Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 19:37

Ապրիլի 21-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ եւ Քսանթի քաղաքներում տեղի ունեցան 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 98-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին հունահայ համայնքային կառույցների կողմից՝ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ:

Աթենքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների հիմնական միջոցառումը, որը կազմակերպված էր ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի եւ ՌԱԿ հայ իրավանց խորհրդի կողմից՝ Աթենքի մարզպետարանի նախաձեռնությամբ, կայացավ «Ռոյալ Օլիմպիկ» հյուրանոցի սրահում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուց­չությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, Հունաստանի քաղաքական կուսակցությունների, նահանգային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների անդամներ, հույն հասարակական գործիչներ եւ լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Հունաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանին, Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Իոանիս Դրաղասակիսը, Ատտիկայի մարզպետի տեղակալ Աննա Պապադիմիտրիու-Ցացուն:

Ելույթով հանդես եկավ միջոցառման նախագահող Հակոբ Ավագյանը, հայ երիտասարդության խոսքը փոխանցեց Լորանս Մենենտյանը:

Ցուցադրվեցին երկու վավերագրական ֆիլմեր՝ Ցեղասպանությունը վերապրածների վկայություններով եւ պատմական լուսանկարներով:

Բանախոսությամբ հանդես եկավ Աթենքի Պանդեո համալսարանի արեւելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Խրիստոտուլոս Յալուրիդիսը:

Հանդիսավոր ձեռնարկին հաջորդեց քայլերթ դեպի Աթենքի կենտրոնական Սինտաղմա հրապարակ, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ Հունաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության դեսպանության, ՀՀ ԶՈՒ, Կիպրոսի Հանրապետության, Հունաստանի խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի,  հունահայ համայնքի եւ Հունաստանի ասորիների միության կողմից ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձանին, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեցին Հունաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության օրհներգերը: Ապրիլի 20-25-ը Աթենքի Քլաթմոնոս հրապարակում գործում է նաեւ ՀՅԴ երիտասարդական միության կողմից կանգնեցված տաղավարը, ուր հայկական երաժշտության ներքո ցուցադրված են Հայոց ցեղասպանության մասին պատմող նկարներ, գրքեր, ձայնասկավառակներ եւ շապիկներ:

Սալոնիկում նահանգային եւ քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ քաղաքի «Ի. Վելիդիս» դահլիճում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, նահանգային եւ քաղաքային իշխանությունների, զինվորականության, քաղաքական կուսակցությունների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ եւ հույն հոգեւոր հայրեր, լրագրողներ:

Հունաստանի վարչապետի անունից միջոցառմանը ողջույնի խոսք ուղղեցին ՝ Մակեդոնիայի եւ Թրաքիայի ապակենտրոնացված իշխանության գլխավոր քարտուղար Աթանասիոս Կարունձուսը, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ Ապոստոլոս Ձիձիկոստան, Սալոնիկի եկեղեցական խորհրդի ատենապետի տեղակալ Գեորգիոս Ցամասլիսը, Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, հայ երիտասարդության ներկայացուցիչ Արթուր Ծատինյանը: Բանախոսեց հայտնի գիտնական, արվեստագետ եւ վերլուծաբան Նիկոս Լիղերոսը:

ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Մինաս Մարտիկյանն ընթերցեց օրվա առիթով ՀՀ դեսպանի ուղերձը:

Այնուհետեւ տեղի ունեցավ քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ կայացավ Հայաստանի դեսպանության, հունական, նահանգային եւ քաղաքային իշխանությունների, Հունական 3-րդ բանակի հրամանատարության, Հունաստանի բանակի վետերանների եւ հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Բանակային նվագախումբը հնչեցրեց Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության օրհներգերը:

Ապրիլի 20-ին կազմակերպվեց նաեւ Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրությունը:

Քսանթի քաղաքում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ներկա էին Քսանթիի քաղաքապետի տեղակալը եւ քաղաքապետարանի խորհրդի անդամներ, ՀՅԴ կենտրոնական եւ տեղական կոմիտեների անդամներ, նախկին պատգամավորներ, զինվորական ղեկավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանի հայ եւ  հույն հոգեւոր հայրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանի խորհրդարանի նախագահի նախկին տեղակալ Պանայոտիս Զղուրիդիսը, Հունահայոց ունահայոցՀՀԱզգային վարչության ատենապետ Արա Մանգոյանը, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ադրիկ Ստեփանյանը: Բանախոսեց գրող-մտավորական Միխալիս Խարալամբիդիսը: Ընթերցվեց նաեւ ՀՀ դեսպանի ուղերձը:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին հունական ԶԼՄ-ներում:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply