Դամասկոսում տեղակայված Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում տեղի ունեցած մեքենայի պայթյունից զոհվել է 53 և վիրավորվել 200 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 9:39

Սիրիական հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ չորեքշաբթի Դամասկոսի կենտրոնում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում, մեքենայի մեջ տեղադրված պայթուցիկի պայթյունից զոհվել է 53 և վիրավորվել 200 մարդ:
Ըստ պետական լրատվամիջոցների պայթյունը իրականացրել էր Բաշար ալ-Ասսադի դեմ պայքարող մահապարտ ահաբեկիչը:
Դամասկոսի կենտրոնական հատվածը ծայրամասերի համեմատությամբ մեկուսացված էր պահվում արդեն երկու տարի տևող և 70,000 մարդու կյանք խլած քաղաքացիական պատերազմի գործողություններից:
Ընդդիմության ակտիվիստների տեղեկություններով պայթյունի զոհերի մեջ կան խաղաղ քաղաքացիներ՝ ներառյալ երեխաներ, որոնք հավանաբար մատակայքում գտնվող դպրոցի աշակերտներ են: Ակտիվիստները տեղական ժամանակով առավոտյան ժամը 11-ին տեղի ունեցած պայթյունին զուգահեռ նաև այլ պայթյուններ են գրանցել քաղաքի տարբեր հատվածներում:
Ռուսական Իտար-Տասս լրատվական գործակալությունը, մեջբերելով ռուս դիվանագետի խոսքերը, հայտնում է, որ պայթյունի հետևանքով ջարդվել են ռուսական դեսպանատան պատուհանների ապակիները, սակայն աշխատակիցների շարքում տուժածներ չկան:
Դամասկոսի քաղաքապետը Reuters-ին հայտնել է, որ մեքենայի մեջ եղել է 1-1,5 տոննա պայթուցիկ:
Ըստ պաշտոնական տվյալների Սիրիայի հակամարտությունը սրվել է վերջին շաբաթների ընթացքում, որի հետևանքով բնակչության մեծ արտահոսք է տեղի ունենում դեպի հարևան Հորդանան: Հորդանանի ռազմական ուժերի տեղեկություններով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում երկիր են ժամանել 4,288 փախստականներ:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply