ՀՅԴ համամասնական ցուցակի 6-րդ տեղում. ո՞վ է Կարինե Հարությունյանը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 3, 2012 17:02

Կարինե Հարությունյանի անունը ՀՅԴ համամասնական ցուցակում 6-րդն է: Կրթության ազգային ինստիտուտի հայագիտության և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետը խոստովանում է, որ ցուցակում իր անվան հայտնվելն իր համար էլ էր անակնկալ: «Երբևէ չեմ մտածել` իմ  անունը կլինի՞ ցուցակում, թե ոչ»,- ասում է քաղաքական ոլորտում առաջին անգամ «Անկախ»-ին հարցազրույց տվող Կարինե Հարությունյանը:

Բայց եթե Գերագույն մարմինն այդպես է որոշել, ապա նա պարտավոր է ընդունել այդ որոշումը: «Ես ընդամենը շարքային կուսակցական եմ, և անկախ նրանից` ինձ վստահված հանձնարարությունը որ ոլորտից է և ինչ կարգի, ես պարտավոր եմ կատարել»,- ասում է նա:

Բացի Կրթության ազգային ինստիտուտում աշխատանքային գործունեությունից, Կարինե Հարությունյանը 15 տարի «Իրավունք» առարկայաշարն է դասավանդել թիվ 120 դպրոցում, զուգահեռ նաև հասարակագիտական ոլորտի առարկաներ է դասավանդել «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտում, Ճգնաժամային իրավիճակների կառավարման պետական ակադեմիայում, «Ուսում» վարժարանում: Համագործակցում է ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ, որոնք զբաղվում են Հայաստանում ժողովրդավարության և հանրակրթական ոլորտի խնդիրներով:

ՀՅԴ-ի համախոհ եղել է դեռևս 1990-ականներին: Սակայն, ինչպես ինքն է ասում, միայն 2006-ին է համարձակություն ունեցել ստանձնելու ՀՅԴ անդամ դառնալու պատասխանատվությունը:

Ի՞նչ է զգացել Կարինե Հարությունյանը` իմանալով, որ կարող է պատգամավոր դառնալ: «Անկեղծ ասած` ահավոր մեծ պատասխանատվության զգացում ունեցա նախ և առաջ իմ կուսակցական ընկերների առաջ, հետո իմ 15 տարիների բոլոր շրջանավարտների առաջ, որովհետև իմ խոսքը միշտ եղել է անկեղծ, եղել է ազնվության, արդարության և հավասարության համատեքստում, և վերցնել ու այդ ամբողջ տարիների վաստակը փորձել ռիսկի տակ դնել, մեծ պատասխանատվություն է»,- ասում է նա:

Վերջապես, Կարինե Հարությունյանը մեծ պատասխանատվություն է կրում իր երկու որդիների առջև: «Ավագ որդիս 19 տարեկան է, փոքրը` 15: Նրանք են իմ առաջին քննադատները,- անկեղծանում է նա,- ես պետք է ցույց տամ, որ կարող եմ լինել ուժեղ և օրինակելի»:

Խորհրդարանում նա իրեն տեսնում է հիմնականում կրթության ոլորտում. «Պետք է հնարավորության սահմաններում աջակցեմ այդ ոլորտի բարեփոխումներին: Ես` որպես երիտասարդ մայր, ոլորտի փորձագետ և ուսուցիչ, լավ գիտեմ, թե ինչ խոչընդոտներ կան կրթության որակի, հետագա ընթացքի, աշխատանքի հետ կապված»:

Այն դպրոցը, որտեղ նա երկար տարիներ դասավանդել է, հիմնականում միջինից ցածր սոցիալական խավի երեխաներ են հաճախում, և նրա խոսքով` այդ խավի պահանջն ավելի մեծ է ուսուցչից: «Նրանք քո ասածներից պահանջում են հաշվետվություն, մանավանդ որ դասագրքերում ներկայացվում է ճիշտը, գեղեցիկը, բայց իրականությունը բոլորովին այլ է, և շատ հաճախ նրանց հարցերն անպատասխան են մնում,- ասում է նա,- խորհրդարանն ինձ համար մի հնարավորություն է, որ փորձեմ այդ հարցերի պատասխանները տալ»:

