Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Զուբկովին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 6, 2012 20:54

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու երկկողմ ձգտումը շատ լավ մթնոլորտ են ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար: Նախագահի խոսքով, երկու երկրների միջև տարեցտարի աճում է ապրանքաշրջանառությունը, մեծանում է ռուսական  կապիտալով համատեղ ձեռնարկությունների քանակը, ավելի բազմազան է դառնում հումանիտար համագործակցությունը:

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալը նշել է, որ 2008 թվականին Հայաստան կատարած իր նախորդ այցից հետո՝ անցած չորս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի սերտացել և ջերմ են դարձել: Դրանք, Վիկտոր Զուբկովի խոսքով, ամրապնդվել են նաև բարձր մակարդակի փոխայցելություններով, այդ թվում՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անցյալ տարվա հոկտեմբերին ՌԴ կատարած պետական այցով: Վիկտոր Զուբկովը հավաստիացրել է, որ երկու երկրների կառավարություններն ակտիվ աշխատանք են իրականացնում այդ փոխայցելությունների ընթացքում ՀՀ և ՌԴ նախագահների կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի համանախագահների հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ Երևանում:

Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցության զարգացումը գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում:

 

 

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply