Մեր ագրեսիվ, նյութապաշտ և արժեհամակարգից զուրկ հեռուստաեթերը

ԷՍՍԵ | | February 8, 2012 15:44

Ո՞րն է քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:  Ինձ անակնկալի բերած ու անպատասխան մնացած հարցը առիթ դարձավ խորհելու, որ լավ, սիրելի հաղորդում չունեմ, բայց կա՞ն արդյոք հաղորդումներ, որոնք արժե դիտել:

Երեկոյան միացրեցի հեռուստացույցը և սկսեցի «թերթել» ալիքները. սերիալից բացի ոչինչ չգտա: Ընդ որում, անկախ ալիքից և սերիալի անվանումից, բովանդակությունը կարծես նույնն է` զենք, շքեղ մեքենաներ, մեծ ու ճոխ առանձնատներ, լպիրշ, բայց հարուստ երիտասարդներ, որոնց ամեն ինչ կարելի է հոր փողերի  շնորհիվ, դժբախտ ու բոլոր առումներով ոտնահարված աղքատներ, որոնք կարող են միայն լացել իրենց սև բախտը և լավ ապագայի հույս չունեն, դժբախտ ու օրնիբուն լացող կանայք, որոնք պարբերաբար ծեծ են ուտում ամուսիններից, կնոջը «շան տեղ չդնող», հազար հատ սիրուհի և ապօրինի զավակ ունեցող տղամարդիկ:

Սերիալներում էլ առաջնայինը ոչ թե մարդիկ են, այլ մանրակրկիտ ցուցադրվող շքեղ ու թանկարժեք մեքենաները, ճոխ կահավորված տները, ֆիրմային խանութների նոր տեսականին, հյուրանոցների ու ռեստորանների մատուցած ծառայությունները:

Պետք է նաև նշել, որ սերիալների կրկնությունները միմյանց հերթ չեն տալիս: Արմենիա հեռուստաալիքով, օրինակ, սերիալները մինչև 4-5 անգամ կրկնվում են, այնպես որ ուզես թե չուզես, եթե հեռուստացույց միացնելու հանդգնություն ես ունեցել, ուրեմն պետք է սերիալ դիտես:

Նշված հեռուստատեսության սերիալներից  ներկայումս մեծ մասսայականություն են վայելում երկուսը` «Դժվար ապրուստը» և «Ոստիկանները»: Առաջինում իսկական խառնաշփոթ է. ով ում հասնում ծեծում ու անպատվում է. ամուսինը կնոջը, որդին մորը, եղբայրը քրոջը, սիրեկանը սիրուհուն ու նաև ընթացքում` ով ում հանդիպի: Ընդ որում, սերիալում դրական ու բացասական հերոսներին  միմյանցից տարբերակելը դժվար է. բոլորն էլ հարբելու աստիճան խմում են, հարկ եղած դեպքում թմրանյութ օգտագործում, ծեծում շրջապատի կանանց և նաև ում վրա  ուժը պատի ու այդպես շարունակ:

«Ոստիկանները» սերիալն էլ նույն հաջողությամբ կարող էր անվանվել, ասենք, «Հանցագործները», որովհետև ֆիլմի հանցագործ հերոսները ոստիկաններից շատ են, իրենց սև փողերի հաշվին շքեղ կյանք են վարում, աջ ու ձախ անպատիժ սպանում ու համարյա միշտ ջրից չոր դուրս գալիս: Ո՞ւմ են պետք ոստիկանը և օրենքը, եթե հարկ եղած դեպքում փողը երկուսից էլ ուժեղ է:

Երեկոյան «Շանթով» էլ մեկը մյուսին հաջորդում են հեռուստաընկերության արտադրանք սերիալները` «Եդեմի գաղտնիքները», «Անուրջներ», «Բանակում», «Ջեմիկը»:  Բարեբախտաբար, այս սերիալներում քրեականը, զենքերը, «լավ տղաների ռազբորկաները», արյունոտ տեսարանները  քիչ են, բայց դժվար է այս սերիալներն օրինակելի համարել: Առաջինում ֆիլմի հերոսուհին ջանք ու եռանդ չի խնայում իր սիրեցյալի ընտանիքը քանդելու համար, թքած թե վերջինս երեխաներ ունի, սիրում է իր կնոջը: Ինքնասիրություն ասվածն էլ խորթ հասկացություն է հերոսուհու համար (ինչպես և հայկական սերիալների կին հերոսների մեծ մասի համար):

Սերիալներից ուշագրավ է Ջեմիկը, որը հումորի է վերածել  ընտանեկան արժեքները ու չգիտես, թե ինչ նպատակ է հետապնդում: «Օրինակելի» հերոսուհին ինքնակոչ արվեստագետ ու նյութապաշտ մայր է, որն իր երեխաներից առավել սիրում է փողը, չի զլանում որդու փողերը գողանալ, լրտեսում է  որդուն ու նրա կնոջը, ամեն կերպ միջամտում նրանց կյանքին: Գագաթնակետը, սակայն, հարս-սկեսուր հարաբերություններն են:

Դեկտեմբերին,  երբ հանրությունը դատապարտում էր 20-ամյա Մարիամի հետ տեղի ունեցածը (վերջինիս ամուսինն ու սկսեուրը ամիսներ շարունակ Ռուսաստանում խոշտանգումների էին ենթարկել, նվաստացրել ու փակի տակ պահել) և պահանջում սկսերոջը ձերբակալել ու արդար դատաքննություն իրականացնել, հենց նույն ժամանակ  Ջեմիկը ճիշտ հակառակն էր քարոզում. հերոսուհին երևակայել էր, թե հարսը թուղթ ու գիր է արել, ու վերջինիս աթոռին կապած` կտտանքների էր ենթարկում` խոստովանություն կորզելու համար:

Առավել բարդ է Հանրայինը դիտելու հարցը: Երկու տարի տևած «Աննայի» ամենօրյա լաց ու կոծից, ողբից ու պատճառած սթրեսից հետո, երբ միացնում ես Հանրայինը ու էլի նույն դերասաններին տեսնում` գրեթե նույն կերպարով, ակամա սարսափում ես, որ հիմա էլի կսկսեն ողբալ: Փորձությունը հաղթահարել չկարողացա:

Այլ հարթություն է Հ2-ը, որը, որ ժամին ուզում ես միացրու` ռաբիզ երաժշտություն է հեռարձակում:

Ընդհանուր առմամբ հեռուստաեթերը բաղկացած է սերիալներից, գովազդներից և լրատվական ծրագրերից: Վերջիններս էլ լրացնում են սերիալների ստեղծած ագրեսիվ-ողբերգական ֆոնը. երբեմն ողջ լրահոսի ընթացքում անգամ մեկ դրական լուր չի հաղորդվում` սպանություն, պայթյուն, ահաբեկչություն, պատերազմ, զոհեր, վիրավորներ, աղետներ, համաճարակ, մի խոսքով, ըստ լրատվականների, աշխարհի վերջը եկել է:  Մի առիթով տատիս  արտահայտությունը տեղին է ամենօրյա լրահոսի համար. «Քա, սևավոր, խո բայղուշ չե՞ս, սաղ աշխարհում մի հատ լավ բան չի՞ եղել»:

Հեռուստաընկերությունները, փաստորեն,  ոտնահարում են բոլոր նրանց իրավունքները, ովքեր չեն ուզում սերիալ դիտել: Առավել վատ վիճակում են երեխաները.  նրանց համար օրվա ընթացքում գեթ մեկ մուլտ  կամ մանկական հաղորդում չի ցուցադրվում: Ծնողներին մնում է արգելել երեխաներին հեռուստացույց դիտել կամ թույլ տալ, որ սերիալ դիտեն:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Վահրամ Միրաքյանը, որ հայաստանյան հեռուստաեթերի բովանդակության ուսումնասիրություն է կատարել, նշում է, որ գիտական միջավայրում հեռուստատեսությունը դիտարկվում է որպես սոցիալականացման միջոց: Իսկ 3-4 տարեկաններից մինչև դեռահասների համար այն ունի նաև կրթադաստիարակչական նշանակություն, քանի որ վերջիններս ընդօրինակում են հեռուստատեսությամբ տեսածը` այն համարելով  կյանքի իրողություն:

Ամփոփելով հեռուստաեթերի առյուծի բաժինը զբաղեցնող սերիալների բովանդակությունը` Միրաքյանը նշում է,  որ դրանք մի քանի բան են քարոզում, բայց գլխավորը ագրեսիվ սոցիալական դիրքորոշումն է: Այսինքն` հեռուստացույց դիտող երեխան սովորում է, որ շրջապատում հարց լուծելու միակ և լավագույն եղանակը ագրեսիան է: Երկրորդը, ըստ Միրաքյանի, նյութապաշտության քարոզչությունն է, շքեղ կյանքի իդեալականացումը: Երրորդը լեզվամտածողության խեղումն է, քանի որ սերիալների  լեզուն, բառապաշարը, մաքուր հայերենից բացի, ամեն ինչ պարունակում է` փողոցային, կրիմինալ ժարգոն և այլն:

Այս ամենի  հետևանքով աճող սերունդը հեռուստատեսությունից սովորում է ագրեսիայի նոր մեթոդներ, կարող է վերանայել իր նկատմամբ կիրառվող սահմանափակումները (մայրիկն ասում է, որ ուրիշին հարվածելը, ծեծելը վատ բան է, չի կարելի, իսկ հեռուստատեսությամբ «լավ տղան» այլոց ծեծելով ու սպանելով է հաջողության հասնում),  նվազում է  ուրիշի նկատմամբ կարեկցանքը, զգայական բթացում է տեղի ունենում, նաև շրջապատի նկատմամբ կասկածամտություն է առաջանում: «Մեր հասարակության մեջ լարվածությունը բարձր մակարդակի վրա է»,- ամփոփում է Միրաքյանը:

Հայրենական արտադրության սերիալների ինդուստրիայի զարգացմանը զուգահեռ  տարեցտարի ավելանում է հանցագործությունների թիվը. օրինակ` 2010-ին, 2005-ի համեմատ, հանցագործությունների թիվը կրկնապատկվել է: Միրաքյանը նշում է, որ չբացառելով տնտեսական ճգնաժամի գործոնը` մեծ է նաև հեռուստատեսության դերը` սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ հանցագործությունների 30 տոկոսի դրդապատճառը սոցիալական գործոնը չէ, այլ մտածողությունը, գաղափարները:

Միրաքյանը նշում է, որ մեր հեռուստաեթերում ներկայումս ամենակարևորը սերիալներն են, դրանց մասին է շատ խոսվում, քանի որ ցուցադրվում են փրայմ-թայմին և օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնվում են:

Սերիալների կամ հեռուստաեթերի ցանկացած քննադատություն, սակայն, դեմ է առնում հեռուստատեսության ներկայացուցիչների նույն պատասխանին. մարդկանց պահանջմունքն է այդպիսին: Սա պատասխանատվությունից խուսափելու և որակյալ արտադրանքի մասին չմտածելու լավագույն պատրվակն  է:

Միրաքյանը նշում է, որ ազդեցության մեթոդները ստանդարտ են, մարդիկ զգայական մակարդակով կախվածության մեջ են հեռուստատեսությունից, սերիալներից: Այսինքն` սերիալ դիտողների թիվը հաստատ չի պակասի, եթե սերիալի բովանդակությունը փոխվի, ասենք` հանցավոր կյանքը քարոզելու փոխարեն մի քիչ հայրենասիրություն ցուցադրեն:

ԱՄՆ-ում, օրինակ, դեռ 60-ականներին են խնդրին լուծում տվել. սերիալներում հերոսը երկրի ճիշտ քաղաքացին է, արդար մարդը, բանիմաց ու գործին նվիրված ոստիկանը և այլն:

Հնարավո՞ր է արդյոք, որ մեզ մոտ էլ քննադատությունը և դժգոհությունները արդյունք ունենան, և ի վերջո ունենանք որակյալ հեռուստաեթեր կամ գոնե որակյալ սերիալներ: Դժվար թե: Ներկայիս սցենարիստների երևակայությունն արդեն սպառվել է, այլապես բոլոր սերիալները նույն տաղտուկ բովանդակությունը չէին ունենա: Իսկ ավելի բարձրարժեք գործերի համար պետք են համապատասխան արժեհամակարգ ունեցող մասնագետներ, որոնք չկան կամ եթե լինեն էլ, դժվար թե նրանց ձայնը հասանելի լինի. ոլորտում բոլոր աթոռները  «ցմահ» զբաղեցրած են:

 

 

 

Դիտվել է 1752 անգամ:
Print Friendly

Leave a Reply