Հանրային խորհրդում քննարկվել են քաղավիացիայի, գյուղատնտեսության, նոր երկաթգծի կառուցման և այլ հարցեր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2013 14:29

Ապրիլի 18-ին  տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարում էր ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

ՀԽ նախագահը Հանրային խորհրդի անդամներին նախ ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագիրը՝ ըստ որի, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, հաշվի առնելով Հանրային խորհրդի անդամների լիազորությունները 2013 թ. հունիսի 2-ին դադարելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ ՀԽ կարգավիճակը սահմանվելու է օրենքով, ՀԽ գործունեությունը երկարաձգվելու է ևս 6 ամսով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 2-ը:

Այնուհետև ներկաներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը: Առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի ազգային ավիափոխաղրողի և քաղավիացիայի խնդիրներին: ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրեց ոլորտի վերաբերյալ մշակվող փաստաթղթի հիմնական դրույթներն ու սկզբունքները: Սկզբունքներից մեկն էլ վերաբերում է ՀՀ ազգային ավիափոխադրող ունենալուն, որը կարող է լինել ոչ միայն մեկը, այլ մի քանիսը՝ պետական և մասնավոր:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Հանրային խորհրդում տեղի էր ունեցել «Հայաստանի քաղավիացիայի հեռանկարները» թեմայով լայն քննարկում՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ և որոշվել էր քննարկման ընթացքում հնչած տեսակետների հիման վրա մշակել փաստաթուղթ և ներկայացնել ՀՀ Նախագահին ու Կառավարությանը:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր գյուղատնտեսությանը: ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը ներկայացրեց ՀՀ արոտավայրերի արդյունավետ օգտագործման հարցը՝ անդրադառնալով նաև Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից վարելահողերի օգտագործման խնդրին: Նրա կարծիքով՝ թե՛ արոտավայրերի օգտագործման և թե ՛օտարերկրարցիների կողմից ոլորտում ներդրումներ կատարելու հարցերը պետք է լուծվեն   իրավական մեխանիզմների միջոցով:

Քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտի այլ հիմնախնդիրներ՝ այդ թվում գյուղմթերքի թերարտադրության, իրացման, վարկավորման, սուբսիդավորման, տեխնիկայի ներկրման և տրամադրման, գյուղացու կրած վնասի մի մասը պետության կողմից փոխհատուցվելու և ընդհանրապես ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրման հարցը:

Վազգեն Մանուկյանը կարևորեց նաև պետության աջակցությունը գյուղմթերքի արտահանման գործում: Բարձրացվեց ոլորտում մրցակցության ապահովման հարցը:

Այնուհետև ներկաներն անցան օրակարգի մյուս հարցի քննարկմանը, որը ներկայացրեց ՀԽ անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հարցը վերաբերում էր «Վանաձոր-Ֆիոլետովո» երկաթգծի կառուցման հնարավորությանը: Սաֆարյանը տեղեկացրեց, որ հարցի վերաբերյալ իրենց հանձնաժողովում նույն օրը տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումային  հարցերի պատասխանատուն, «Սիբհիպրոտրանս» նախագծային ընկերության երևանյան մասնաճյուղի տնօրենն ու գլխավոր ինժեները, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության երկաթգծի վարչության պետը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետը, ինչպես նաև ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի երկաթգծի փորձագետներ:

«Հարավկովկասյան երկաթուղու» ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենց պատվերով «Սիբհիպրոտրանս» նախագծային ընկերությունը 12 նախագծային հիմնավորում է ներկայացրել: Որոշվել է արդյունավետ տարբերակի ընտրության հարցում հանձնաժողովում քննարկումները շարունակել և ներկայացնել ՀՀ կառավարությանը:

Սաֆարյանի համոզմամբ՝ «Վանաձոր-Ֆիոլետովո» երկաթգծի կառուցումը անհրաժեշտ բեռնաշրջանառության առկայության դեպքում ռազմավարական նշանակություն կունենա:

Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց նաև հանձնաժողովում քննարկված ևս մեկ հարց՝ կապված կաշվե հումքի մթերման և հանրապետությունում վերամշակման ու օգտագործման խնդիրների հետ:

ՀԽ անդամ Գագիկ Մանասյանը ներկայացրեց օրակարգի հաջորդը հարցը, որը վերաբերում էր զինանշանների ստեղծմանն ու օգտագործմանը: Նրա խոսքով՝ օրենքը թույլ է տալիս, որ ամեն համայնք ունենա իր զինանշանը, սակայն չկա որևէ մարմին, որը քննարկի, մասնագիտական եզրակացություն տա այդ ամենի վերաբերյալ: Մանասյանի խոսքով՝ կա նախաձեռնող խումբ, որն առաջարկում է ստեղծել զինանշանագիտության հասարակական խորհուրդ, որը յուրաքանչյուր խորհրդանշանի ստեղծումից առաջ այն կդնի հանրային քննարկման, դրա վերաբերյալ որոշում կկայացնի՝ կարգավորելով ոլորտը:

Վլ. Մովսիսյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ մի խումբ մտավորականներ՝ այդ թվում նաև ինքը, դիմել են ՀՀ նախագահին՝ ՀՀ օրհներգն ու զինանշանը վերանայելու առաջարկով: Մովսիսյանն, օրինակ, գտնում է, որ հայոց օրհներգը պետք է լինի Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա, իսկ զինանշանը՝ Մարտիրոս Սարյանի նկարչության:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանը ներկայացրեց ՀՀ նախագահին ուղղված իր առաջարկները՝ նպաստել, որ ընտրություններից հետո ձևավորվող կառավարության ծրագրում ընդգրկվեն հետևյալ դրույթները. պայմաններ ստեղծել, որ Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարողանան առավել արդյունավետ ու առավել մատչելի ձևով հաղորդակցվել համացանցային որակյալ ծառայություններից, IP տեսաձայնային հեռակապից և տեղեկատվական շտեմարաններից: Առաջարկվում է նաև կառավարության աջակցությամբ Հայաստանում, Արցախում, Ջավախքում և Սփյուռքում ձևավորել անհրաժեշտ սարքավորումներով հագեցած, բարձր կապուղիներով համացանցից օգտվող հեռահաղորդակցման կենտրոններ և այլն:

Նիստի օրակարգային հարցերը պետք է մշակվեն ու ներկայացվեն Հանրային խորհրդի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը, որտեղ դրանց վերաբերյալ վերջնական որոշումներ կկայացվեն՝ քվեարկության միջոցով:

Դիտվել է 655 անգամ:
Print Friendly

Leave a Reply