«Թուրքերն արդեն պատրաստ սպասում են մեր գործողություններին». Ռուբեն Սաֆրաստյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Հարցազրույց, Շաբաթվա լուր | | April 24, 2013 12:44

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

-Ցեղասպանության  98-րդ տարելիցն է: Ամփոփելով վերջին տարինի՞նչ դիրքերում է  Թուրքիան  իր ժխտողական քաղաքականությամբ:

- Թուրքական ժխտողականությունը պետական մակարդակի  քաղաքականություն է,  և դա, իմ կարծիքով, հասկանալի է: Ինչո՞ւ, որովհետև Թուրքիայի Հանրապետությունը արդյունք է Հայոց ցեղասպանության:

Սա նշանակում է, որ Թուրքիայի Հանրապետությունն իր գոյության ընթացքում  միշտ կշարունակի ժխտել Ցեղասպանությունը: Երկրորդ հանգամանք էլ կա` Թուրքիայի Հանրապետության հիմնադիրները  եղել են  ոչ միայն  Երիտթուրքական կուսակցության անդամներ, այլև անմիջական մասնակցություն են ունեցել և՛ Ցեղասպանությանը, և՛ Ցեղասպանության նախապատրաստմանը: Այնպես որ  չեմ սպասում,  թե Թուրքիայի պետության կողմից  պաշտոնապես կարող է Ցեղասպանության ճանաչում և դատապարտում լինել: Այլ է պատկերը հասարակության մեջ: Մտավորականության, ուսանողների փոքր խումբ կա Թուրքիայում, որը հիմնականում  մեկ-երկու քաղաքում է կենտրոնացած: Նրանք համարում են, որ  հայերից պետք է ներողություն խնդրել Ցեղասպանության համար: Չեմ կարծում, թե նրանց թիվն ավելացել է վերջին տարվա ընթացքում:   Չէի ասի, որ վերջին մեկ տարում էական փոփոխություններ են եղել թե՛ պետական քաղաքականության մեջ,  թե՛ հասարակական մոտեցումներում:

- Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու մտքին:

-  Հայաստանի Հանրապետությունն ընդունել է   ցեղասպանության ճանաչման խնդիրը որպես մեր արտաքին  քաղաքականության օրակարգային խնդիր,  այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում,  ստեղծվել է պետական հանձնաժողով, բայց կարծում եմ, որ աշխատանքներն այս բնագավառում պետք է ակտիվացնենք, որպեսզի հող պատրաստենք խնդիրը գիտական հարթությունից իրավական հարթություն տեղափոխելու համար: Գիտական առումով Հայոց ցեղասպանությունն աշխարհում  ոչ ոք հարցականի  տակ չի դիտարկում: Միայն թուրքերը չեն ընդունում, դա էլ իրենց խնդիրն է:

Գիտական առումով  մենք անցել ենք այն փուլը, որ պետք է աշխարհին համոզենք,  որ եղել է ցեղասպանություն: Պետք է կարողանանք ժողովրդի ուժերը կենտրոնացնել այլ խնդրի լուծման վրա, այն է` հանցագործության համար հատուցում ստանալու, իսկ սա շատ բարդ խնդիր է: Ինչու, որովհետև գործ ունենք պետության հետ, որը ժխտում է Ցեղասպանությունը և ուժեղ, կարևոր պետություն է տարածաշրջանում ու աշխարհում և իր բոլոր ուժերը կգործադրի մեղադրանքի դեմ պայքարելու համար, չի ուզենա հատուցում տալ:

- Իսկ մենք` հայերս, ի՞նչ ենք պահանջում, միայն ճանաչո՞ւմ, թե՞ նաև հատուցում:

- Շատ կարևոր խնդիր է: Իմ անձնական կարծիքով` քանի որ չունենք ընդունված հայեցակարգ, ժամանակն արդեն հասունացել է, որ երկրորդ փուլին անցնենք, քանի որ ճանաչումից հետո հատուցում ստանալն է, իսկ դա կարելի է անել դատական ճանապարհով, միջազգային ատյաններ դիմելով: Բայց պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան դրան դեմ կլինի, ուստի  պետք է շատ լավ նախապատրաստվենք: Պետք է ներգրավել ողջ աշխարհի հայության ներուժը` և՛ պատմաբաններին, և՛ քաղաքագետներին, և՛ իրավագետներին, և՛ հոգեբաններին: Իմ կարծիքով` պետք է ստեղծվի մի խումբ  և լուրջ փաստաթուղթ դնի սեղանին, թե ուր ենք դիմելու, որ ատյանին, երբ ենք դիմելու, ինչպես ենք դիմելու, ինչ մեղադրանքներ ենք ներկայացնելու, ինչ ենք պահանջելու և այլն:

Ի տարբերություն մեզ` թուրքերն արդեն նման հանձնաժողով ունեն: 2001-2002-ին ստեղծեցին փոխվարչապետի  ղեկավարությամբ մշտապես գործող հանձնաժողով, որում  կան  բարձրագույն պաշտոնյաներ, գիտության, հետախուզության, ոստիկանության ներկայացուցիչներ, նույնիսկ արտասահմանցի մասնագետների են հրավիրում:  Անվանումը  մոտավորեպես այս է` «Այսպես կոչված հայոց ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումների դեմ պայքարող հանձնաժողով»: Որքան  կարելի է դատել մամուլի հրապարակումներից,  իսկ նրանք գաղտնի են աշխատում, և քիչ բան է հրապարակվում,  ուսումնասիրում են, թե ինչ քայլեր  կարող ենք ձեռնարկել մենք Թուրքիային մեղադրելու և հատուցում պահանջելու համար: Այսինքն`  նախապես տարբերակներն ուսումնասիրում են:  Եվ համոզված են, որ մեր գործողությունների տարբեր տարբերակների դեմ իրենք արդեն համապատասխան քայլեր ունեն:

- Այսինքն` մենք դեռ չենք սկսելիսկ նրանք արդեն պատրա՞ստ են:

- Մեզ մոտ  հանձնաժողովներ եղել են, աշխատել են, պետք է նրանց աշխատանքը ի մի բերվի: Բայց պետք է  նաև մի պետական հանձնաժողով լինի, որում  ամբողջ հայությունը կլինի, որը ի մի կբերի բոլոր աշխատանքները: Իսկ թուրքերն արդեն նման բան ունեն և պատրաստ սպասում են մեր գործողություններին:

- Վերադառնանք ճանաչման գործընթացին: Վերջին բանաձևը Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին եղել է 2010-ի մարտին, դրանից հետո հաջողություններ կարծես չունենք, բոլոր նախաձեռնությունները  տապալվել են: Հայկական կո՞ղմն է թերանում, թե՞ թուրքական կողմն է ավելի ակտիվացել:

- Գիտեք, ո՛չ հայկական, ո՛չ թուրքական կողմը: Մերձավոր և Միջին Արևելքում զարգացումներն  այնպես ընթացան (արաբական գարունը նկատի ունեմ), որ Թուրքիայի դերը և նշանակությունը շատ մեծացավ, առաջին հերթին ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի համար: Նրանք ուղղակի շահագրգռված են Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնել: Եվ Թուրքիան վարպետորեն  օգտվում է դրանից: Հետևաբար այս տարի էլ չեմ սպասում, որ ԱՄՆ նախագահն իր ամենամյա ուղերձում ցեղասպանություն բառն արտաբերի:

- Իսկ հայկական կողմի  քաղաքականության մեջ ինչ-որ բան կա՞, որ պետք է փոխել:

- Կարծում եմ, որ պետք է Ցեղասպանության ճանաչումը շարունակենք, բայց նաև չմոռանանք Հայկական հարցի դասական կերպարանքի մասին: Զարգացումները  Մերձավոր Արևելքում  հանգեցնում են նրան, որ  չի բացառվում` առաջիկա  տարիներին սկսվի Մերձավոր Արևելքի քաղաքական սահմանների վերաձևում, իսկ այդ սահմանները, որ հիմա կան, ըստ էության առաջացել են Սևրի պայմանագրով: Մասնավորապես, կամաց-կամաց քրդական պետության ստեղծման խնդիրն է հասունանում, իսկ Սևրի պայմանագիրը միակ միջազգային փաստաթուղթն է, որում նշված է Քուրդիստանի մասին, իհարկե, ոչ թե որպես անկախ, այլ ավտոնոմ պետության  Օսմանյան կայսրության կազմում: Ուզած չուզած, վերադառնալու և բացելու են Սևրի պայմանագիրը: Եվ այդտեղ մենք պետք է հիշեցնենք աշխարհին, թե Սևրի պայմանագրով մեզ ինչ է տրվել:  Չպետք է մոռանանք Սևրի պայմանագիրը, Արևմտյան Հայաստանը: Եթե շարունակենք այս ուղղությամբ ջանքեր ներդնել, կարող ենք որոշակի հաջողությունների հասնել: Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ մի օր մեզ,  այսպես ասած, կհրամցնեն Արևմտյան Հայաստանը, բայց ամեն դեպքում  չպետք է թույլ տանք, որ նաև մոռանան:

- 2015-ին ընդառաջ` Հայաստանը և Սփյուռքը որքանո՞վ են միասնական մոտեցումներում, ամեն ոք գիտի՞ իր անելիքը:

- 2015-ը  սիմվոլիկ նշանակություն ունի, բայց դրանով պայքարը չի ավարտվում: Կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել միայն սփյուռքի ուժերով: Օրինակ`  հիմա եվրոպական  մի շարք երկրներում սփյուռքի հայկական կազմակերպությունները մի շատ կարևոր նախաձեռնություն են սկսել,  որ այդ երկրների դպրոցական դասագրքերում մտցվի հիշատակում Հայոց ցեղասպանության մասին, որ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը դառնա համաեվրոպական հիշողության բաղկացուցիչ մաս: Սա շատ կարևոր խնդիր է, և հենց այն խնդիրներից է, որով սփյուռքը պետք է զբաղվի:

Բայց նաև խնդիրներ կան, որոնց դեպքում Հայաստանը պիտի նախաձեռնություն ցուցաբերի, օրինակ` հանձնաժողովի կամ ավելի ճիշտ` գիտնականների խմբի ստեղծումը:

- Իսկ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակն ինչպե՞ս եք գնահատում

- Մենք պետք է միջպետական հարաբերությունները տարանջատենք երկու ժողովուրդների միջև հարաբերություններից: Միջպետական հարաբերություններում երկու հարևան երկրների միջև պետք է գոյություն ունենան նորմալ դիվանագիտական հարաբերություններ և նորմալ գործող սահման: Ժողովուրդներն  իրար հետ ունեն խնդիրներ: Դա բարդ խնդիր է. երկար ժամանակ է պահանջվում, որ թուրքական հասարակությունը դարձի գա և  կարողանա ընկալել, թե ինչ ոճրագործություն է ժամանակին եղել, և դատապարտի, ժամանակակից թուրքին տարանջատի օսմանյան պետության  թուրքից, որն այդ հանցագործությունն է կատարել: Եթե ինքը չի դատապարտում, ուրեմն նույնացնում է իրեն հանցագործի հետ: Ժամանակ է պահանջվում, որ թուրք ժողովուրդը դրան հասնի:

Թուրքիան դեռ 1991-ից, երբ ճանաչեց ՀՀ անկախությունը,  ընտրեց Հայաստանի նկատմամբ ճնշումների քաղաքականությունը, որը  շարունակում է  20 տարուց ավելի: Կարծում եմ, որ ոչ մի պրատակոլ, բանակցություն, գաղտնի բանակցություն չպետք է լինի, այդ ամենն անցել է, Թուրքիան ինչքան կարող էր, այդ իմիտացիան արեց, բոլորին խաբեց: Պետք է հիմա հայտարարի, որ Հայաստանի հետ հաստատում է նորմալ դիվանագիտական հարաբերություններ և սահմանը բացի, սա միակ բանն է, որ Թուրքիան պետք է անի:  Իսկ արձանագրությունները, կարծում եմ, մեռած են և  ոչ մեկին չեն հետաքրքրում, դրանք այլևս  վերակենդանացվելու շանս չունեն:

- Վերջերս Թուրքիայում հայերի նկատմամբ կատարվող  բռնությունները, Երևան-Վան չվերթի հետաձգումը կապվա՞ծ են Ցեղասպանության տարելիցի հետ: Եվ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու էլ ի՞նչ լծակներ ունի:

- Երկորդ հարցից սկսենք.  ինչ կարողանում,  արդեն անում է: Մեկ էլ մի հնարավորություն կա, որ վտարի Թուրքիայում գտնվող մեր հայրենակիցներին: Մի քանի անգամ Էրդողանը սպառնացել է դրանով, բայց աշխարհն այնքան բացասական վերաբերմունք ցուցաբերեց դրան, որ նա  երևի «լեզուն կծեց»: Թուրքիան ինչ  կարողանում է, Հայաստանի դեմ անում է, և դա անում է արդեն երկու տասնամյակից ավելի:

Չվերթի կասեցումը ես համարում եմ քայլ, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ: Զուտ կոմերցիան չվերթը փորձեցին վերածել քաղաքական լծակի Հայաստանի դեմ ճնշումներ գործադրելու համար: Որ ցույց տան` տեսեք` ուզենանք` կլինի, չենք ուզում` չի լինի: Ադրբեջանի բողոքն էլ  դեր խաղաց: Բայց հիմնականում թուրքերը ցույց են տալիս, որ մեզ հետ հարաբերություններում իրենք են խաղի կանոնները որոշում:

Ինչ վերաբերում է հայերի վրա հարձակումներին, կարծում եմ` դրանք ուղղված են ոչ միայն հայերի, այլև ընդհանրապես քրիստոնյաների դեմ:  Ներկայիս կառավարությունը իսլամամետ  է: Այդ ֆոնի վրա Թուրքիայում ուժեղանում են իսլամամետ ծայրահեղական տրամադրությունները` ուղղված ընդհանրապես քրիստոնյաների դեմ: Պատահական չէ, որ վերջին տարիներին  Թուրքիայում պարբերաբար քրիստոնյաների սպանություններ են տեղի ունենում: Հետևյալ հանգամանքը ևս պետք է հաշվի առնենք. Թուրքիայում հայերի նկատմամբ,  մանավանդ վերջին տարիներին, ձևավորվում է մթնոլորտ, թե  հայերը հատուցում են ուզում, հայերը անշնորհակալ են, օսմանյան կայսրությունում այդքան լավ պահեցինք, բայց հայերը ապստամբեցին:

Մի հանգամանք էլ կա` Հալեպի հայ համայնքը: Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում տարբեր նպատակներ ունի, դրանցից մեկն էլ այն է, որ ազատվի Հալեպի հայ համայնքից, քանի որ այդ համայնքը շատ ակտիվ է եղել և կարևոր դեր է ունեցել Ցեղասպանության ճանաչման պայքարում: Կան տվյալներ, որ Թուրքիայի իշխանությունները ծրագրեր են մշակում, որ հարմար առիթի  դեպքում  հայերին քշեն Հալեպից և այդ գլխացավանքից  ազատվեն:

Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է ոչ  միայն Ցեղասպանության  առնչությամբ կեղծելուն, խաբելուն իր ժողովրդին, այլև հայերին ճնշելուն. թույլ չտալ, որ հայերն իրենց ապահով զգան և հնարավորության դեպքում տեղափոխել այդ քաղաքականությունը երկրի սահմաններից դուրս: Ինչը հիմա անում են:

Դիտվել է 2275 անգամ:
Print Friendly

Leave a Reply