Զարուհի Փոստանջյան.«ԵԽ-ը հաճախ առաջնորդվում է քաղաքական և ոչ իրավական նկատառումներով»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2009 16:22

Զարուհի ՓոստանջյանՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է դիմել Ֆրանսիայի անվտանգության ծառայությանը` այնտեղ գտնվելիս իր անվտանգությունն ապահովելու համար. ԵԽԽՎ նստաշրջանից անցում կատարելով արտաքին քաղաքական իրադարձություններին`այսօր ասուլիսում ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով`այս մասին հրապարակավ ասում է նաև Ֆրանսիայում հայկական դեսպանատունը:

«Նախագահի նման վերաբերմունքը փաստում է, որ վախենում է սփյուռքահայերի հետ հանդիպել,-ասաց Փոստանջյանը,- Իսկ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտեր, որ իրեն լավ ընդունելություն չի սպասվում, դրա համար էլ պիտի այսօր չայցելեր, այլ վաղուց»:

Անդրադառնալով նախորդ շաբաթ տեղի ունեցած ԵԽԽՎ նստաշրջանին` Փոստանջյանն ասաց, որ հետաձգվեցին Հայաստանին ու Թուրքիային վերաբերող օրակարգում նախապես գրանցված մի շարք հարցերի քննարկումներ: Նա հետաձգումը պայմանավորեց հայ-թուրքական սահմանի բացման շուրջ ընթացող վերջին իրադարձություններով:

Զարուհի Փոստանջյանը նախորդ շաբաթ ընտրվել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ` ներկայացնելով «ժառանգություն» կուսակցությունը: Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ են նաև սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող Արմեն Ռուստամյանը և դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Դավիթ Հարությունյանը:

Նախորդ շաբաթ ընտրվեց նաև ԵԽ գլխավոր նոր քարտուղարը. Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ընտրության ժամանակ առաջին քվերակությանն ինքը չի մասնակցել, իսկ երկրորդին ձեռնպահ է մնացել՝ պատճառաբանելով, որ Եվրոպայի խորհուրդը շատ հարցերում առաջնորդվում է քաղաքական նկատառումներից ելնելով, քան իրավական:

«Կային 4 թեկնածուներ, որոնցից 2-ին ուղղակի հանեցին,-ասաց նա,- իրավաբանական տեսանկյունից այս քայլը կարելի է որակել`որպես ոտնձգություն՝ ընտրվելու ու ընտրելու ազատ իրավունքի դեմ»:

Փոստանջյանն ասաց, որ հաջորդ նստաշրջանին պատրաստվում է կրկին բարձրացնել արդեն մեկ անգամ հնչեցված փաստաբանների իրավունքների ոտնահարման և Թեղուտի հանքավայրի շահագործման մասին նախագծերը: Վերջին նախագծի տակ արդեն ստորագրել են վրացի պատվիրակները, քանի որ  հանքի շահագործման արդյունքում Դեբեդ գետի աղտոտումը նրանց էլ է վերաբերում:

«Դեբեդը գնում է Քուռ, Քուռը լցվում է Արաքս և Կասպից ծով,-ասաց նա,-իսկ երբ օդն ու ջուրը բնության մեջ շրջանառություն են անում, չեն հարցնում`ինչպես մաքսազերծվել կամ վերահսկվել»:

Պատգամավորը հույս ունի ԵԽԽՎ միջոցով միջազգային փորձաքննություն նշանակել Թեղուտի հանքավայրում:

Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply