Հայերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | May 15, 2011 7:00

Լրացավ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 66-ամյակը: Հայ ժողովուրդը Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ պատերազմի առաջին իսկ օրվանից նետվեց օրհասական պայքարի: Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին մեր պատմության ամենափայլուն էջերից է:

1939 թ. սեպտեմբերի 2-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա և սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Իսկ 1941 թ. հունիսի 22-ին, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց նաև Խորհրդային Միության վրա, և պատերազմն ավելի մեծ ծավալներ ստացավ:

Խորհրդային Միության, ինչպես նաև եվրոպական երկրներում  բնակվող հայ ժողովուրդը ակտիվ մասնակցություն ունեցավ պատերազմին: Շուրջ 650000 հայ մասնակցեց պատերազմին, և նրանցից մոտ 350000-ը զոհվեց:

Հարկ է նշել, որ պատմության մեջ երբևէ հայ ժողովուրդը միաժամանակ ռազմի դաշտ չի հանել այդքան զինվորներ և որևէ պատերազմի ժամանակ այդքան մարդկային կորուստներ չի տվել:

Հայ ժողովրդի համար Հայրենական պատերազմն իսկական գոյամարտ էր:

Պատերազմին Խորհրդային Միությունը պատրաստ չէր: Գերմանիան արագ հարձակումով անակնկալի բերեց խորհրդային զինված ուժերին ու հայտնվեց Մոսկվայի մատույցներում: Գերմանական զորքերի «Հարավ» խմբավորումը հարձակվեց Կովկասի ուղղությամբ և լուրջ սպառնալիք ստեղծեղ ԽՍՀՄ-ի համար: Կովկասի անկումով ոչ միայն ԽՍՀՄ-ը կկորցներ վերահսկողությունը Բաքվի նավթահանքերի նկատմամբ, որ այդ տարիներին լուրջ հարված կլիներ ԽՍՀՄ-ի բանակի սպառազինություններին, այլև գերմանացիները հնարավորություն կստանային թափանցելու Միջին Ասիա և թիկունքից շրջանցելու մարտնչող խորհրդային զորքերին:

Այսպիսով, Կովկասի ճակատամարտը ռազմավարական առումով ամենակարևոր իրադարձությունն էր պատերազմի առաջին փուլում: Կովկասի ճակատամարտն առանձնահատուկ նշանակություն ուներ հայության համար: Ստալինգրադի գրավումից հետո Հայաստանի սահմանների մոտ կենտրոնացած թուրքական սպառազեն 26 դիվիզիաներ պատրաստ էին հարձակվելու ԽՍՀՄ-ի վրա և մտնելու Հայաստան: Այս անգամ արևելահայությունը չէր փրկվի վերահաս եղեռնից…

Հետևաբար, Հայրենական պատերազմում մարտնչող հայորդիները կռվում էին հենց Հայաստանի, հայ ժողովրդի փրկության համար:

1942 թ. ամռանը գերմանացիները գրավեցին Ղրիմը, Կերչը, հասան Ստալինգրադ: 1943 թ. հոկտեմբերին գերմանական բանակը Ստալինգրադի մատույցներում անձնատուր եղավ:

Պատերազմի տարիներին Կրեմլի ղեկավարությունը թույլատրեց ազգային զորամասեր կազմավորել: Հայաստանում կազմավորվեց վեց դիվիզիա:

76-րդ հայկական հրաձգային դիվիզիան կազմավորվել է դեռևս 1922 թ.: Այն հսկում էր հայ-թուրքական սահմանը: Պատերազմի սկզբից դիվիզիան նետվեց մարտերի և աչքի ընկավ Ստալինգրադի ճակատամարտում: 1943 թ. այն վերակազմավորվեց որպես 51-րդ գվարդիական դիվիզա: Ստալինգրադից հետո դիվիզիան մասնակցեց Ուկրաինայի, Մերձբալթիկայի ազատագրման համար մղված մարտերին:

1941 թ. դեկտեմբերին Երևանում գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ ձևավորվեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան: 1942 թ. օգոստոսից  այն արդեն գործող ռազմաճակատում էր: Ռազմաճակատ մեկնելու պահին  իր շարքերում ուներ շուրջ 12000 զինվոր և սպա, չնչին բացառությամբ` բոլորը հայեր: Դիվիզիան իր մարտական ուղին սկսեց Գրոզնու մատույցներում և ծանր մարտերով անցնելով շուրջ 3700 կիլոմետր` իր փառավոր ուղին ավարտեց Բեռլինում: Դիվիզիան մասնակցեց Թերեք, Մալգոբեկ, Մինվոդի, Ստավրոպոլ, Տիխորեցկ քաղաքների ազատագրման մարտերին: Հատկապես աչքի ընկավ Թաման թերակղզու համար մղվող մարտերում, որի ժամանակ արյունահեղ մարտերի արդյունքում ճեղքեց պաշտպանական յոթ շերտից բաղկացած թշնամու «Կապույտ գիծ» շղթան: Դրա համար էլ Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան կոչվեց Թամանյան: Այդ ժամանակամիջոցում դիվիզիայի հրամանատարն արդեն ԽՍՀՄ հերոս, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանն էր:

1942 թ. հունվարին Հայաստանում գտնվող 409-րդ հրաձգային դիվիզիան վերակազմավորվեց, և նրա շարքերը համալրվեցին հայազգի մարտիկներով: Ռազմաճակատ մեկնելու պահին դիվիզիայի շարքերում հաշվում էին 14000 ռազմիկ, որոնց շուրջ 98%-ը հայեր էին: 409-րդ դիվիզիան իր մարտական ուղին սկսեց Մոզդոկ քաղաքից և հաղթական երթով հասավ Չեխիա ու Ավստրիա:

1942 թ. Հայաստանում կազմավորվում է 408-րդ հայկական հրաձգային դիվիզիան: Այն արդեն սեպտեմբերից մարտերի մեջ մտավ Նովոռոսիյսկի շրջանում: Դիվիզիան համալրված էր շուրջ 12000 մարտիկներով:

Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան և 1942 թ. գարնանը Նովոռոսիյսկից ծովային դեսանտով ափ իջեցվեց Ղրիմի Կերչ թերակղզում  ու մինչև 1942 թ. մայիսը մասնակցեց Կերչի պաշտպանությանը: Դիվիզիան գրեթե ամբողջությամբ ջախջախվեց, զոհվեց նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը:

1942 թ. Հայաստանում ձևավորվեց նաև 261-րդ հայկական հրաձգային դիվիզիան, որ ռազմաճակատ չմեկնեց և պաշտպանում էր հայ-թուրքական սահմանը:

Բացի նշվածներից, Հայաստանում կազմավորվեցին և համալրվեցին 61-րդ, 151-րդ, 236-րդ և 320-րդ հրաձգային դիվիզիաները: Չնայած դրանք պաշտոնապես չէին համարվում հայկական, բայց դրանց կազմում ընդհանուր առմամբ շուրջ 30000 հայ մեկնեց ռազմաճակատ:

Եվս 30000 հայ ծառայում էր սևծովյան նավատորմում:

Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացավ հայ ժողովրդի 106 զավակ: Եվս 10 հայաստանցի արժանացավ ԽՍՀՄ հերոսի կոչման: ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու օդաչու Նելսոն Ստեփանյանն այդ կոչմանն արժանացան կրկնակի: Նելսոն Ստեփանյանի հաշվում կա 1700 մարտական թռիչք, թշնամու խորտակված 13 նավ և հազարավոր սպանված թշնամիներ…

64 զինվորական արժանացավ գեներալի կոչման:

Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում: Իսկ եթե հայ ժողովրդի զոհերի և հերոսների թիվը համեմատենք այդ տարիների ՀԽՍՀ բնակչության թվի հետ, հայերն առաջատարն էին…

Հայ մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը` բանակի, 6-ը` կորպուսի, 28-ը` դիվիզիայի, 100-ը` բրիգադի ու գնդի հրամանատարներ էին: 80000 հայ պարգևատրվեց մեդալներով ու շքանշաններով…

 

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 8178 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

    Leave a Reply