Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ստացավ 4-րդ միջազգային մրցանակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 25, 2009 16:16

«Սահման» ֆիլմի գլխավոր հերոսը գոմեշն է, որը հատում է հայ-ադրբեջանական սահմանը

Իտալիայի և Սլովենիայի կինոքննադատների «Կինոատելյե» ասոցիացիան որոշում է ընդունել իր ամենամյա Դարկա Բրատինայի անվան «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակն այս տարի շնորհել Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմին:

Մրցանակի հանձնումը տեղի է ունենալու 2009թ. դեկտեմբերի 3-ին Իտալիայի Գորիցա քաղաքում: Դարկա Բրատինայի անվան մրցանակը տրվում է այն հեղինակներին, ովքեր հատուկ կարևորություն են տալիս պատմական և սոցիալական հարցերին:

«Սահման» ֆիլմն արդեն իսկ ունի 3  հեղինակավոր մրցանակ` Հյուսթոնի 42-րդ միջազգային կինոփառատոնի «Պլատինե մրցանակ», Սիրակուզայի միջազգային փառատոնի «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակ, իսկ սեպտեմբերի 13-20-ը Անապայում անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 18-րդ փառատոնում «Սահման» ֆիլմին շնորհվեց նաև «լավագույն ռեժիսուրայի համար» մրցանակ:

«Ինձ համար շատ կարևոր է մրցանակ ստանալը, քանի որ ցանկացած միջազգային փառատոնի մրցանակ ազդարարում է հայկական կինոյի առաջխաղացումը,-այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հարություն Խաչատրյանը,- Կինոն լիցքաթափող է. այն տալիս է անցյալի ու ներկայի ճիշտ գնահատականները»:

Իսկ այսօր Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոի Ազգային ֆիլմադարանում մեկնարկեց Հարություն Խաչատրյանի 7 ֆիլմերի ռետրոսպեկտիվը (հետահայաց ցուցադրությունը)` «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարան», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը» և «Սահմանը»:

Ռեժիսորի մյուս ռետրոսպեկտիվը լինելու է դեկտեմբերին`Թբիլիսյան միջազգային կինոփառատոնի շրջանակնեերում:

Հոկտեմբերին «Սահմանը» կներկայացվի Վարշավայի, Պուսանի, Տոկիոյի,Ռումինիայի, Համբուրգի միջազգային կինոփառատոններում, ինչպես նաև Բաթումի Արվեստի ֆիլմերի և Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոններում:

Դիտվել է 1552 անգամ:
Print Friendly

Leave a Reply