Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 18, 2011 18:30

Նախագահը նշել է, որ եվրոպական համայնքի ներկայացուցիչների հետ պարբերական շփումներն ու ակտիվ երկխոսությունը դրական լիցքեր են հաղորդում Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգանում են, և համագործակցության ոլորտները ներառում են ոչ միայն արտաքին քաղաքականությունը կամ առևտրատնտեսական հարաբերությունները, այլ նաև Հայաստանի ներքին բարեփոխումները, որոնք ուղղված են մարդկանց բարեկեցության ապահովմանը: Նախագահը նշել է, որ  Հայաստանը պատրաստակամ է եվրոպական փորձի հիման վրա և ԵՄ աջակցությամբ շարունակել բարեփոխումների ուղին: Եժի Բուզեկի խոսքով, Եվրոպայում հավատում են Հայաստանի բարեփոխումների հաջողությանը, որը լավ օրինակ կարող է դառնալ այդ ճանապարհն ընտրած այլ երկրների համար:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության մեկնարկով երկկողմ կապերը նոր որակական մակարդակի վրա են դրվել, լավ հնարավորություններ են ստեղծվել նաև գործընկեր պետությունների  հետ համագործակցության համար: «Կարծում եմ, մենք պետք է փորձենք զուգահեռ ամրապնդել միջխորհրդարանական և միջկուսակցական կապերը: Չափազանց կարևորում ենք Եվրախորհրդարանի՝ որպես համաեվրոպական գործընթացների վրա ազդող հեղինակավոր կազմակերպության հետ մեր հարաբերություններն ու համագործակցությունը»,-ասել է Նախագահ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նաև ողջունել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի հիմնումը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը համարելով մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը: Եվրոպական խորհրդարանի նախագահը միանգամայն բնական է համարել այդ ընտրությունը` նշելով, որ Հայաստանի պատմությունը մշտապես կապված է եղել Եվրոպայի հետ: «Դուք միշտ եղել եք Եվրոպայի մաս ձեր ողջ պատմության ընթացքում»,-նշել է Եժի Բուզեկը:

 

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply