Էլեկտրոնային հաշիվը չեղյալ համարելու և էլեկտրոնային ստորագրությունը հետ կանչելու համար հարկ վճարողներին տրվում է 1 ժամ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 28, 2013 11:17

Ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնեն «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2010 թ.-ի նոյեմբերի 11-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները:

Ըստ այդմ՝ կրճատվում է էլեկտրոնային հաշիվը չեղյալ համարելու և ստացված հարկային հաշիվը վավերացնող էլեկտրոնային ստորագրությունը հետ կանչելու համար հարկ վճարողներին տրված ժամկետը` ներկայիս 24 ժամվա փոխարեն սահմանելով 1 ժամ:

Մասնավորապես, Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգում սահմանվել է, որ ինտերնետային հարկային հաշիվը դուրս գրողի կողմից կարող է հայտարարվել չեղյալ` դուրսգրման պահին հաջորդող 1 ժամվա ընթացքում, եթե հարկային հաշիվը չեղյալ համարելու պահին տվյալ հարկային հաշիվը վավերացված չէ տվյալ հարկային հաշվով ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ:

Հարկ վճարողն իրավունք ունի հաստատման պահին հաջորդող 1 ժամվա ընթացքում հրաժարվելու էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշվից` հետ կանչելու էլեկտրոնային հարկային հաշվի իր ստորագրությունը:

Կառավարության ընթացիկ տարվա մարտի 7-ի նիստում ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեն հիշյալ փոփոխությունների ընդունումը հիմնավորվել էր այն հանգամանքով, որ դուրսգրված էլեկտրոնային հարկային հաշիվները չեղյալ համարելու համար տևական ժամանակահատվածի տրամադրումը հարկ վճարողներին գործնականում հնարավորություն է տալիս մատակարարված ապրանքը հարկային հաշիվների չեղյալ համարման համար հատկացված 24 ժամվա ընթացքում հասցնել հանրապետության ցանկացած վայր և դրանից հետո չեղյալ համարել դուրսգրված հարկային հաշիվը՝ քողարկելու համար հարկման հիմք հանդիսացող իրական շրջանառությունները:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply