ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիայի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներն ավարտվել են Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ հանդիպմամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 22, 2010 20:40

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ խորհրդարանական դիվանագիտությունը, որպես երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակ, պետք է լավագույնս կիրառել` ի շահ երկու ժողովուրդների:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Բունդեսթագը միշտ էլ ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերել հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, ինչի մասին է վկայում Հայաստան և Հարավային Կովկասի այլ երկրներ գերմանական խորհրդարանական պատվիրակությունների այցելությունների հաճախականությունը: ՀՀ Նախագահն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը նաև բազմակողմ ձևաչափերով, մասնավորապես` եվրոպական և եվրաատլանտյան կառույցների խորհրդարանական մարմինների շրջանակներում:

Կողմերը հույս են հայտնել, որ Բունդեսթագի նորակազմ «Կովկաս» բարեկամական խմբի և Հայաստանի խորհրդարանի միջև համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ` շարունակելով նախորդ տարիների ավանդույթը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի երկրների եվրաինտեգրման գործընթացներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Բունդեսթագի նախագահը կարեւորել է այդ երկրների ` Եվրամիության հետ սերտ գործակցության ձգտումը, իսկ ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիայի վերաբերյալ նշել, որ Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ընդունի եվրոպական չափանիշները:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply