«Թուրքերը գիշերը տասը եկեղեցի են ավերում, ցերեկը կառուցում մեկը…». Ռ. Թադևոսյան
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | November 26, 2010 13:47«Թուրքիան աղթամարյան քաղաքականությամբ փորձեց հիմարացնել համաշխարհային հանրությանը, սակայն Հայաստանը բացարձակ հաղթանակ տարավ` տապալելով այդ շոուն»:
Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանման, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նոյեմբերի 25-ին կայացած նիստի ժամանակ ասաց պատմաբան Ռաֆայել Թադևոսյանը:
Քննարկվում էր Արևմտյան Հայաստանում և ներկա Թուրքիայի այլ տարածքներում հայ հոգևոր-պատմամշակութային հուշարձանների նկատմամբ կիրառվող Թուրքական քաղաքականության հարցը:
Պատմաբանի խոսքով, Թուրքիան շարունակելու է նույն քաղաքականությունը, սակայն կրկին հաղթանակներ տոնելու համար Հայաստանը պետք է դրսևորի աղթամարյան վերաբերմունք` որդեգրելով պահանջատիրական քաղաքականություն.
«Կատարվել է մարդկային ցեղասպանություն, ոչնչացվել է գենոֆոնդը, ոչնչացվել է նաև մշակույթը»-ասաց պատմաբանը,-ինչու՞ պիտի առաջինի դեպքում մենք աղմուկ-աղաղակ անենք, իսկ երկրոորդի դեպքում ուրախանանք թուրքական ամեն մի փշուրով»:
Պատմաբանը կարծում է, որ եթե անգամ Թուրքիան հարյուր Աղթամար էլ վերականգնի, պետք է ոչ թե ուրախանանք, այլ ասենք`դա ձեր պարտականությունն է.
«Թուրքերը գիշերը տասը եկեղեցի են ավերում, ցերեկը կառուցում մեկը` իբր ցույց տալու, որ իրենք քաղաքակիրթ են,-ասաց Թադևոսյանը` նշելով, որ Թուրքիային պարտավորեցնելու հարցում անհրաժեշտ են նախ և առաջ իրավական հիմքեր.
«Թուրքերի ստորագրությունը կա Լոզանի պայմանագրի վրա, որով նրանք պարտավորվում են իրականացնել ազգային փոքրամասնություններին վերաբերվող հոգևոր, աշխարհիկ մշակութային հուշարձանների պահպանումը, վերականգնումն ու օգտագործումը, սակայն նրանք դա չեն պահպանում,-ասաց Թադևոսյանը,-թուրքերը հաշվի չեն առնում նաև շատ այլ կարևոր պայմանագրեր ու հռչակագրեր: Նրանք ցույց են տալիս` իբր վերականգնում են, սակայն իրականում ընթանում է պատմական հուշարձանների ոչնչացման գործընթաց»:
Որպեսզի մեր քաղաքականությունը լինի համակարգված, պատմաբանը կարծում է, որ պետք է առաջին հերթին կատարվի Արևմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանների անձնագրավորում.
«Խայտառակություն է, քանի որ մենք ճշգրիտ թիվը չգիտենք, երեք տարբեր թվեր են նշվում,-ասաց նա,-պետք է միջգերատեսչական կառույց ստեղծվի, աղբյուրները ճշտվեն և մի ստրատեգիական թիվ դրվի սեղանին: Հարյուր տոկոսանոց էլ չլինի, թող իննսուն տոկոսանոց լինի, բայց այդ թիվը պիտի լինի»:
Պատմաբանը կարծում է, որ պետք է ճշտվի նաև, թե տվյալ պատմամշակութային հուշարձանը ե՞րբ է հիմնվել, ի՞նչ ճանապարհ է անցել, ե՞րբ է ավերվել.
«Մենք մեր ունեցած փաստերով պետք է ապացուցենք, որ էստեղ, օրինակ պետք է լինի ոչ թե մեկ, այլ քառասումեկ եկեղեցի, և թուրքերի առաջ հարց դնենք` որտե՞ղ է մնացած քառասունը»:
Պատմաբանը նաև կարծում է, որ Հայաստանը ՅՈւՆԵՍԿՈ-ի հետ շատ թույլ է համագործակցում: Ըստ նրա, այդ կառույցը պետք է դառնա Հայաստանի զենքը: Բացի այդ, Հայաստանը չպետք է դիտողի դերում մնա, այլ պիտի ինքնուրույն նախաձեռնություններով հանդես գա:
Բանասեր Ասքանազ Աբրահամյանն էլ անդրադարձավ Ադրբեջանում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցին` նշելով, որ այնտեղ ևս թիվը ճշտելու խնդիր կա:
«Մենք մեր խառը թվերով նրանց ջրաղացին ջուր ենք լցնում,-ասաց նա,-դրա համար էլ նրանք ասում են` հայերը ճիշտ թիվը չգիտեն, որովհետև իրենցը չէ»:
Նա նաև նշեց, որ Ադրբեջանում գործում է հայկական հուշարձանները սեփականաշնորհելու հատուկ ինստիտուտ.
«Իրենց խոսքն ամբողջ աշխարհում ավելի առաջ է գնում, քան մերը,-ասաց բանասերը,-մեզ մոտ էլ են հաճախ ասում` դե, բոլորն էլ գիտեն, որ դրանք մերն են, ո՞ւմ պիտի ապացուցենք: Ո՛չ, բոլորը չգիտեն, մե՛նք գիտենք»:
Հուշարձանագետ, լրագրող Արամայիս Սեդրակյանի կարծիքով, պետք է մտածել ոչ միայն եղեկեցիների, այլ նաև անտիկ շրջանի հուշարձանների պահպանության մասին: Նրա խոսքով, դրանք ոչ թե հազարավոր են, այլ հարյուր հազարավոր: Նա նաև առաջարկեց բարձրացնել հայկական ժայռապատկերները, որպես ազգային սեփականություն, ամրագրելու հարցը:
Արևմտյան Հայաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման առաջնահերթ խնդրի` թվագրման և տվյակների ճշտման եղանակների վերաբերյալ հնչեցին տարբեր առաջարկներ: Մի բան, սակայն հստակ էր. այդ ամենը պետք է արվի պետական հատուկ ու հետևողական քաղաքականությամբ: