Խնամված աչքերը չեն մատնում տարիքը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | July 28, 2009 19:47

img_11Աչքերի շուրջ գոյացած կնճիռները, պարկերն ու սև շրջանակները վաղ թե ուշ սպառնում են բոլոր կանանց: Սակայն դրանցից խուսափելու եղանակներ էլ կան, եթե կանայք հետևեն մի քանի կանոնների և առավել ուշադիր լինեն իրենց աչքերի նկատմամբ:

«Կանայք սովորաբար ուշադրություն չեն դարձնում կոսմետիկ միջոցների վրա գրված զգուշացումներին, որտեղ ասվում է՝ շրջանցել աչքերի շրջանի մաշկը, -ասում է կոսմետոլոգ Արմինե Գրիգորյանը, -նրանք դեմքի մաշկի համար նախատեսված քսուքները (անգամ դեկորատիվ), դիմափոշին քսում են աչքերի շուրջը, ինչը ոչ միայն մաշկին է վնաս, այլև տեսողությանը»:

Նրա կարծիքով, կնճիռները, պարկերն ու սև շրջանակները շատ դեպքերում կոսմետիկ միջոցների սխալ օգտագործման հետ-անք են:
Հարկավոր է օգտագործել հատուկ աչքերի համար նախատեսված կոսմետիկա, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են վիտամին A և E, ինչպես նաև պետրուշկայի լուծույթ, որոնք շատ օգտակար են աչքերի համար:

Աչքերի համար նախատեսված կոսմետիկան զերծ է սպիրտային լուծույթից ու վտանգավոր քիմիական նյութերից:
«Չի կարելի օգտագործել մեկ ուրիշի կոսմետիկան՝ հատկապես աչքերի համար նախատեսված, -զգուշացնում է կոսմետոլոգը, -դա կարող է առաջացնել բորբոքումներ: Շատ կարևոր է նաև, որպեսզի աչքերի մակիաժը մաքրեք հատուկ մաքրող միջոցներով՝ աչքերը չվնասելու համար»:

Որպեսզի աչքերը լինեն առողջ ու գեղեցիկ, անհրաժեշտ է դրանք խնամել դիմակներով ու թրջոցներով: Կոսմետոլոգը կարծում է, որ աչքերի խնամքի ամենաէֆեկտիվ միջոցներից մեկը կոպերը սառույցի կտորներով պատելն է: Սակայն չպետք է սառույցն աչքերին երկար թողնել` ընդամենը 1-2 րոպե:

Պարկերի դեմ օգտակար են պետրուշկայի, շալֆեի կամ թեյի թուրմով թրջոցները:
Մի ժամանակ կարծիք կար, որ արևապաշտպան ակնոցների կրումը վնասակար է աչքերին ու աչքերի մաշկին: Սակայն գիտնականներն ապացուցեցին, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղիղ ազդեցությունը աչքերի վրա, կարող է առաջացնել կատարախտ և աչքերի մաշկի վաղաժամ ծերացում: Ուստի խորհուրդ է տրվում գարնանն ու ամռանն անպայման կրել արևապաշտպան մուգ ակնոց:

Օգտակար դիմակներ աչքերի համար.
Մեկ թեյի գդալ պետրուշկայի քամվածքը խառնել 2 թեյի գդալ թթվասերի հետ: Քսել կոպերին և 20 րոպե անց մաքրել բամբակով: Վերջում քսել աչքերի համար նախատեսված սնուցող քսուք:

Վարունգը մանրացնել, քամել և հյութը քսել աչքերին: 15 րոպե անց լվանալ սառը ջրով և քսել կոպերի համար նախատեսված սնուցող քսուք: Վարունգը կարելի է նաև կլոր շերտերով դնել աչքերին, սակայն ժամանակ առ ժամանակ փոխել թարմերով:

Դիտվել է 3169 անգամ:
Print Friendly

Leave a Reply