Տիգրան Սարգսյանն ընդունել է Միրոսլավ Լայչակին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 10, 2013 15:25

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Սլովակիայի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ձեր այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մենք դրանում շահագրգռված ենք: Համոզված ենք, որ առկա է հայ-սլովակյան հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, առաջին հերթին տնտեսական ոլորտում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Միրոսլավ Լայչակը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական համագործակցությունը և նշել, որ այն լավ հիմք կարող է հանդիսանալ տնտեսական ոլորտում կապերի զարգացման համար: Սլովակիայի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել այս օրերին Երևանում անցկացվող հայ-սլովակյան բիզնես ֆորումի արդյունքներից, ինչը, նրա կարծիքով, մեծապես կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության մակարդակի զգալի բարձրացմանը:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են դեղագործության, ոսկեգործության բնագավառներում կապերի սերտացմանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքներին սլովակյան ընկերությունների հնարավոր մասնակցությանն առնչվող հարցեր:
«Մենք հետևում ենք Ձեր երկրի առաջընթացին, ցանկանում ենք շնորհավորել Ձեզ՝ հատկապես եվրաինտեգրման ճանապարհին զգալի արդյունքների հասնելու համար: Տեսնում ենք, որ Հայաստանը նպատակային և հետևողական կերպով զարգացնում է իր համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ առանց որևէ խնդիրների: Ուրախ եմ, որ Ձեր երկիրն Արևելյան գործընկերության ծրագրի հաջող մասնակիցներից մեկն է, ինչը կհաստատվի նաև տարեվերջին կայանալիք վիլնյուսյան գագաթնաժողովում»,- ասել է Սլովակիայի ԱԳ նախարարը:
Վերջինս իր երկրի օժանդակությունն է հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների հաջող իրականացման և եվրոինտեգրման գործընթացում:
Հանդիպման ընթացքում Միրոսլավ Լայչակը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Սլովակիայի վարչապետի ջերմ ողջույնները, ինչպես նաև Սլովակիա այցելելու հրավերը:

Դիտվել է 545 անգամ:
Print Friendly

Leave a Reply