Պաշտպան ունենալու իրավունքը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | October 6, 2011 7:00

Ձերբակալված անձն անհապաղ իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունի: Նրան պետք է հնարավորություն ընձեռվի խորհրդապահական կարգով տեսակցելու և խորհրդակցելու իր պաշտպանի հետ, նա իրավունք ունի պահանջելու, որ իր պաշտպանը ներկա գտնվի հարցաքննությանը, ինչպես նաև պաշտպանի իր շահերը դատարանում:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է. «Յուրաքանչյուր ոք նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը` լիակատար հավասարության հիման վրա (…) բավարար չափով ժամանակ ու հնարավորություններ ունենա իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր իսկ ընտրած պաշտպանի հետ հարաբերությունների մեջ մտնելու համար»:

Պաշտպանը պետք է շփվի կալանավորված անձի հետ նման շփման ամբողջական խորհրդապահությունն ապահովող պայմաններում: Իշխանությունները պետք է ապահովեն նաև, որ պաշտպաններն իրենց պաշտպանյալների խորհրդատվությունն ու շահերի ներկայացուցչությունն իրականացնեն մասնագիտական չափանիշներին համապատասխան: Իշխանությունները պետք է ապահովեն նաև, որ պաշտպանները չենթարկվեն ահաբեկման, խոչընդոտման, հետապնդման կամ ոչ իրավաչափ միջամտության:

ՀՀ ներպետական օրենսդրության իմաստով կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Կասկածյալի պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքելու իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը:

Պաշտպանության իրավունքը, որպես կասկածյալին վերապահված իրավունքների համակցություն, կասկածյալին հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու ինչպես անձամբ, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նշանակված պաշտպանի միջոցով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով կասկածյալի պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը:

Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից է: Բացի դրանից, այն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք է:

Պաշտպանության իրավունքն արտացոլված է ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներում: Այսպես, ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ «(…) յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք: (…)»:Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը»:

 

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 1502 անգամ:
Print Friendly

Leave a Reply