Դարից դար ձգվող մորմոք…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 26, 2013 7:46

Մեծ եղեռնի մեկդարյա տարելիցը հավուր պատշաճի ոգեկոչելու գործընթացն արդեն չոքել է մեր դռանը, և դրան հավուր պատշաճի նախապատրաստվելու համար պետք է հենց այսօրվանից սկսել: Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու կյանքի թեկուզ մի պատառիկը, վավերագիրը փրկելը բացառիկ արժեք է:

Շատերիս փոխարեն նման մի ծանրագույն բեռ արդեն իր ուսերին է վերցրել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը` տնօրեն Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ: Մեծ եղեռնի ոգեկոչման100-ամյակի շեմին նրանք ընթերցողի սեղանին կդնեն  Արևմտյան Հայաստանի շուրջ 70 գավառներում տասնամյակների ընթացքում իրենց իրականացրած տարաբնույթ ուսումնասիրությունների, աշխատանքների արդյունքն ամփոփող 36-հատորյակի առաջին հատորը: Մատենաշար, որը, հիրավի, կխորհրդանշի մեր հարգանքի տուրքն ու խոնարհումն անմեղ զոհերի հիշատակին:

Այս աննախադեպ ձեռնարկի հիմքն արդեն գցված է, իսկ արդյունքն առավել քան  շոշափելի է:  Առաջին հատորն ընթերցողի սեղանին կդրվի արդեն  եկող տարի: Հուշարձանագետի հետ ունեցած իմ զրույցից ահա թե ինչ պարզվեց:

Արևմտյան Հայաստանի շուրջ 7 հազար գյուղի պատմությունն ըստ գավառների ներկայացնելը, հիրավի, կատակ գործ չէ: Ինչպես, օրինակ` Բագրեվանդը, որը մեզ առավել հայտնի է Ալաշկերտ անվամբ և Արևմտյան Հայաստանի տասնյակ հազարավոր հուշարձաններից մեկն է: Հարյուրավոր հուշարձաններ հենց միայն այդ տարածքում կան,  հետևապես  36 հատորներից մեկն էլ նրան կնվիրվի, երբ հերթը   նրան հասնի :

Իսկ գավառի, գյուղի պատմության մաս են կազմում, բնականաբար, պատմական հուշարձանները` պահպանված և անհետացած: Իսկ այն, ինչ արդեն անհետ   կորած է, դրա մասին վկայող պատմական տեղեկությունները տեղ կգտնեն հատորյակներում:

Հարց է ծագում` պահպանվա՞ծն է շատ, թե՞ ոչնչացվածը: Պարզվում է` Եղեռնի նախօրեին մոտավոր հաշվարկով  շուրջ 170 հազար հուշարձան է եղել Արևմտյան Հայաստանում, որոնցից այսօր  մոտ  2 տոկոսն է պահպանվել: Ավելի ստույգ` մոտ 3-4 հազար հուշարձան,այնուամենայնիվ, դեռ կա: Այն էլ, մեծ մասամբ`  ավերակ: Բայց  մի 2 տոկոսի տեղը դեռ նշմարելի է: Իսկ ամբողջությամբ կանգուն հուշարձանների թիվը, ցավոք, քիչ է:

Ավելի լուրջ գործ, քան այդ 36 հատորյակի հրատարակումն է` նվիրված մեկդարյա տարելիցին և Արևմտյան Հայաստանի գավառներին, հայ իրականության մեջ, որևէ հիմնադրամ կամ պետական կառույց  դեռ չի նախաձեռնել: «Եվ ոչ միայն խոսել, այլև մտածել, թե մի ուրիշ ավելի կարևոր բան արդյոք չե՞նք  մտմտում, անիմաստ է, որովհետև կարևորի կարևորը հենց դա է, որ կա, որն էլ, հիրավի, կյանքի գործ է, այն էլ ոչ թե մի մարդու կյանքի գործ»,- ասում է Ս. Կարապետյանը:

Արևմտյան Հայաստանի 7 հազար գյուղի պատմությունը ներկայացնելը, երևակայեք, թե ինչ է նշանակում: Դա, ի վերջո, 30-35 տարիների  քրտնաջան աշխատանքի արդյունքում հավաքված պատմությունների, փաստերի   նյութականացումն է: Դրան գումարած ամեն տարի տեղի ունեցող գիտարշավները: Տարին` 1-2 գիտարշավ, չափագրություններ, քարտեզագրումներ:

Արևմտյան Հայաստանի հատկապես ո՞ր գավառն է աչքի ընկնում  պատմական հարուստ «ավարով»: Հուշարձանագետի վկայությամբ` Արևմտյան Հայաստանի  75 տոկոսը  կազմող քրդաբնակ շրջաններում շատ ավելի պատմական հուշարձաններ են պահպանվել, քան թուրքաբնակ շրջաններում: Այս փաստը նա հետևյալ կերպ է մեկնաբանում. «Ինչպես քրդաբնակ, այնպես էլ թուրքաբնակ շրջաններում ամեն տեղ գանձախուզություն կա:  Թուրքերն էլ են գանձ որոնում, քրդերն էլ, բայց, ի տարբերություն քրդաբնակ շրջանների,տեսնում ենք, որ թուրքաբնակ շրջաններում հայկական հուշարձանների հետքերը ոչնչացնելն ավելի նպատակամղված է իրականացվել, որովհետև, չէ՞ որ պետությունը Թուրքիա է կոչվում, և նրանք այդ երկրի քաղաքացիներն են, և իրենց մեջ պետական մտածողությունը կա, իրենց մեջ զավթված հայոց հայրենիքն իրենց պետության համար ապահովելու, ամրագրելու մտահոգությունը կա, քրդերը հայրենիքի զգացում չունեն»,- ասում է Սամվել Կարապետյանն ու հավելում, որ առհասարակ գանձախուզության տենդով տառապող քրդաբնակ շրջաններում ոչնչացված հայկական հուշարձանների մեծ մասը նույնպես բանակն է ոչնչացրել:

XX դարավերջին մեզ պատուհասածը դժբախտ պատահար չէր, որ կարողանանք համակերպվել, այլ մի ողջ ժողովրդի բնաջնջելու և նրա  հայրենիքին տեր դառնալու հրեշավոր  ծրագիր, ուրեմն պիտի յուրաքանչյուրս մեր ոլորտում դադար չունենանք, մինչև աշխարհի մեծերը խելքի գան…

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

 

Դիտվել է 2080 անգամ:
Print Friendly

Leave a Reply