Ամուսնության ինստիտուտը հայ հասարակության մեջ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | March 26, 2013 12:30

Կանանց ռեսուրսային կենտրոնի կամավոր Լիլիթ Գրիգորյանի նախաձեռնությամբ կայացավ «Ամուսնության ինստիտուտը հայ հասարակության մեջ» թեմայով սեմինար-քննարկումը, որին մասնակցում էին հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոկտոր Արթուր Աթանեսյանը, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, կանանց աջակցման կենտրոնի իրավաբան Նոնա Գալստյանը, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հոգեբան-խորհրդատու Ֆենյա Բազոյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի ակտիվիստ Միլենա Աբրահամյանը և գրող, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:

Քննարկման ընթացքում յուրաքանչյուր բանախոս հայ հասարակության մեջ ամուսնության ինստիտուտը դիտարկեց իր փորձի և մասնագիտության շրջանակներում: Արդյունքում ընտանիքն ուսումնասիրվեց թե իրավականության, թե հոգեբանության, թե դերերի, թե շահերի ու բախումների տեսանկյունից:

Իրինա Խանամիրյանը ներկայացրեց հայ երիտասարդների պատկերացումներն ու սպասելիքները ընտանիքի ինստիտուտից, նրան շարունակելով Արթուր Աթանեսյանը ներկայացրեց սեփական «սոցիոլագիական մտորումները ամուսնանա՞լ, թե՞ ոչ» հարցի շուրջ: Նա բաժանեց ամուսնանալուն միտված և դրան խոչընդոտող երևույթները և դիտարկեց ամուսնանալու կամ չամուսնանալու ցանկությունը ըստ երկարաժամկետ և կարճաժամկետ, ռացիոնալ, իռացիոնալ և զգացմունքային էլեմենտների:

Նոնա Գալստյանը ներկայացրեց ընտանիքի ինստիտուտի բոլոր օրենսդրական կարգավորումները` մատնանշելով, որ սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները կարող են վերաբերել միայն համապատասխան կարգով գրանցված ամուսնական զույգերին:

Ֆենյա Բոզոյանը ներկայացրեց «Ընտանեկան բռնությունը որպես արդի հասարակության հիմնախնդիր» թեման և շեշտադրում կատարեց, որ հաճախ բռնությունների ենթարկվող կնոջը այդ վիճակից դուրս բերելու միակ խոչընդոտը ինքը` կինն է, ով այնքան է սովորել ճնշվածությանը, որ կորցրել է «ես»-ի գիտակցումն ու նույնիսկ չի պատկերացնում, որ կարող է նաև այլ կյանքով ապրել:

Միլենա Աբրահամյանը «Հարս չեն ծնվում» վերնագրով իր զեկույցում ստեղծեց օբյեկտիվորեն միակողմանի և չոր ֆեմինիստական պատկերացում հայ ընտանիք ասվածի մասին` անդրադառնալով կարծրատիպային` որոշ մասնագետների կարծիքով արդեն հնացած մոտեցումների:

Զարուհի Հովհաննիսյանն էլ անդրադարձավ հայկական ընտանեկան հարաբերություններին սկսած հին դարերից մինչև մեր օրերը և քննարկեց նաև քաղաքացիական հասարակության կայացման վերաբերող հարցեր:

Դիտվել է 1557 անգամ:
Print Friendly

Leave a Reply