Խոստումներ տալ չի սիրում, սակայն կարծում է, որ այդ ոլորտում իսկապես կարող է բարեփոխումներ կատարել և հետք թողնել: «Պատգամավոր չեն ծնվում, այլ ընտրվում են,- կարծում է նա,- և ես վախ չունեմ, որովհետև կողքիս իմ կուսակցական ընկերներն են, որոնք պատրաստ են օժանդակել ու աջակցել: Բացի այդ, եթե կայանում և ընդունվում ես դասարանում, ապա որևէ այլ լսարանում այլևս խնդիր չունես: Երեխան շատ ավելի անկեղծ է, կախվածություն չունի, չի վախենում իր ասածներից, իսկ պատժամիջոցն ընդամենը գնահատական է, որն իր համար այնքան էլ էական չէ»:

Կարինե Հարությունյանը կարծում է, որ խորհրդարանը պետք է լինի պրոֆեսիոնալ, և պատգամավորներից յուրաքանչյուրն աշխատի այն ոլորտում, ինչից հասկանում է: «Ես չեմ կարող խոսել գյուղատնտեսությունից կամ մի բանից, որի մեջ ինձ չեմ տեսել և անելիք չունեմ»,-ասում է նա:

Չի ընդունում այն տեսակետը, թե խորհրդարան մտնելու համար պետք է պարտադիր քաղաքականությամբ զբաղված լինել. «Քաղաքականության մեջ կարևոր է երեք բան` կարգուկանոն, ճիշտ որոշումների կայացում, պատասխանատվության զգացում, եթե դրանք լինեն, մնացածը կուսակցական ընկերների օգնությամբ կարելի է անել»:

Համաձայն չէ մանավանդ այն մտքին, թե կինն ու քաղաքականությունն անհամատեղելի են: Ընդհակառակը, նա համոզված է, որ քաղաքականության մեջ կանայք շատ կազմակերպված են: «Համեմատենք ընտանիքի հետ. առավոտից երեկո կինը պատասխանատվություն ու հետևողականություն է ցուցաբերում ընտանիքի ամեն հարցի նկատմամբ, կարողանում է ոսկե միջինը գտնել, համերաշխություն մտցնել, բյուջեն ճիշտ բաշխել և այլն,- թվարկում է նա,- իսկ մեր շրջաններում, գյուղերում տղամարդկանց մեծ մասը արտագնա աշխատանքի է գնացել, և կանայք միայնակ կարողանում են մեծ կամքով, մեծ դիմադրողականությամբ հրաշալի վարել իրենց տնտեսությունը»:

Քանի որ Կարինե Հարությունյանը ճիշտ չհամարեց պատասխանել այն հարցին, թե հատկապես ինչու են իրեն ընդգրկել ՀՅԴ համամասնական ցուցակի 6-րդ տեղում, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանից: «Մարդիկ այդ ցուցակում հայտնվում են ոչ միայն անձնական որակներից, այլև տվյալ թիմի աշխատանքի խնդիրներից ելնելով: Կուսակցությունն այդ խնդիրներն իրականացնելու համար անցկացնում է քննարկումներ, և հաշվի են առնվում բազմաթիվ չափորոշիչներ, որոնց մեջ ամենաէականը ճանաչվածության աստիճանը չէ,- ասաց նա:- Ինչ վերաբերում է Կարինե Հարությունյանին, մենք մտածեցինք, որ նա իր հնարավորություններով, կարողություններով և փորձով կարող է օգտակար լինել խմբակցությանը»:

Դիտվել է 1815 անգամ:
Print Friendly

Leave a Reply