այցելել է նորաբաց «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերության ջերմատուն, ծանոթացել ընկերության կողմից իրականացված աշխատանքներին և զարգացման ծրագրերին:
Խոշոր ջերմոցային տնտեսություն ստեղծելու նպատակով 2011թ. ստեղծված «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերությունը Սարդարապատ համայնքում գնել է 20,0 հա հողատարածք, որի վրա իրականացվել են 1,1 հա ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքներ: Ջերմատան շինարարությունն ավարտվել է ս.թ. մարտի վերջին: Առաջին բերքը ջերմոցային տնտեսությունում նախատեսվում է ստանալ ս.թ. ապրիլի վերջին:
Ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված, Հանրապետության ղեկավարին ներկայացրել են, որ բանակցություններ են տարվում հոլանդական կազմակերպության հետ՝ ջերմոցային տնտեսությունը 2012թ. մինչև 15 հա ընդլայնելու համար, որից հետո նախատեսվում է այժմ աճեցվող նազրվան տեսակի վարունգից բացի, ջերմատանն ստանալ նաև այլ բանջարեղեն՝ լոլիկ, պղպեղ ու ծաղկի որոշ տեսակներ: Իրացման շուկան, ընկերության ղեկավարության հավաստմամբ, մեր հանրապետությունից բացի կներառի ՌԴ մայրաքաղաքն ու Ռուսաստանի մյուս խոշոր քաղաքները:
Արմավիրում Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև մարզում իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրին: Նախագահին զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի միջոցներով 2012թ. Արմավիրի մարզում իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի շրջանակում Մյասնիկյան համայնքի հատվածի աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն այս տարեվերջին: Նախատեսվում է, որ ծրագրի իրականացմամբ կբարելավվի ոռոգման ջրի մատակարարումը, կկրճատվեն համակարգում դեռևս գոյություն ունեցող մեծ կորուստները: ՀՀ նախագահի 2008թ. կարգադրությամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցով Մյասնիկյան համայնքի միջտնտեսային և ներտնտեսային ցանցերի վերանորոգման նպատակով ներկա պահին ընթանում են 2.95կմ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցի շինարարական աշխատանքները՝ համայնքի 15% համաֆինանսավորմամբ, որն զգալիորեն կնպաստի տնամերձ հողամասերի ոռոգման բարելավմանը:
Արամվիրի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահն այցելել է նաև «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «ՀՀ գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի» շրջանակում հիմնանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխան ու որոշակի նորամուծություններով՝ բացօթյա դասարան, նորագույն ձևավորումով դասասենյակ-լաբորատորիա, շախմատի դասասենյակ, գրադարան-մեդիա կենտրոնով Մյասնիկյան համայնքի միջնակարգ դպրոց և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված միջոցներով հիմնանորոգվող Արմավիրի թիվ 5 դպրոց: Թիվ 5 դպրոցում շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել են, որ 7 մասնաշենքից բաղկացած ուսումնական այս հաստատությունում 2011թ. պետական միջոցներով իրականացվել են 3 մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներ, իսկ դպրոցի վերանորոգման համար հատկացված գումարով 2 մասնաշենքի վերանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել 2012թ. ընթացքում:
Սերժ Սարգսյանն այնուհետև Արմավիրի մարզային գրադարանում ծանոթացել է 2011թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված հիմնանորոգման և անվտանգության համակարգի ներդրման աշխատանքներին: Նախագահին ներկայացվել է, որ «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով գրադարանը համալրվել է նաև տեխնիկական սարքավորումներով և գրականությամբ: Ներկայում գրադարանային ֆոնդը կազմում է շուրջ 110737 գիրք:
Բարենորոգված մարզային գրադարանն այժմ ունի լայն հնարավորություններ նաև տարբեր միջոցառումների կազմակերպման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը գրադարանի ընթերցասրահում մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply