Քրեական օրենքը հետադարձ ուժ ունի՞

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 7, 2013 7:02

 Քրեական օրենքի հետադարձ ուժի հիմնախնդիրը համարվում է քրեական իրավունքի և դատավարության առանցքային հարցերից մեկը, քանի որ դրանով լուծվում է, օրինակ, դատապարտյալի կողմից անազատության մեջ գտնվելու ժամկետի հարցը:  Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնը, որի համաձայն` արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են այն կատարելու ժամանակ գործող օրենքով, ձեռք է բերել նաև բացառություն, որը ձևակերպված է ՀՀ քրեական օրենսգրքի   13-րդ հոդվածի 1-ին մասում. «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում այն անձանց վրա, որոնք կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն դատվածություն ունեն»:

Քրեական նոր օրենքին հետադարձ ուժ է տրվում 3 դեպքում`

  1. եթե նոր օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում),
  2. եթե նոր օրենքը մեղմացնում է պատիժը,
  3. եթե նոր օրենքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը:

Նոր քրեական օրենքը համարվում է արարքի հանցավորությունը վերացնող, եթե այդ օրենքով հանցագործություն չի համարվում այն արարքը, որը նախկինում օրենքով հանցագործություն էր համարվում (լրիվ ապաքրեականացում):

Բացի այդ, նոր օրենքը համարվում է արարքի հանցավորությունը վերացնող նաև մասնակի ապաքրեականացման ժամանակ, երբ արարքը չի դադարում հանցագործություն լինելուց, սակայն հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է:

Նոր քրեական օրենքը համարվում է պատիժը մեղմացնող, եթե`

  • սանկցիայում նախատեսված պատժի նվազագույն և առավելագույն չափերը միաժամանակ իջեցվում են,
  • նվազագույն չափը մնում է նույնը, առավելագույնը` իջեցվում,
  • առավելագույնը թողնվում է նույնը, նվազագույնն իջեցվում է,
  • սանկցիայում նախատեսված պատժատեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատժատեսակով,
  • սանկցիայում նախատեսված պարտադիր լրացուցիչ պատժատեսակը վերացվում է կամ վեր է ածվում ֆակուլտատիվի,
  • նոր օրենքով նախատեսվում է երկընտրելի առավել մեղմ պատժատեսակ:

Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը:

Իսկ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքն այն օրենքն է, որը չի վերացնում արարքի հանցավորությունը և չի մեղմացնում պատիժը, սակայն քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու կարգի ու պայմանների հետ կապված առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցանք կատարած անձի համար: Օրինակ` եթե նոր օրենքը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ավելի կարճ ժամկետ է նախատեսում, ապա այդ նույն օրենքը պետք է համարել հանցանք կատարած անձի վիճակը բարելավող և դրան հետադարձ ուժ տալ:

Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ինչը նշանակում է, որ այդպիսի օրենքը չի կարող կիրառվել այն հանցագործությունների կապակցությամբ, որոնք կատարվել են մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը:

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1882 անգամ:
Print Friendly

Leave a Reply